Փոխվարչապետ Մաթևոսյանը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռիխտերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը․ տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։

Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է հայ և գերմանացի ժողովուրդներին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և նշել, որ վերջին երեք տասնամյակի ընթացքում Հայաստանն ու Գերմանիան ստեղծել են վստահելի գործընկերություն՝ հիմնված պատմական կապերի, ընդհանուր արժեքների և շահերի վրա:

Փոխվարչապետը բարձր է գնահատել GIZ-ի հայաստանյան գրասենյակի կատարած աշխատանքները բոլոր ուղղություններով և շնորհակալություն է հայտնել Գրասենյակին՝ Հայաստանի զարգացման օրակարգին աջակցելու համար։

Հանդիպման ընթացքում համագործակցության հեռանկարային ուղղություններից է համարվել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, ու այդ համատեքստում կարևորվել է Գերմանիայում «ԹՈՒՄՈ» կենտրոնի պաշտոնական բացումը։ Որպես փոխգործակցության այլ ոլորտներ՝ կողմերն ընդգծել են նաև տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով ապակենտրոնացված համագործակցությունը, ինչպես նաև մշակութային տուրիզմի ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների շարքում արձանագրած տնտեսական աճը, վարչատարածքային բարեփոխումների արդյունքում համայնքների միավորման գործընթացը, «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Հայաստանի համայնքներում գործարկված քաղաքացիների սպասարկման գրասենյակների գրանցած արդյունքները և տարբեր ուղղություններով Հայաստանի հետ կայուն ու ինտենսիվ համագործակցության հույս է հայտնել։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։