Նախկինում կատարված ապօրինություններ ՏՄՊՊՀ-ում․ ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են նախկինում կատարված հանցագործության դեպք:

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստվել են նյութեր, ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակից պաշտոնատար անձինք մի շարք ընկերությունների օգտին կատարել են գործողություններ` ելնելով անձնական շահագրգռվածությունից, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:

Մասնավորապես, 2017 թվականի օգոստոսի 8-ին «Ստանդարտ դիալոգ» ընկերության տրամադրած` պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող փորձարկման արձանագրությունների համապատասխան սյունակներում ՏՄՊՊ հանձնաժողովի աշխատակիցները կեղծել են արտադրանքը սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու վերաբերյալ տվյալները:

Կեղծիքի հետևանքով կաթնամթերք արտադրող 12 ընկերություն չի ենթարկվել օրենքով նախատեսված` տարեկան շրջանառության մեկ տոկոսի չափով վարչական պատասխանատվության, ինչը կազմել է ընդհանուր մոտ 155 միլիոն դրամ: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ստացվել են նաև փաստական այլ տվյալներ:

ՏՄՊՊ հանձնաժողովի պաշտոնատար անձինք, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, 2015-2017 թվականներին երկու անձի հրամանագրել են փորձագետի և մասնագետի հաստիքներում` նրանցից մեկին ապօրինի հատկացնելով հիմնարկի հաշվեկշռում հաշվառված «Տոյոտա» մակնիշի մեքենա: Նշված անձինք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ և պարգևավճար:

Մեքենան էլ չի օգտագործվել հանձնաժողովի կարիքների համար, բայց այդ ընթացքում դուրս է գրվել 9113 լիտր վառելիք: Այսպիսով, յուրացման և վատնելու միջոցով հափշտակվել է ավելի քան 12 միլիոն դրամ:


Դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։