Տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող ընկերությունները կստանան պետական աջակցություն

Կառավարությունը նախատեսում է տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին տրամադրել պետական աջակցություն։ Միջազգային կառույցների կողմից մշակված ցուցիչների համաձայն առանձնացվելու են այն ապրանքները, որոնց արտադրությունը համարվում է տնտեսապես բարդ։

Այդ ժամանակ հաշվի է առնվում ապրանքների արտադրության մեջ գիտատարության աստիճանը, արտահանման հնարավորությունները, միջազգային առևտրի կառուցվածքում հարաբերական մրցակցային առավելությունը, ինչպես նաև այն, որ տվյալ ապրանքներ աշխարհում քիչ երկրներ են արտահանում և այլն։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նշեց, որ նպատակ ունեն նման ապրանքներ արտադրող ընկերություններին աջակցելով, նպաստել արտադրությունների արդիականացմանը, ինչպես նաև արտահանման դիվերսիֆիկացիային։   

«Հիմնական ակնկալիքը տնտեսվարողների արտադրությունների արդիականացնումն է՝ հոսքագծեր, սարքավորումներ, արտադրամասեր։ Այստեղ խոսքը կապիտալ ներդումների մասին է, ինչն էլ հենց ենթադրում է արտադրության ենթակառուցվածքների արդիականացում։ Հաջորդ նպատակը արտահանման դիվերսիֆիկացիան է։ Այսինքն՝ արդյունքում ակնկալում ենք ունենալ նոր որակի ապրանքներ, որոնք կլինեն մրցունակ և առաջխաղացում կգրանցվի արտահանման գծով»,-ասաց Անի Իսպիրյանը։  

Տնտեսվարողներին աջակցությունը տրամադրվելու է հետևյալ կերպ։ Ծրագրով առաջարկվում է սահմանել ներդրումների ծավալի նվազագույն շեմ՝ 1 մլրդ դրամ, ընդ որում ներդրումները պետք է իրականացված լինեն աջակցման մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո։ Ծրագրի շրջանակում աջակցությունը տրամադրվելու է 3 փուլով։ Առաջին փուլում, երբ ներդրողը կսկսի իր արտադրությունը, կտրամադրվի աջակցություն կատարված ներդրումների 10 տոկոսի չափով։ Երկրորդ փուլում, երբ ընկերության արդեն իրացումը կհասնի կատարված ներդրումների 10 տոկոսին, ապա այդ դեպքում կտրվի 5 տոկոսի չափով աջակցություն, 3-րդ փուլում կառավարությունը նախատեսում է տրամադրել շահութահարկի 100 տոկոսի, եկամտահարկի 50 տոկոսի չափով գումար։ 

«Ի դեպ, այս վերջին փուլի աջակցությունը կարող է տրվել այնքան ժամանակ, մինչև աջակցության ընդհանուր չափը հասնի կատարված ներդրումների 20 տոկոսին։ Այստեղ ուզում եմ ընդգծել, որ ծրագրի շահառու լինելու համար ապրանքների ծագման երկիրը, ներդրումների կատարման վայրը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը»,-ասաց նախարարի տեղակալը։   

Նա տեղեկացրեց, որ նշված ապրանքների ցանկը կհաստատվի մինչև նոյեմբերի վերջ ու այդ ժամանակ էլ տնտեսվարողները կարող են դիմել նախարարություն ծրագրի շահառու դառնալու նպատակով։ Տնտեսվարողները հետ ստացած գումարները կարող են տնօրինել ինչպես ցանկանում են։