Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը․ ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ պետի հայտարարությունը

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը հայտարարություն են տարածել․

Սիրելի հայրենակիցներ,


Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով։ Այն աննախադեպ էր նաև այն տեսանկյունից, որ մեր բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10-ը միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցության և լիարժեք ու անվերապահ քաղաքական, ռազմական ու դիվանագիտական աջակցության, ինչպես նաև մի քանի հազար վարձկան-ահաբեկիչների դեմ։

Ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները եկել են համաձայնության, որի բովանդակությանն արդեն ծանոթ եք։ Պատերազմը լիարժեք չի ավարտվել, և մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են։ Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա։ Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը։

Մենք պարտավոր ենք գտնել մեր բոլոր հերոսների մարմիններն ու նրանց, զինվորական պատվով, հողին հանձնել։ Մենք պարտավոր ենք փորձել սփոփել մեր հերոսածին մայրերի ցավն ու բուժել վիրավորների վերքերը։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բանակի ներուժն ու առավել ամրացնել այն՝ վերածելով գերժամանակակից ու գերմարտունակ մի բռունցքի։ Պատերազմն ավարտվում է։ Բանակն իր անելիքն արել է և շարունակելու է անել անմնացորդ։

Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և, դասեր քաղելով գործած հնարավոր բոլոր սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ, որին արժանի է մեր հերոսական ժողովուրդը։