Արտակ Բեգլարյանը նոր պաշտոն կզբաղեցնի Արցախի գործադիր իշխանությունում

Արցախի մարդու իրավունքների պաշտոնից հրաժարական ներկայացրած Արտակ Բեգլարյանը գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու առաջարկ է ստացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բեգլարյանն ասաց դեկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Ըստ օրենքի` պաշտոնից ազատվելու համար պետք է կամ մեկ շաբաթում հետ չվերցնեմ դիմումս կամ երկրորդ դիմումը ներկայացնեմ: Այսօր երկրորդ դիմումը կներկայացնեմ, որից հետո ԱԺ նախագահն արձանագրությունը կկազմի, կհրապարակի, այդ պահից սկսած ես կհամարվեմ ազատված ՄԻՊ պաշտոնից: Հանրապետության նախագահի կողմից առաջարկ եմ ստացել գործադիր իշխանությունում այլ պաշտոն զբաղեցնելու»,- ասաց Բեգլարյանը:

Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ առկա ճգնաժամի հաղթահարման գործում ավելի օգտակար կլինի, քան ՄԻՊ պաշտոնում:

Դեկտեմբերի 22-ին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովի նախագահին: