Ժամանակն Ադրբեջանի օգտին չէր աշխատի, եթե Հայաստանն ասեր՝ չենք ստորագրի, քանի դեռ գերիներին հետ չես տվել. Միքայել Նահապետյան

Միքայել Նահապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը

– Ինչպե՞ս եք գնահատում Մոսկվայում նախօրեին կայացած եռակողմ հայտարարությունը և այն, որ ռազմագերիների հարցով այդպես էլ որևէ պայմանավորվածություն չհաջողվեց ունենալ Ալիևի և Պուտինի հետ: Տեսակետ կա, որ Հայաստանն այնքան է թուլացած, որ այդ առանցքային հարցին չկարողացավ լուծում տալ:

– Միանշանակ շատ վատ եմ գնահատում, որ այդ խնդիրը չլուծվեց, որ ռազմագերիներն ու քաղաքացիական անձինք չվերադարձվեցին, դա իսկապես դիվանագիտական ձախողում է:

Շատ հստակ հասկանալի է, որ այդ մարդկանց Ադրբեջանը պահում է հետագայում ընթանալիք գործընթացներում որպես զենք Հայաստանի և նրա անունից բանակցողների դեմ: Այս փուլում, երբ բոլորը կառուցողական թվալու խնդիր ունեն, և դիրքերը շատ չեն արմատականացել, իմ կարծիքով՝ ամենալավ պահն էր այդ հարցին լուծում տալու և առաջ անցնելու համար:

Որքան խնդիրը հնացավ, որքան դիվանագիտական խրամատները ամուր փորեցին ու կառուցեցին, այնքան այդ հարցը դառնալու է դիվանագիտական զենք, որը ոչ մեկը քեզ չի տալու: Այդ առումով ես սա գնահատում եմ որպես խոշոր ձախողում: 

Նախօրեին ստորագրված փաստաթուղթը տարածաշրջանի ճանապարհների ապաշրջափակման մասին է: Այս փաստաթուղթը, ի համեմատություն նոյեմբերի 9-ի փաստաթղթի, ավելի բալանսավորված է:

Այսինքն՝ եթե նոյեմբերի 9-ին կոնկրետ Ադրբեջանի շահերն էին ամրագրված, որ ինչ ուզում է լինի, Ադրբեջանը պետք է ճանապարհ ունենա դեպի Նախիջևան, այս փաստաթղթում հավասար իրավունքներ ու պարտավորություններ են ամրագրված:

Թե դա պրակտիկայում ինչպե՛ս կկիրառվի, դա քաղաքական կշռի, պետության հզորության և նրա անունից բանակցողի բանակցային կարողությունների խնդիր է, բայց այն, որ բազային փաստաթղթում ֆիքսված են հավասար իրավունքներ ու պարտավորություններ, դա որոշակի առաջխաղացում է նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի համեմատությամբ:

Այս նոր փաստաթղթում այդպիսի առանձնահատուկ դրույթ չկա, որ, ասենք, Երևանը պետք է Ռուսաստանի հետ երկաթուղային կապ ունենա, կամ Ադրբեջանը՝ Նախիջևանի հետ: 

– Այսպես կոչված ընդդիմությունը հայտարարում էր, թե հունվարի 11-ին խայտառակ փաստաթուղթ է ստորագրվելու «դավաճան Նիկոլի» կողմից: Սա դարձյա՞լ մանիպուլյացիաների շարքից էր:

– Տեղեկատվական պատերազմը ճահիճ է: Հիմա հայտարարում են, թե այդպիսի բան է լինելու, չեղավ, եթե հարցնես՝ բա ինչո՞ւ չեղավ, ասելու են՝ դուք չգիտեք, էնտեղ տակից մի հատ էլ ուրիշ թուղթ է եղել, այդ թուղթը ստորագրել են, որը մեր ասածի մասին է:

Հետո որ պարզվի՝ դա էլ չկա, ասելու են՝ կա, բայց թաքցնում են, կամ Մոսկվան օգնեց, որ էդ թուղթը ճղեն, գցեն, կամ Ալիևը գողացավ, տարավ պահեց: Այդ ճահիճն անընդհատ քաշելու է, և քաղաքական խոսակցության մեջ հնարավոր չէ միարժեքորեն ապացուցել, որ հորինված բանը գոյություն չունի:

Դա հավատի վրա է հիմնված, իսկ այդ առումով իշխող ուժը խնդիրներ ունի իր անպատասխանատու վարքագծի, իր վարած տեղեկատվական քաղաքականության, ճիշտը խոսելու հետ կապված իր ոչ այնքան պատրաստակամության բերումով:

Այսինքն՝ կառավարությունը կորցրել է իր ունեցած վստահության դիրքերը, և միշտ կարելի է հորինել, որ իրենք սա են արել, նա են արել: 100 բան կհորինեն, մեկը կապացուցվի, մնացած 99-ը ճշտի տեղ կանցկացնեն: 

– Տեսակետ կա, որ միակ դժգոհն այս հանդիպումից Փաշինյանն էր, որ մյուս երկու կողմերը շատ ոգևորված էին:

– Ես կիսում եմ այդ դիրքորոշումը, որովհետև յուրաքանչյուրը այդ հայտարարությունից ստացավ այն, ինչի համար եկել էր, բացի Հայաստանից: 

– Գերիների վերադարձի հարցով հնարավո՞ր էր հասնել որոշակի հստակեցման, թե՞ այնպիսի պայմաններ կարող էին թելադրել կողմերը, որից գուցե հայկական կողմը հրաժարվել է: 

– Ես կարծում եմ՝ հնարավոր էր, որովհետև շատ կոնկրետ խնդիր է: Եթե գործում ենք վստահության միջավայրում, հետևաբար իմաստ չկա, որ դու իմ հանդեպ շանտաժի գործիք պահես:

Եթե դու իմ հանդեպ շանտաժի գործիք ես պահում, այդ դեպքում ես նախընտրում եմ չխոսել ոչ մի բանի շուրջ, քան խոսել շանտաժի ազդեցության տակ: Սա շատ պարզ սկզբունք է. եթե բանակցելու ենք իրար հետ որպես երկու կողմեր, ապա քո ձեռքին մի պահիր շանտաժի գործիք, այն էլ այն դեպքում, երբ այդ գործիքը թուղթ չի, որոշում չի, փող չի, զենք չի, այլ կոնկրետ մարդիկ են, ճակատագրեր:

Եթե մարդկանց վրա օրինակը բերենք, ոնց որ բիզնես հարաբերություններ վարես, բարեկիրթ, իրար ժպտալով փաստաթղթեր ստորագրեն, այն պայմաններում, երբ մեկի երեխաները պատանդ են մյուսի մոտ: Դա բացարձակ անընդունելի մոտեցում է: Պետք էր այդ դիրքերից խոսել, որ եթե գնում ենք կարգավորման, ուրեմն նախևառաջ բաց թողեք պատանդներին: 

Եթե կողմերը եկել էին տրանսպորտային ուղիների ապաշրջափակման համար, ապա ինչ-որ բանով էդտեղից պետք է հեռանային: Կշռի ու հեղինակության խնդիր կար, պետք էր ուշադիր լինել, որ շտապողականություն չլինի, կամ աշխարհաքաղաքական փոփոխությունների առումով, օրինակ՝ Ադրբեջանը խնդիր ունի հարցերն արագ փաստաթղթավորելու:

Այնպես որ, ժամանակն այդ առումով իրենց օգտին էլ չէր աշխատի, եթե Հայաստանի ներկայացուցիչներն այնտեղ ասեին՝ չենք ստորագրի այնքան ժամանակ, քանի դեռ գերիներին հետ չես տվել: 

Այս ամբողջ վերլուծությունները ես անում եմ հրապարակված փաստերի հիման վրա, և եթե չկա ինչ-որ կարևոր նշանակության փաստ, որը գաղտնի է, այսինքն՝ չկա այնպիսի մի բան, որ եթե իմանամ, արդեն կասեմ՝ վե՛րջ, այս ամենի մասին անիմաստ է խոսել, ապա իմ դիրքորոշումը ողջամիտ է:

Քանի որ տեղեկատվության տիրապետման մենաշնորհը պատկանում է կառավարող ուժին, իսկ նրանք թափանցիկ չեն գործում այդ առումով, մեզ մնում է միայն հայտնի փաստերի վրա հենվել: Եթե վաղը պարզվի, որ Ադրբեջանը 2 օր առաջ ատոմային ռումբ է ստեղծել ու դրանով է սպառնացել, այո՛, դա իրավիճակը կփոխի:

Մանե Հարությունյան

MediaLab.am