«Տարոնը միայնակ կռվել է «Յաշմա» հատուկջոկատայինների դեմ, թուրքի վրայից հանել է նռնակը և իր հետ պայթեցրել». կինն ասում է՝ «փորձում եմ ուժեղ լինել»

Տաթև Վարդանյանը լուրերից տեղեկանալով, որ Ռուստամ Մուրադովը նոյեմբերի 17-ին Բաքվից Երևան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին, չէր կարող պատկերացնել, որ խոսքը հենց իր ամուսնու մասին է։ Տաթևն ամուսնու հետ զրուցել էր մեկ օր առաջ կեսօրին, իմացել էր, որ դիրքեր է բարձրանում, բայց մտքովն անգամ չէր անցնում, որ ամուսինը զոհված կլինի։

«2021 թ․ նոյեմբերի 15-ին ամուսինս բարձրացել էր դիրքեր, նոյեմբերի 16-ին զանգեց, ասեց՝ հեսա իջնում ա, տուն ա գալիս, բայց դրանից հետո ինքն անհասանելի դարձավ, ու մինչև 17-ի իրիկունը իրենից տեղեկություն չունեինք։ Ես հեռուստացույցով իմացա, որ Մուրադովը զինծառայողի մարմին ա բերել։ Հաջորդ օրը մեզ ասեցին, որ ամուսնուս են բերել։ Ահավոր շոկի մեջ էի, ճիշտն ասած, ոչ մի բան չէի գիտակցում»,- հուզմունքով պատմում է Տարոն Սահակյանի այրին՝ 24-ամյա Տաթև Վարդանյանը։

Տարոն Սահակյանը որպես ռազմական հոգեբան ծառայել է Ջերմուկի զորամասում, մինչև հոգեբան աշխատելը 12 տարի որպես ավագ լեյտենանտ ծառայել է Տավուշի մարզի Կողբ գյուղի զորամասում։

Կինը պատմում է, որ ամուսնու երազանքն էր ռազմական հոգեբան աշխատել, և Տավուշում ծառայությանը զուգահեռ հեռակա սովորել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետում, այնուհետև որպես ռազմական հոգեբան աշխատանքի անցել Ջերմուկում։ 

Տաթևն ասում է՝ հոգեբանները չպետք է դիրք բարձրանային, սակայն նոյեմբերի 16-ին ամուսինը Իշխանասարի դիրքերում էր։ Տաթևին ողբերգական դեպքից որոշ մանրամասներ են հայտնի դարձել․ 

«Ասում են՝ ադրբեջանցիները դիրքի տղաներին գերի են վերցրել, ամուսինս չի հանձնվել, փորձել ա մինչև վերջ պայքարի, էն են խոսում, որ Տարոնը միայնակ կռվել է «Յաշմա» հատուկջոկատայինների դեմ, թուրքի վրայից հանել է նռնակը և իր հետ պայթեցրել է թշնամու զինվորականներից։ Դատաբժշկական փորձաքննությունից պարզվել է, որ մահը վրա է հասել բեկորային վնասվածքներից»,- ասում է Տաթևը։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը  հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։

https://www.facebook.com/ArmeniaMOD/posts/207111864905287/?paipv=0&eav=Afb3kuzvFdtvIkkmkqp06854qrYCM1FjYPS5yQtfpkWVCXYilBU9COPzc131z2RnXCg&_rdr

Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել է,  որ նոյեմբերի 16-ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհ և վիրավոր, հայկական կողմից կան 1 զոհ, 13 գերի։

Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

Տարոն Սահակյանի այրին ասում է՝ երբեք չէր մտածի, որ ամուսնու հետ նման դեպք կպատահի, 44-օրյայի ժամանակ էլ առաջին օրերից ամուսինը առաջնագծում է եղել, մասնակցել թշնամու դեմ մարտերին: 

«Ինքը տեսակով շատ ուժեղ էր, ես չէի պատկերացնի, որ ինքը կզոհվի, ուր էլ գնար, ինքը տուն կգար»,- ասում է ու հուզվում Տաթևը։ 

Տարոն Սահակյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով։ 

Տաթև Վարդանյանն ու Տարոն Սահակյանը 9 տարի առաջ էին ամուսնացել, ընտանիք ստեղծել, որդի ունեցել։ Տաթևն ասում է՝ երջանիկ ընտանիք էին, ամուսինը չափից ավելի հոգատար և ուշադիր էր թե՛ իր, թե՛ որդու, թե՛ ծնողի նկատմամբ։

Տաթևը հիշում է․ «Անընդհատ ինձ ծակեղփնջեր էր նվիրում։ Մեզ ջերմությամբ էր պատում, մենք ուրախանում էինք, որ ինքն աշխատանքից տուն էր գալիս, անընդհատ սպասում էինք։ Երեխեն ինչ ցանկանում էր, բերում էր, ուր գնում էր՝ հետը տանում էր, շատ լավ ընտանիքի հայր էր, ամուսին, իմ իդեալն էր»,- ասում է Տաթևը։

Տարոնը շատ էր սիրում օգտագործել «թանկս» բառը, հաճախ էր ընտանիքի անդամներին այդպես դիմում՝ ասում է կինը։

«Երեխուն գրկեր-պաչեր, ասում էր՝ թանկս։ Ինձ էլ՝ թանկս, կյանքս, իրա մամային էլ շատ էր սիրում, ասում  էր՝ թանկ մերս»,- արցունքների միջից պատմում է Տաթևը։

24-ամյա կինն ասում է՝ ամուսնու հետ շատ երազանքներ ունեին, բայց ամենակարևոր ցանկությունը, որ միասին տուն ստեղծեին։

«Ուզում էինք Երևանում տուն ձեռք բերել, որ երեխան Երևանում ապագա ունենար։ Բայց մեր կյանքն անսպասելի կերպով  լրիվ փոխվեց։ Երեխան էլ անընդհատ ծանր ա տանում, մի բան ենք ուտում, ասում ա՝ պապան էս մի բանը սիրում էր, պապան ստեղ չի, որ ես իրա հետ տեղ գնամ, առաջ ընկերների հետ տեղ էր տանում։ Ես փորձում եմ ուժեղ լինել, ես ինձ պարտավորված եմ զգում մեր տղային մեծացնեմ»,- ասում է երիտասարդ կինը ու լռում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am