Քաղաքապետարանը Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման համար Ծառուկյանից դիմում չի ստացել

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է Հայաստանի ամենաբարձրադիր վայրում Հիսուս Քրիստոսի 33-մետրանոց արձանը տեղադրելու մտադրության մասին, և այն նախագծելու համար հայտարարվել է մրցույթ: Նախաձեռնությունը, Ծառուկյանի բնորոշմամբ՝ «հայ ժողովրդին վերածնունդ ու լույսի ճանապարհ ցուցանող բացառիկ ծրագիր է»:

Թե Հայաստանի ամենաբարձրադիր վայր ասելով՝ որտե՛ղ նկատի ունի Գագիկ Ծառուկյանը, դեռ պարզ չէ, բայց որ արձանը, եթե այն կանգնեցվի, ամենայն հավանականությամբ, մայրաքաղաք Երևանում չի լինելու, ենթադրելի է: Համենայնդեպս Երևանի քաղաքապետարանը նման դիմում չի ստացել Գագիկ Ծառուկյանից:

«Մենք նման դիմում չենք ստացել: Սովորաբար, նրանք, ովքեր նման ցանկություն են հայտնում, դիմում են քաղաքապետարան, ավագանին քննարկում է դիմումը, և այդ քննարկման արդյունքում որոշում են, թե որտեղ պետք է կանգնեցվի տվյալ արձանը»,- «Մեդիալաբին» ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Հովսեփ Կուբատյանը:

Հավելենք, որ ԲՀԿ առաջնորդի այս նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից և համացանցում բուռն քննարկման առիթ է հանդիսացել: Օգտատերերը հիմնականում ծաղրական ու հումորային գրառումներ են անում հարցի վերաբերյալ:

Քրիստինե Աղաբեկյան                                                      

MediaLab.am