ԵՄ-ն տնտեսական աջակցության փաթեթ է պատրաստում Հայաստանի համար. Կայա Կալլաս

Եվրամիությունը Հայաստանի համար աջակցության ծրագիր կպատրաստի՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից կիրառվող առևտրային սահմանափակումների։ Այս մասին Լյուքսեմբուրգում կայացած ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։

Նրա խոսքով՝ անցյալ շաբաթ Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հստակ քաղաքական ուղերձ են փոխանցել։

«Հայ ժողովուրդը քվեարկել է խաղաղության, ինքնիշխանության և Եվրոպայի հետ ավելի սերտ հարաբերությունների օգտին։ Ռուսաստանի կողմից գործադրված ճնշումներն ու տնտեսական հարկադրանքը չկարողացան ազդել քվեարկության արդյունքների վրա»,- նշել է Կալլասը։

Նա հավելել է, որ ԵՄ անդամ երկրների նախարարները քննարկել են Հայաստանի դիմակայունության և տնտեսական դիվերսիֆիկացման ամրապնդման հնարավորությունները։

«Եվրամիությունն արդեն աշխատում է խոշոր տնտեսական աջակցության փաթեթի վրա, որը կօգնի Հայաստանին դիմակայել Ռուսաստանի կողմից կիրառվող անարդար առևտրային սահմանափակումներին։ Բացի այդ, Հայաստանում շուտով կսկսի գործունեությունը ԵՄ նոր գործընկերության առաքելությունը, որը կաջակցի կիբերհարձակումների, անօրինական ֆինանսական հոսքերի և այլ սպառնալիքների դեմ պայքարին»,- հայտարարել է Կալլասը։