«Որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից». Հակոբ Կարապետյան

Երեւանի քաղաքապետի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։

«Նախօրեին տարածված տեսանյութում արձանագրված՝ 46 համարի երթուղու վարորդի վարքագիծը քննարկելու համար այսօր Երերւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչություն է հրավիրվել երթուղին սպասարկող ընկերության ներկայացուցիչը:

Քննարկման արդյունքում որոշում է կայացվել կարգազանց վարորդին հեռացնել աշխատանքից:

Ուղեւորափոխադրող ընկերության ներկայացուցիչներին քաղաքապետարանում հորդորել են աշխատանքներ տանել երթուղու վարորդների հետ՝ խստիվ պահպանել ուղեւորների հետ շփման վարքականոնը, ինչպես նաեւ ավելի ուշադիր լինել Ճանապարհային երթեւեկության կանոնները պահպանելու հարցում:

Ուզում եմ նշել նաեւ, որ առհասարակ վարորդների վարքագծի հետ կապված խնդիրները գործող տրանսպորտային համակարգի պայմաններում լուծել, ըստ էության, հնարավոր չէ: Հարցի խորքային լուծումը կտրվի այն ժամանակ, երբ ուղեւորները կօգտվեն հարմարավետ ու արժանապատիվ տրանսպորտից, իսկ վարորդը կաշխատի նորմալ պայմաններում, պարզ ասած, վարձատրությունը կախված չի լինի ուղեւորների քանակից: 

Այս ամենն իրագործելու համար քաղաքապետարանը ներկայումս ինտենսիվ աշխատանք է տանում՝ տրանսպորտի նոր ցանցը հնարավորինս շուտ գործարկելու ուղղությամբ»: