Մոսկվան` Բաքվի ու Երեւանի արանքում. ինչ ակնարկեցին ռուս դիվանագետները «Հաղթանակի» զբոսայգում

Մոսկվան` Բաքվի ու Երեւանի արանքում. ինչ ակնարկեցին ռուս դիվանագետները «Հաղթանակի» զբոսայգում
Մոսկվան` Բաքվի ու Երեւանի արանքում. ինչ ակնարկեցին ռուս դիվանագետները «Հաղթանակի» զբոսայգում

Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցը «Հաղթանակի» զբոսայգում արված հայտարարությամբ վերին աստիճանի կարեւոր պայմանավորվածություն է բացահայտել Մոսկվայի ու Բաքվի միջեւ:

«Մեդիալաբի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: Այդ հայտարարությամբ, ըստ Սաֆարյանի ռուս դիվանագետը բացահայտել է, որ Հայաստանին տրամադրված ռուսական զենքը չի կարող Արցախից Ադրբեջանի դեմ օգտագործվել:

«Չգիտեմ Ռուսաստանը որքանով է նման պայման դրել Ադրբեջանի առջեւ, որ իր վաճառած նորագույն սպառազինությունները չեն կիրառվի Հայաստանի եւ  Ղարաբաղի դեմ: Նկատելի է, որ չի դրել, բայց այդպիսի պայման Հայաստանին տրամադրվող զենքի  մասով դրել է»,-«Մեդիալաբին» ասում է Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ «Հաղթանակ» զբոսայգում մայիսի 9-ի տոնական միջոցառումների մասնակից ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարը, որն ուղեկցել է ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին, լրագրողներին ասել է, թե քանի դեռ Հայաստանը չի ճանաչել Արցախը, ռուսական որեւէ  զենք չի կարող գնալ Արցախ:

Այս հայտարարությունն արվել է տեսախցիկներից դուրս, իսկ դեսպան Վոլինկինը տեսախցիկների առջեւ  խոսելով  Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառվող սպառազինության մասին, նախ հակադարձել է, թե արդյոք հայ լրագրողներն  ապացույցներ, փաստաթղթեր, ունեն, որ Ռուսաստանը շարունակում է զենքի մատակարարումը Ադրբեջանին, ապա ի պատասխան հայ լրագրողների հիշեցման, թե

ՌԴ  փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինն է  հայտարարել է, որ Ռուսաստանը  կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին, ասել է, թե «նորից վաճառելը չի նշանակում ,  որ վաճառում է»:

Ստյոպա Սաֆարյանն ասում է, ապրիլի 4-ին, ԵԱՀԿ դեսպանների հանդիպմանը Հայաստանի նախագահը, երբ խոսում էր Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր պատրաստելու իր հանձնարարականի մասին, ակնարկում էր, այն, որ Հայաստանի տնօրինած սպառազինությունը ԼՂՀ-ում օգտագործելու իրավունքը պետք է լեգիտիմացվի:

«Սերժ Սարգսյանը այդ կոնտեքստում հիշեցնում է 1994 թվականին ստորագրված զինադադարը, որտեղ Հայաստանը հանդես է գալիս որպես ԼՂՀ անվտանգության երաշխավոր: Թերեւս սա ոչ միայն Ռուսաստանին կողմնորոշվելու իրավիճակի առջեւ է կանգնեցնում, եթե Հայաստանը ներգրավվի պատերազմում, այլեւ այդ զենքը Արցախ տեղափոխելու հնարավորություն տալիս»,-նկատում է Ստեփան Սաֆարյանն ու հավելում, որ այս համատեքստում հասկանալի է դառնում, թե ինչու Կրեմլը այդ նախազգուշացումից հետո ակտիվացրեց իր  Ադրբեջանի ագրեսիան կանխելու ուղղությամբ միջնորդական ջանքերը:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ,  քաղաքագետ Ստեփան Դանիելյանի կարծիքով, Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինի հայտարարությունը, նշանակում է, որ այս պահին Ռուսաստանը զենք չի վաճառում Ադրբեջանին: Քաղաքագետն ասում է, սրանից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանում վիճակ է փոխվել` կապված Հայաստանում հասարակական տրամադրությունների փոփոխության, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի  հարաբերությունների սերտաճման հետ: 

«Ռուսաստանը մի կողմից տեսավ, թե Հայաստանում ինչպիսի հակառուսական հասարակական արձագանք եղավ:  Իշխանության հետ ռուսները խնդիր չունեն կանեն այն, ինչ Ռուսաստանը կասի, բայց  հանրության մեջ առկա հակառուսական տրամադրությունները կարող են խորանալ: Կարծում եմ նրանք լավ հասկանում  են, որ Հայաստանի հետ հաշվի չնստելու դեպքում Հայաստանը կկորցնեն, հասկանում են, որ այսպես թե այնպես,  Ադրբեջանը դեպի Թուրքիա է թեքվելու: Մյուս կողմից ենթադրում եմ, որ եղել են Թուրքիայի ճնշումները, որպեսզի Ադրբեջանը ԵԱՏՄ չմտնի, քանի որ դրանով Թուրքիան ամբողջությամբ կկտրվեր  հետխորհրդային տարածքից ու  Միջին Ասիայից: Այս ամենով պայմանավորված, ենթադրում եմ, ինչ-որ վիճակի փոփոխություն է տեղի ունեցել Մոսկվայում»- «Մեդիալաբին» ասում է Դանիելյանը:

Ստեփան Դանիելյանը կարծում է, որ Ռուսաստանի  պետական համակարգի ներսում խնդրի հետ կապված քննարկումներ են ընթանում: Տեսակետներից մեկը, նրա խոսքով,   այն է, որ Ռուսաստանը չի  կարող միակողմանի քաղաքականություն վարել եւ պետք է Ադրբեջանին նույնպես իր ազդեցության տակ պահի, թեկուզ զենքի մատակարարման գնով: Ըստ քաղաքագետի, կա նաեւ մյուս տեսակետը, ըստ որի Ադրբեջանը, այսպես թե այնպես դեպի Թուրքիա է նայելու եւ Ռուսաստանն, այսպես թե այնպես, կորցնելու է այն, ուստի Կովկասում ռուսական ազդեցությունը պահելու միակ տարբերակը Հայաստանի հետ մերձենալն է` որպես Ռուսաստանի անվտանգության կարեւոր բաղադրիչ:

«Ես կարող եմ ենթադրել, որ այդ քննարկումները բերում են ներքին կարգով քաղաքական որոշումներ կայացնելուն»,-նկատում է քաղաքագետը:

Հայաստանում ՌԴ դեսպանատան երկրորդ քարտուղարի հայտարարությունը ըստ Ստեփան Դանիելյանի, հստակ է: Քաղաքագետի խոսքով, դրանով դեսպանատան պաշտոնյան ասում է`ճանաչեք:  

«Իսկ ինչ է նշանակում ճանաչել, ճանաչել նշանակում է հետեւյալը` Ադրբեջանի առջեւ խնդիր դնել, որ բանակցությունները Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակին չեն կարող վերաբերվել: Մի կարեւոր հանգամանք եւս, ըստ ռուսական կողմի հայտարարությունների, Արցախի հարցում ԱՄՆ Ֆրանսիայի, Ռուսաստանի միջեւ հակասություններ գոյություն չունեն, ի տարբերություն, աշխարհում տեղի ունեցող այլ գործընթացների»,-ասում է Ստեփան Դանիելյանը` հավելելով, որ ստեղծված իրավիճակում, Թուրքիայի հետ միասին մեկուսացման մեջ է հայտնվում նաեւ Ադրբեջանը:

«Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր Ստեփան Սաֆարյանը չի կարծում, թե Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման հարցով:

Քաղաքագետը վստահ է, այս պահին դա Ռուսաստանի  ծրագրերի մեջ չի մտնում: 

«Հակառակը, Ռուսաստանի պլաններում մտնում է Ղարաբաղը Հայաստանից անջատելը: Ռուս դիվանագետի հայտարարությունը ես հակված եմ մեկնաբանել ոչ թե որպես Հյաստանին դրդում ճանաչելու ԼՂՀ անկախությունը, այլ ճիշտ հակառակը, հանդիմանանք, որ անգամ դուք չեք ճանաչում»,-«Մեդիալաբին» ասում է Ստեփան Սաֆարյանը եւ հիշեցնում, Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցության շրջանում նույն միտքը ռուս փորձագետներն էին կրկնում, երբ խոսք էր գնում ԼՂՀ-ի` ԵԱՏՄ մաս կազմելու մասին:

Քաղաքագետի խոսքով, Ռուսաստանի ախորժակը  տարածաշրջանում մեծ է, նա ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլեւ Ադրբեջանն ու Վրաստանն է ցանկանում իր ազդեցության տակ առնել:  

«Ռուսաստանի այս պլանները բացառում են, որ Ռուսաստանը Հայաստանին դրդի ճանաչել Ղարաբաղը:  Իրավաբանորեն Ղարաբաղի անջատումը Ադրբեջանից տապալում է ռուսական ծրագիրը»,-ասում է քաղաքագետը:

Սաֆարյանի կարծիքով, ռուսական կողմն այսօր անելանելի վիճակում է հայտնվել եւ հենց դրանով է պայմանավորված, որ  Հայաստան ժամանած ռուս պաշտոնյաներից Հայաստանի ղեկավարությունը  ամենաբարձր մակարդակով բացատրություններ է պահանջում:

«Հիշենք Մեդվեդեւից Սերժ Սարգսյանի պահանջած բացատրությունները, Լավրովից պահանջած բացատրությունները:  Սա  նշանակում է, որ կան ինչ-ինչ պայմանավորվածություններ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, որոնք խախտվել են, բայց  երկու կողմն էլ  խուսափում են այդ մասին բարձրաձայն խոսել: Այժմ ռուսական պաշտոնյաները փորձում են անհաջող բացատրություններ տալ, բայց դրանք  էլ ավելի են բացում փակագծերը եւ հասկանալի դրաձնում, որ Մոսկվան Բաքվի հետ ստվերային  պայմանավորվածություններ ունի, որոնք վերաբերվում են ոչ միայն ԼՂ խնդրի կարգավորմանը, այլեւ սպառազինությունների տրամադրմանն ու օգտագործմանը»,-եզրափակում է Ստեփան Սաֆարյանը:

Անի Սայադյան

© Medialab.am