Վստահ եմ՝ լայնածավալ պատերազմն անխուսափելի է, ցավով եմ նշում, որ թշնամին պատրաստվում է ավելիին. Միջազգայնագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, Ներքին Հանդի սահմանային ագրեսիայից հետո մենք կրկին ականատես եղանք միջազգային հանրության կողմից հնչող զսպվածության կոչերի՝ ուղղված և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին։ Էական այլ ակնկալիքներ պե՞տք է ունենալ կոչերից անդին, թե՞ չէ։

– Նախ թույլ տվեք ասել, թե այն ինչ տեղի ունեցավ Ներքին Հանդում. Հայաստանի սուվերեն տարածք ապօրինաբար ներխուժած ադրբեջանական միավորները, որոնք հենակետեր են տեղադրել հայկական սուվերեն տարածքում, հենց այդտեղից կրակ են արձակել՝ անունն էլ դնելով «Հատուցում» գործողություն։ Նման դեպքերում շատ վատ միտումն այն է, որ միջազգային հանրությանը ներկայացվում է, որ հայաստանյան կողմն է թերացել կամ նախահարձակ եղել, ինչի հետևանքով էլ դա տեղի է ունեցել։ 

Ամենավատ նարատիվը հենց դա է, ու որևէ կերպ չի նշվում՝ ի՛նչն է ստիպել տվյալ դեպքում մեր զինվորներին նման քայլի դիմելու, այսինքն՝ հավուր պատշաճի չի ներկայացվում պատճառը, և երկրորդը՝ շեշտադրումը չի դրվում առ այն, որ նրանք այդ գործողություններն իրականացրել են Հայաստանի սուվերեն տարածքում։ 

Ինչ վերաբերում է ձեր բուն հարցադրմանը․ Բորելն, այո՛, ասաց, որ անհամարժեք է, գնահատականներ հնչեցին, կոչեր, Ռուսաստանը՝ Պեսկովի շուրթերով, երկկողմ սթափության կոչեր հնչեցրեց։ Սա նորմալ, ստանդարտ գործընթաց է, նույնիսկ պատերազմի ժամանակ, երբ ակնհայտ ագրեսիա ու ռազմական հանցագործություններ էին կատարվում Արցախի հանդեպ, նույն աշխարհը՝ միջազգային հանրությունը, նույն այդ կոչերով էր հանդես գալիս, իսկ խնդիրը հենց դա է, որ որպես այդպիսին՝ գործնական որևէ քայլ չի արվում։ 

Լավագույնն այն է, որ մենք ունենք ԵՄ-ի կողմից ուղարկված դիտորդական առաքելություն, որը, հասկանալի պատճառով, չի կարող սահմանի ամբողջ երկայնքով մշտադիտարկում իրականացնել ու հստակ գնահատական տալ: 

Բնականաբար, սա նաև ցույց տվեց, որ նրանց թիվը շատ չնչին է, որպեսզի նման դիտարկումը ճշգրիտ կատարվի, երկրորդը՝ նրանք ռազմական որևէ միջամտության իրավունք չունեն, իսկ ինչ վերաբերում է, որ նման միջադեպերն առհասարակ բացառելու համար մեխանիզմներ կգործադրվեն, ցույց տվեց, որ դա շատ թույլ գործիք է այս պահի դրությամբ։ Ստացվում է, որ մենք հույսներս պետք է դնենք հայոց բանակի վրա, որևիցե արտաքին օգնություն, միջնորդություն չկան, չեն էլ լինելու, կոնկրետ ձեր հարցին պատասխանում եմ։  

– ՀԱՊԿ-ը համարում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման հավանականությունը մեծ է, այս հայտարարությունն ինչպե՞ս եք գնահատում, ու ո՞րն է նման հայտարարության հեռահար նպատակը։

– ՀԱՊԿ-ի մասով կարող եմ հետևյալն ասել. երբ օրեր առաջ Զախարովան հայտարարում էր, որ եթե Հայաստանը ժամանակին ընդուներ ՀԱՊԿ-ի առաջարկը, ապա նման միջադեպերի ականատեսը չէինք դառնա, ով գիտի, հիմա դա նաև ցուցիչն է նրա, որ տեղի ունեցողը բացառապես մեր մեղքի բաժինն է, ու, հետևաբար, ՀԱՊԿ-ը այն միակ ռազմաքաղաքական դաշինքն է, որի անդամ լինելով՝ Հայաստանը կարող էր ապահովագրել իրեն։ Բայց սրանք երկակի ստանդարտներով հայտարարություններ են, որը դեռ շատ վաղուցվանից լսում ենք ու դեռ կլսենք։ 

ՀԱՊԿ-ի մասնակցությունը կամ օժանդակությունն այս պահին ես էլի չեմ դիտարկում, առավելևս, երբ մենք ունենք սառը հարաբերություններ, այսինքն՝ չճշգրտված, վերջնականապես չհստակեցված հարաբերություններ այդ ռազմաքաղաքական կառույցի հետ՝ լինելով դրա անդամ։ 

– Այսինքն՝ ՀԱՊԿ-ից ռեալ օգնություն սպասել պետք չէ՞։

– Եթե խոսում ենք ռեալ պոլիտիկից՝ ո՛չ, մանավանդ երբ ռուսական կողմն ասում է, որ դուք պարտավոր եք այդ դեպքում դիմել, խնդրել ՀԱՊԿ-ին, որ ՀԱՊԿ-ը նոր արձագանքի։ Իսկ մենք նման նախադեպ ունեցել ենք, դուք էլ գիտեք՝ վերջնարդյունքն ինչ է եղել: 

Այդուհանդերձ, դա առիթ չէ, որ մենք հիմա պետք է նեղացկոտի դիրքերից ելնելով՝  բացառենք ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերությունները, զորավարժությունները և այլն։ Քաղաքականության  մեջ նեղացկոտ դիրքը չի ընդունվում, ընկալվում, մանավանդ որ, այդ կառույցից դուրս չենք եկել, նման որոշում էլ չկա։  

– Պարո՛ն Կարապետյան, այսինքն՝ իրական քաղաքականության մեջ մենք այս պահին աջակիցներ չունե՞նք։ 

– «Անվտանգության բարձիկներ» ամբողջ աշխարհն է մեզ տրամադրում՝ և՛ հավաքական Արևմուտքը, Իրանից ենք լսում հայտարարություններ պետական մակարդակով, որը բացառում է ցանկացած տարածքային ամբողջականության խախտում, մասնավորապես Հայաստանի դեպքում։ 

Այս ամենը տեսնում ենք, բայց գործնականում, նորից եմ ասում, մենք չենք տեսել որևիցե օգնություն, օժանդակություն։ Լավագույն դեպքում տեսել ենք միայն Սյունիքում Իրանի հյուպատոսարանի մասնաճյուղի բացում Կապան քաղաքում ու նույնը Ռուսաստանի պարագայում։ Դա ինչ-որ կերպ կարող է օգնել, որ թշնամին հանկարծ օկուպացիաների չգնա Սյունիքի հանդեպ, գուցե, որովհետև չի կարող այդուհանդերձ հաշվի չնստել նման երկրների հետ, բայց եթե կարող են լինել հետկուլիսային պայմանավորվածություններ, այդ դեպքում ոչինչ չի բացառվում։ 

– Իսկ բացառո՞ւմ եք, որ Ադրբեջանը գնալու է լայնածավալ ռազմական գործողությունների։

– Ես վստահ եմ, որ լայնածավալ պատերազմն անխուսափելի է, ցավով եմ նշում, բայց դեպքերի զարգացումը, Ալիևի բացահայտ ու հեգնական խոսույթի մեջ նկատելի է, որ թշնամին պատրաստվում է ավելիին։ Արցախը մարսելուց հետո Ալիևը ձգտում է ավելիին, որովհետև նրա գերնպատակն այսօր Սյունիքն է, Սևանի արևելյան ափի զավթումն ու ութ «անկլավը» վերցնելը։ Այսինքն՝ թշնամին շատ անկեղծ ասում է իր ցանկությունների մասին։ 

-Լայնածավալ պատերազմի գնալու կոնսենսուս կա՞, որ Ադրբեջանը գնա այդ քայլին։

– Իրադարձությունները Ներքին Հանդում ցույց տվեցին, որ Ադրբեջանի համար առաջնահերթությունը Սյունիքի հարցն է, կոնկրետ դեպքում՝ «Զանգեզուրի միջանցքը»։ Այս առումով ձեր ուշադրությունը ուզում եմ հրավիրել Բաքվում Ռուսաստանի դեսպանի հայտարարության վրա, որում նա բառացի ասում է հետևյալը․ «Հայաստանի տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան տրանսպորտային միջանցքի թեման շատ կարևոր է Բաքվի համար, ու Ռուսաստանը պատրաստ է իր միջոցներով բավականին արագ վերականգնել այդ երթուղին»։ 

Եթե խաղաղապահների մանդատը շարունակելու շուրջ Բաքվի ու Մոսկվայի միջև դեռևս խմորումներ կան, ապա այս դեպքում Ռուսաստանի աջակցության պատրաստակամության մասին բացահայտ ասվում է, ստացվում է, որ «Զանգեզուրի միջանցքի» շահառուն ու ջատագովը Ադրբեջանից և Թուրքիայից ոչ պակաս, նույնիսկ ավելին, Ռուսաստանն է։ Այս դեպքում դա իր համար մեգապրոյեկտ է, բիզնես պրոյեկտ է, ու իրեն պետք է, որ դա իրականացնի, կենսական կարևորության նշանակություն է տրվում դրան, դրա իրականացման համար Ռուսաստանը կգնա ամեն քայլի։ 

Այս պահին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի հիմքով Հայաստանի հանդեպ դեռևս բանեցվում է փափուկ ուժը, որին զուգահեռ սկսվել է Ադրբեջանի ճնշիչ լոկալ էսկալացիան Սյունիքի մարզի հարավային հատվածներում։ Չի բացառվում նաև, որ Սյունիքի հնարավոր օկուպացիան թույլ չտալու համար Ռուսաստանը «զսպիչ, նույնիսկ փրկիչ» դերակատարություն ունենա, բայց դա, իհարկե, իր գինն է ունենալու՝ շանտաժ-պայման իր վերահսկողությամբ միջանցքի տրամադրում։ 

– Այդ պարագայում Իրանի դիրքորոշումն ինչպիսի՞ն է լինելու։

– Իրանին հիմա փորձում են ներքաշել գլոբալ պատերազմի մեջ, դա լավ գիտեք, այս համատեքստում Իրանը խնդիր ունի։ Հայաստանի մասով՝ մի ճշմարտություն գիտեմ, որ ոչ մեր գեղեցիկ աչքերի համար, բնականաբար, նրանք իրենց շահը տեսնում են, որ Հայաստանի հետ պետք է ունենալ պետական սահման, դա պետք է անխախտ լինի ու, ընդհանրապես, Հայաստանի եթե ոչ ամբողջական, ապա հարավի հատվածը պետք է որևիցե ագրեսիայի, առավելևս՝ օկուպացիայի չենթարկվի: Տվյալ դեպքում Իրանը կգնա հստակ քայլերի, եթե տեսնի, որ Հայաստանի հարավը թուրք-ադրբեջանական տանդեմը ռազմական օկուպացիայով ուզում է վերցնել։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am