«ԱՄՆ-ում դաշնակցական երիտասարդների ակցիան խայտառակություն էր, խղճուկ ակցիա». քաղաքագետների արձագանքը

Մայիսի 2-3-ն աշխատանքային այցով ԱՄՆ մեկնած ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ունեցած հանդիպումներն ու Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի կապակցությամբ երկկողմ համատեղ հայտարարությունը, «Մեդիալաբի» զրուցակից քաղաքագետների բնորոշմամբ՝ շատ կարևոր ու արդյունավետ է Հայաստանի Հանրապետության համար:

«Աշխարհաքաղաքական այս դժվար իրավիճակում, երբ Հայաստանը, մեծ հաշվով, կարող է դիտարկվել որպես այս հակամարտության կողմ, հատկապես Փաշինյանի մոսկովյան այցից հետո, որի ընթացքում ստորագրվել էր փաստաթուղթ, որով, մեծ հաշվով, Հայաստանն անուղղակիորեն աջակցում էր ՌԴ-ի տարբեր դիրքորոշումներին, այս այցը չափազանց կարևոր է: Կարևոր է, որ ԱՄՆ-ն ի ցույց է դնում փաստը, որ Հայաստանն իրենց համար կարևոր գործընկեր է»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը:

Քաղաքագետի համոզմամբ՝ կարիք էլ չկա բովանդակային առումով լուրջ վերլուծություններ անել, միայն այս այցի փաստն ու այն, որ այդ այցն անցել է բավականին ջերմ մթնոլորտում, ըստ Գրիգորյանի, այս փուլում շատ կարևոր է Հայաստանի համար:

«Հայաստանը պետք է ձգտի թուլացնել միակողմանի ազդեցությունը Ռուսաստանից, ու այս առումով դրական եմ գնահատում նախարար Միրզոյանի այցը թե՛ Հնդկաստան, թե՛ ԱՄՆ, մանավանդ որ, ԱՄՆ-ում մի շարք կարևոր հանդիպումներ տեղի ունեցան: Համատեղ հայտարարությամբ՝ մի շարք ուղղություններում պատրաստակամություն է հայտնվել համագործակցության: Ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում բոլոր այն ջանքերը, որոնք ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հնարավորությունների մեծացմանը»,- «Մեդիալաբին» ասում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը:

Սուրենյանցի խոսքով՝ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանը կորցրել է սուբյեկտությունը և արտաքին քաղաքականության մեջ իրական դիվերսիֆիկացիա չի կարող իրականացնել, բայց գոնե պետք է առավելագույնն անի՝ իր արտաքին քաղաքականության հնարավորությունները մեծացնելու համար:

Քաղաքագետները, սակայն, անընդունելի են համարում ՀՅԴ Արևելյան Ամերիկայի Հայ երիտասարդաց միության անդամների, այսպես կոչված, ակցիան՝ Արարատ Միրզոյանի դեմ:

Նշենք, որ «Դիմադրության» շարժման աջակից, ՀՅԴ Արևելյան Ամերիկայի Հայ երիտասարդաց միության անդամները սև փշոտ վարդեր և թուրքական դրոշ էին ուղարկել աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

«Երեկ տեղի ունեցած ակցիան խայտառակություն է, խղճուկ ակցիա է: Այդ ակցիայի կազմակերպիչներն ընդհանրապես պատկերացում չունեն՝ ինչ է պետականությունն ու ինչ է պետական քաղաքականությունը ու ընդհանրապես, ինչ է քաղաքականությունը: Այդ ակցիան որևէ ձևով չի կարող օգուտ տալ ո՛չ Հայաստանին, ո՛չ Արցախին, ո՛չ մեր պետական օրակարգին ու ոչ էլ այս օրերին Երևանի փողոցներում հավաքված ընդդիմությանը, որովհետև նրանց «Զարթնիր, լաո» կարգախոսն «ավելի կրեատիվ է», քան այդ խղճուկ ակցիան»,- ասում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Նրա տպավորությամբ՝ այդ ակցիայով ՀՅԴ-ն ընդդիմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հնարավորությունների մեծացման նախաձեռնություններին:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն էլ միայն այս քայլը չէ, որ խնդրահարույց է համարում, նրա խոսքով՝ ավելի խնդրահարույց դեպքեր ևս եղել են:

«Երբ ԱՄՆ պետդեպարտամենտը թվիթերյան էջում հաղորդագրություն էր տարածել Բլինքեն-Միրզոյան հանդիպման մասին, դրա տակ The Armenian National Committee of America –ի (ANCA Ամերիկայի Հայ դատի հանձնախումբ) պաշտոնական թվիթերյան ըքաունթով մեկնաբանություն է թողնվել, որում նշվում էր, որ ԱՄՆ-ն ոչ թե պաշտպանում է ժողովրդավարական արժեքները Հայաստանում, այլ դարձել է ներքաղաքական հակամարտության կողմ»,- ասում է քաղաքագետ Գրիգորյանը՝ այն որակելով աննախադեպ քայլ, երբ սփյուռքի հայկական կառույցը, որը, ըստ նրա, պետք է զբաղվի Հայաստանի շահերի պաշտպանությամբ ԱՄՆ-ում, դուրս է գալիս Հայաստանի դեմ ու «Հայաստանի իշխանությունների նկատմամբ իրենց սուբյեկտիվ կարծիքը դարձնում է ողջ պետության նկատմամբ քաղաքականություն մշակելու կոչ»:

Անկախ ամեն ինչից, անկախ անձնական համակրանքներից ու հակակրանքներից, քաղաքագետները վստահ են, որ նմանատիպ քայլեր չպետք է արվեն, որովհետև այս պաշտոնյաները դեռևս ներկայացնում են Հայաստանը, իսկ նման գործողություններով, ըստ Տիգրան Գրիգորյանի, ակցիայի մասնակիցները կամ կազմակերպիչները գործում են Հայաստանի դեմ:

Քաղաքագետ Սուրենյանցի համոզմամբ էլ՝ «նմանատիպ ակցիաներով բացահայտում են իրենց քաղաքական ու գաղափարական սնանկությունը», որոնք, բացի վնասից, օգուտ չեն տալիս Հայաստանի Հանրապետությանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am