618 մլն. դրամի խախտումներ «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկում է իրականացրել «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում` կապված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի  շրջանակներում Հիմնադրամի կողմից որոշ կազմակերպություններին տրամադրված ֆինանսավորման հետ:

Մշտադիտարկման ընթացքում արձանագրվել են  շուրջ 618 մլն. դրամի խախտումներ: Մասնավորապես՝

  • խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի կետերից մեկի պահանջը՝ Կազմակերպությանը տրամադրվել է 35 մլն. դրամի նախաներդրումային ֆինանսավորում՝ չունենալով անշարժ գույքի և/կամ հիմնական միջոցի գրավ: Բացի այդ, խախտելով կողմերի միջև կնքված պայմանագրի պահանջները՝ նշված գումարը մարվել է Կազմակերպությանը հետագայում բաժնեմասնակցային ներդրմամբ տրամադրված 240 մլն. դրամ գումարից,
  • կազմակերպությանը բաժնեմասնակցային ներդրմամբ տրամադրված 240 մլն. դրամ գումարից առնվազն 124 մլն. դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան:

 Կազմակերպության կողմից փաստացի թույլ տրված պայմանագրային և ծրագրային շեղումների հիմքով Հիմնադրամը իրավունք է ունեցել լուծել բաժնեմասնակցային ներդրման Պայմանագիրը՝ հետ պահանջելով իր կողմից ներդրված գումարը, սակայն Հիմնադրամի կողմից այդ ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկվել,

  • նույն կազմակերպությանը ծրագրի այլ բաղադրիչի շրջանակներում տրամադրվել է 120 մլն. դրամ փոխառության գումար, որից առնվազն 69,1 մլն. դրամը չի ծախսվել պայմանագրով նախատեսված պայմաններին համապատասխան։ Բացի այդ, տրամադրված գումարի մասով առկա է Կազմակերպության համար ակնկալվող արդյունքը չստանալու ռիսկ՝ կապված պայմանագրային պարտավորություները չկատարելու հետ,
  • մեկ այլ Կազմակերպության հետ նախկինում նախաներդրումային ֆինանսավորման ծրագրի շրջանակներում տրամադրված շուրջ 191 մլն. դրամ գումարի վերադարձման փոխարեն Հիմնադրամի կողմից կնքվել է բաժնեմասնակցային ներդրման պայմանագիր՝ խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի պահանջները,
  • կազմակերպությանը տրամադրվել է շուրջ 89 մլն. դրամի նախաներդրումային ֆինանսավորում՝ խախտելով Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ հաստատված ներդրումային ուղեցույցի կետերից մեկի պահանջները և գերազանցելով Կազմակերպության զուտ ակտիվների, ինչպես նաև Հիմնադրամի ներդրումից հետո ընկերության ակտիվների սահմանված չափերը,
  • գրավադրված անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը տրամադրված նախաներդրումային ֆինանսավորման գումարի 125%-ից պակաս լինելու պարագայում Կազմակերպությանը տրամադրվել է նախաներդրումային ֆինանսավորում 105 մլն. դրամի չափով՝ խախտելով Ուղեցույցի մեկ այլ կետի պահանջները,
  • կառավարչական ծառայությունների մասով Հիմնադրամը 2018-2019 թվականների ընթացքում Հիմնադրամի ֆինանսավորած կազմակերպություններից մեկում Հիմնադրամի կողմից նշանակված տնօրենների խորհրդի անդամի հետ, սակայն, արդեն որպես անհատ ձեռնարկատեր, շահերի բախման ռիսկի առկայությամբ, կնքել է 4,4 մլն. դրամի մոնիտորինգի իրականացման ծառայության պայմանագիր։ Բացի այդ, «Գնումների մասին» օրենքի համաձայն՝ պետության կողմից ստեղծված հիմնադրամները հանդիսանում են պատվիրատու և նույն օրենքի իմաստով ծառայություններ պետք է ձեռքբերեն գնումների գործընթաց կազմակերպելու եղանակով, սակայն Հիմնադրամը նշված ծառայությունները ձեռք է բերել առանց Գնումների մասին օրենսդրությամբ նախատեսված գործընթացի կազմակերպման,
  • Հիմնադրամը ֆինանսավորված կազմակերպություններին տրամադրված գումարների նպատակային ծախսման մասով չի վերահսկել հատկացված գումարների փաստացի ծախսման ուղղությունները:

Մշտադիտարկման արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ հանցագործության առկայության հանգամանքը ստուգելու նպատակով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը։