ՊԲ զինծառայողներին հեռացրել են Եղցահողից․ Արցախի նախագահի աշխատակազմը հրաժարվում է մեկնաբանել. Factor.am

«Եղցահող գյուղի սահմաններից Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են, հետո ռուս զինծառայողները եկել, մի ժամի չափով մնացել են, իրենց դրոշը դրել դիրքերում»,- այս մասին քիչ առաջ Factor.am-ի հետ զրույցում ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

Եղցահողը, Հին Շենն ու Մեծ Շենը Շուշիի շրջանի այն գյուղերից են, որոնք պատերազմի ավարտից հետո մնացել են հայկական վերահսկողության տակ։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ նաև Հին Շեն և Մեծ Շեն գյուղերի մատույցներից էին դուրս բերվել հայկական ուժերը։ Եղցահողի գյուղապետի խոսքով՝ ինչ-որ պայմանավորվածություն կա զորքերը հետ քաշելու․

«Սկզբում մեր զինվորներներին ինչ-որ պատճառներով դիրքերից հանեցին, ասում էին՝ էս երկու օրն էլ պետք ա դրանք (ադրբեջանական զորքերը-խմբ․) 3 կիլոմետր հետ քաշվեն, բայց էս պահի դրությամբ՝ իրենց տեղում են։ Ասել են՝ իբր ռուս խաղաղապահները պարեկային ծառայություն են իրականացնելու»։

Factor.am-ի հարցին՝ որքա՞ն բնակիչ կա գյուղում այս պահին, գյուղապետը նշեց՝ գյուղում  45 ընտանիք է ապրում․ «Անգամ Շուշիի գրավման օրը մեր գյուղացիներն իրենց երեխաների հետ միասին մնացին գյուղում։ Պատերազմի ավարտից հետո էլ մեր տղերքը կանգնած էին սահմանին, հիմա եկել հանում են»,- վրդովված ասաց Արտակ Հակոբյանը։

Ստեղծված իրավիճակի մասին փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակից։ Լուսինե Ավանեսյանը, սակայն, հրաժարվեց այս հարցի շուրջ մեկնաբանություն տրամադրել։

Նույն պատասխանը ստացանք նաև Հարությունյանի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահրամ Պողոսյանից, որը պատերազմի օրերին տեղեկատվության ակտիվ տարածողներից մեկն էր։