Ռուսական տելեգրամյան ալիքը հայտնում է Միհրան Պողոսյանի ձերբակալության մասին

Ռուսական տելեգրամյան ալիքները հայտնում են Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի ձերբակալության մասին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Mash տելեգրամյան ալիքին, նշվում է, որ Միհրան Պողոսյանին կանգնեցրել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները նոյեմբերի 19-ի կեսօրին, Մոսկվայի  Տվերսկայա փողոցում։

«Նրա մոտ փախստականի վկայական է եղել։ Նրա ձերբակալության մասին արդեն տեղեկացրել են Հայաստանի ոստիկանության կենտրոնական ապարատին, առաջիկայում Միհրան Պողոսյանին սպասվում է արտահանձնում: Ընդ որում, նախկինում Պողոսյանին արտաքսելու պահանջը ռուսական կողմը մերժել էր»,- նշում է Mash տելեգրամյան ալիքը։

«Արմենպրես»-ը փորձեց թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Գլխավոր դատախազությունից, որտեղից նշեցին, որ չեն մեկնաբանում այդ լուրը։ 

Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել էր որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

2019թ. ապրիլի1 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Ավելի ուշ, հայտնի էր դարձել, որ նա գտնվում է Ռուսաստանում և այդ երկրից քաղաքական ապաստան է խնդրել: