Ինչո՞ւ են երեխաները սկսել ծանր տանել քովիդը. մասնագետի բացատրությունը

Հայաստանում կորոնավիրուսն արդեն սկսել է ծանր ընթանալ նաև երեխաների մոտ: Եթե նախորդ տարի կամ վարակի ակտիվ փուլերի ընթացքում երեխաների շրջանում հիվանդությունը թեթև էր ընթանում, ապա այժմ այդպես չէ: Օրեր առաջ Երևանի պետական բժշկական կամալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարեց, որ միայն «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա։ Փոքրիկներից 1-ի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում էր, 7 երեխայի վիճակը՝ ծանր, թթվածնակախյալ և 8-ի վիճակը՝ կայուն: 

Սա միայն մեկ բուժհաստատության տվյալներն են, առողջապահության նախարարությունը չի հրապարակում քովիդ կենտրոններում բուժում ստացող անձանց տարիքային խմբերի ու հիվանդության ընթացքի մասին տվյալներ:

Մանկաբույժ Լիլիթ Մարությանն իր աշխատանքի ընթացքում ևս նկատել է՝ երեխաները սկսել են ծանր տանել այս հիվանդությունը, և դա, ամենայն հավանականությամբ, վիրուսի շտամի անընդհատ փոփոխության հետևանք է:

«Այո՛, պանդեմիայի սկզբնական շրջանում մենք տեսնում էինք, որ երեխաները բավական թեթև էին տանում և վիրուսը, և հիվանդությունը, սակայն որոշ ժամանակ անց՝ երեխաների մոտ արդեն զարգանում էր բազմաօրգան բորբոքային համախտանիշ: Այդ երևույթը կա արդեն մեկ տարի: Բազմաօրգան բորբոքային համախտանիշը, ըստ մասնագետի, անոթների, մի քանի տարբեր օրգանների բորբոքում է, ինչը ազդում է երեխայի սրտի վրա»,- «Մեդիալաբին» ասում է Լիլիթ Մարությանը:

Հիմա սակայն, երեխաների մոտ հիվանդության ընթացքի փոփոխություն է նկատվում ու ավելի ծանր ընթացք: Երեխաների մոտ կորոնավիրուսի նման բարդությունների ի հայտ գալը, ըստ մասնագետի, հավանաբար վիրուսի մուտացիայի հետևանք է: Նրա խոսքով՝ դա դեռ գիտականորեն ապացուցման կարիք ունի:

«Մենք այժմ դա նկատում ենք մեր պացիենտների մոտ: Դա թեթև բան չէ, պետք է աչալուրջ լինել, քանի որ հիմա ընդհանուր հիվանդացությունն է աճել: Երեխաների մոտ խնդիրները սկսեցին ակնառու լինել ու ավելի սուր արտահայտվել՝ բարձր ջերմություն, թոքերի բարդություն, թթվածնի պահանջ: Բացի այդ, հիմա շնչառական վիրուսներն են գլուխ բարձրացրել»,- ներկայացնում է մանկաբույժը:

Մասնագետը հորդորում է ծնողներին ժամանակին դիմել բժշկի, ախտորոշել և հետո միայն սկսել բուժել: «Եթե ուշ ախտորոշվի, կարող է հանգեցնել սրտի անդառնալի հետևանքների»,- նշում է նա:

«Այս վիրուսը նոր է, անընդհատ շրջանառվում է և ենթարկվում մուտացիայի: Այս պարագայում որքան դանդաղ ընթանա պատվաստումային գործընթացը, այնքան մուտացիաների հավանականությունը բարձր է: Դա ապացուցված բան է: Այսինքն՝ վիրուսը ման է գալիս օրգանիզմ, որը չունի հակամարմին կամ քիչ հակամարմիններ, ու իր համար այդ օրգանիզմը դառնում է շատ խոցելի օբյեկտ՝ ուժեղանալու ու ավելի ակտիվ շրջանառվելու համար: Հետևաբար, ինչքան քիչ լինեն պատվաստումը ու առանց հակամարմինների օրգանիզմները, այնքան նոր մուտացիաներ ենք տեսնելու»,- բացատրում է Լիլիթ Մարությանը:

Հայաստանում 12 տարեկանից բարձր երեխաների մոտ պատվաստումը, որը մեկնարկել է մի քանի օր առաջ, կամավոր է: Առողջապահության նախարարության տվյալներով՝ արդեն 50 երեխա է պատվաստվել:

Մանկաբույժ Լիլիթ Մարությանն ասում է՝ ունի պացիենտներ, ովքեր բազմիցս հետաքրքրվել են՝ երբ է հնարավոր լինելու պատվաստել նաև երեխաներին, բայց կան նաև պատվաստումները կտրուկ մերժող պացիենտներ: 

«Հետաքրքիր է, որ ծնողները սովորական դեղերի կողմնակի ազդեցության հանդեպ ուշադիր չեն, բայց, չգիտես ինչու, պատվաստումների կողմնակի ազդեցության մասին չստուգված, հաճախ՝ միֆային տեղեկություններ են փոխանցում: Մինչդեռ պատվաստումներն արդեն բազմաթիվ երկրներ են փորձարկել, ավելին՝ մենք տեսնում ենք դրա դրական ազդեցությունը: Մեկ բան շատ հստակ է՝ մինչև երեխաների շրջանում չանցկացվեն պատվաստումներ, այս շղթան չի կոտրվի: Այլապես մենք կունենանք խոցելի զանգված, որը մուտացիաների աղբյուր կդառնա»,- նշում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am