«Հարևանները մտածում են՝ ընտանիքի խնդիրն է, հասարակության խնդիրը չէ, ամոթ է, իրենք խառնվելու տեղ չունեն». Լարա Ահարոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանը 

– Տիկի՛ն Ահարոնյան, նախօրեին Գյումրիում տեղի ունեցած բռնության դեպքից հետո Ֆեյսբուք սոցիալական ցանցում հետևյալ գրառումն էիք արել. «Կնոջ համար Հայաստանում ամենավտանգավոր տեղը ոչ թե սահմանն է կամ օտար, ամայի փողոցները, այլ իր տունը… պատկերացնո՞ւմ եք՝ կանայք ամենաշատը անապահով են իրենց տանը»: Ինչո՞ւ են հաճախակի տեղի ունենում նման ողբերգական դեպքեր, և ինչո՞ւ պաշտպանված չեն կանայք: 

– Շատ պատճառներ կան, խնդիրը, իհարկե, բազմաշերտ է: Մենք շատ դեպքեր ենք տեսնում, բոլորը չեն հանրայնացվում, բայց նրանք, որոնք հանրային են դառնում, բավականին շատ են՝ գրեթե ամեն ամիս սպանության ելքով ընտանեկան բռնության մի դեպքի մասին ենք լսում, որը խիստ մեծ ցուցանիշ է:

Պաշտպանված չեն, որովհետև կանանց նկատմամբ սպանությունները, բռնությունները ավելի շատ լինում են իրենց հարազատ տարածքում, քան դրսում, փողոցում, աշխատավայրում կամ այլ տեղ: Իրականում տունը պետք է լինի ամենաապահով տեղը, քանի որ ապրում ենք պահպանողական հասարակության մեջ, որտեղ ասում են, որ ընտանիքը ամենակարևորն է, ամենապաշտպանվածը պետք է լինի, բայց իրականում այդպես չէ, և շատ անգամ հասարակության մեջ մենք չենք ընդունում այդ իրականությունը: Իսկ քանի դեռ չենք ընդունում, այդ իսկ պատճառով դժվարանում ենք լուծումներ գտնել, որովհետև պետք է նախ ընդունենք, որ խնդիրը կա:

– Ի՞նչն է այդ իրականությունը չընդունելու պատճառը:

– Հասարակությունը չի ընդունում, որ կարող է վատ մարդ լինել իր ժողովրդի մեջ: Որովհետև մեզանում շատ կա ազգայնական մտածելակերպը, որ մենք լավն ենք, ամենալավն ենք, մեզ մոտ սխալ բան չկա՝ համեմատելով մեզ մյուս ազգերի, երկրների հետ: Դրա համար ուզում են շատ անգամ նման երևույթները թաքցնել, որովհետև ամոթալի բան կա նաև, ու ամոթից ամենաշատը տուժում է կինը, որովհետև նա է դառնում զոհ: Եվ նաև իրականություն կա, որ մենք հասարակության մեջ շատ անհավասար ենք՝ կին-տղամարդ, նույն դիրքերում չենք, իշխանությունը ավելի տղամարդու ձեռքն է: Եվ երբ որ իշխանություն ունես, բռնությունը կիրառվում է, որ վերահսկես ընտանիքդ, զավակներիդ, երեխաներիդ, կնոջդ, բոլոր նրանց, ում տեսնում ես քեզ ենթակա: 

Ու այդ մշակույթը առկա է: Եվ դրանից բխում է բռնության մշակույթը, որ մասնավորապես կանանց հանդեպ է, և մենք տեսնում ենք այսպիսի դեպքեր, որ արդեն ամենածայրահեղն են: Չնայած բռնության դեպքերը, որը կան, ավելի շատ ճնշման ձևով են արտահայտվում, լինում է հոգեբանական բռնություն, ամեն բռնություն չէ, որ մահով է ավարտվում: Եվ քանի որ թերի է ընտանեկան բռնության մասին օրենքը, որի համար 2017 թվականից այնքան պայքարեցինք, բայց վերջում այդ օրենքը այնքան թուլացրեցրին՝ տեղի տալով պահպանողական, ծայրահեղական խմբերի հակաքարոզչությանը, երբ հարձակվում էին կանանց կազմակերպությունների վրա, որպեսզի չբարձրաձայնեն այդ խնդիրը՝ ասելով, թե դա մենք ենք հնարում: Դրա պատճառով մեր հասարակության մեջ կանանց նկատմամբ բռնությունը չի քրեականացված, և նման դեպքերը չեն դատապարտվում:

– Ըստ դատախազության հաղորդման՝ Գյումրիում ծեծի ենթարկվելուց և 8 ժամ այդ վիճակում մնալուց հետո են միայն հայտնաբերվել չափահաս կնոջ դին և ծանր վնասվածքներով նրա 13 տարեկան աղջիկը: Եթե ավելի վաղ ահազանգ լիներ, գուցե կինը փրկվեր: Ինչո՞ւ է հասարակությունը լռում և չի փորձում կանխարգելել բռնությունը, որը ողբերգական հետևանքների է հանգեցնում:

– Մենք դեռ չենք սովորել հասարակության մեջ դատապարտել բռնության դեպքերը, որովհետև մեզ մոտ լեգիտիմացված է այս ամենը, ընդունված է, որ տղամարդը պետք է կնոջը մեկ-մեկ ծեծի, ապտակի, գլխին մի բան տա, սպանի՝ ամենածայրահեղ դեպքում, ահա թե ինչու երբ լսում ենք նման դեպքերի մասին, առաջին հարցը, որ տալիս ենք՝ տեսնե՞ս ինչ արեց, որ այսպես եղավ: Եվ քանի դեռ այդ հարցը տալիս ենք, դա ցույց է տալիս հանրությանը, որ կա պատճառ:

Լրիվ չեն դատապարտվում բռնության դեպքերը, և հարևաններն էլ մտածում են, որ ընտանիքի խնդիրն է, հասարակության խնդիրը չէ, ամոթ է, իրենք խառնվելու իրավունք չունեն: Այսինքն՝ պետք է այդ մտածելակերպն էլ փոխվի, որ հասարակության խնդիրն է, բոլորս ենք տուժում այս դեպքերից: Սա նշանակում է, որ որևէ մեկը, որն ունի աղջիկ երեխա կամ կին, կամ ընկերուհի, երաշխավորված չէ այս դեպքերից, ու քանի դեռ մենք անտարբեր ենք, այս դեպքերը շարունակվելու են:

– Տիկին Ահարոնյան, թիրախավորվում են նաև այն իրավապաշտպանները, որոնք զբաղվում են կանանց իրավունքների հարցերով և պաշտպանությամբ, այդ թվում՝ նաև դուք: Ինչո՞ւ:

– Պատճառներից մեկն այն է, որ երբ բարձրաձայնում ես ընտանեկան բռնության խնդիրները, դու նաև բարձրացնում ես տղամարդու իշխանության խնդիրը, այսինքն՝ դու ուզում ես ասել տղամարդուն, որ իրավունք չունեն ձեռք բարձրացնել ոչ մեկի՝ ոչ կնոջ, ոչ երեխայիդ վրա, ու շատ մարդիկ, որ հարձակվում են իրավապաշտպանների վրա, իրենք չեն ուզում, որ իրենց իշխանությունը, իրենց արտոնյալ վիճակը խախտվի, նրանք սպառնալիք են տեսնում իրենց իշխանությանը:

Պատճառներից մյուսն այն է, որ մտածում են՝ հեշտ է վախեցնել, մանիպուլացնել հասարակությանը, ասելով, որ երբ որ խոսում ես ընտանեկան բռնության մասին, քո միակ նպատակը ընտանիքը կործանելն է, և դա վերջ կբերի ամեն ինչին՝ ինքնությանը և այլն: Բայց չեն անդրադառնում այն հարցին, որ այդ ընտանիքը արդեն կոտրվել է, երբ այդ ընտանիքում բռնություն կա: Մենք ունենք այս բռնության մշակույթը, որի մեջ մեծացել ենք՝ լինի դպրոցում, բակում, տանը: Մեզ համար դա դարձել է մարդկանց հետ հարաբերվելու շատ լեգիտիմ ձև: Ընդհանրապես տղամարդկանց շրջապատում տղամարդկությունը միշտ համեմատվել է բռնություն դրսևորելու հետ:

Պետք է վերանայել՝ ինչ է նշանակում տղամարդ լինել, արդյոք նշանակո՞ւմ է, որ դու անպայման պետք է բռնարար լինես, ծեծես, խփես կամ ճնշես, ու դա գալիս է կրթության ոլորտից, որ փոքր տարիքից չեն սովորեցնում աղջիկներին և տղաներին, որ հավասար են, հավասար իրավունքներ ունեն, ոչ մեկը մյուսից ավելի իշխանություն չունի: Կրթությունը արդեն իր դերը կկատարի, կամաց-կամաց, սերնդեսերունդ փոփոխությունը կնկատվի մարդկանց հարաբերություններում: 

– Կրթությունից բացի ի՞նչ մեխանիզմների գործադրմամբ է հնարավոր կանխարգելել նման բռնության դեպքերը:

– Նախ կարևոր է խիստ պատիժը, քրեականացնել ընտանեկան բռնությունը՝ որպես առանձին հանցագործություն, ավելի խիստ պատիժ սահմանել, դա կարևոր կանխարգելման միջոց է, հետո նաև իրազեկել հասարակությանը: Մենք տեսնում ենք հեռուստատեսային եթերում սերիալներում բռնության դեպքեր, բայց ոչ մի դեպքում չենք տեսնում՝ ինչ է նշանակում առողջ հարաբերություններ ունենալ, տեսնում ենք բռնությունը, վատը:

Նաև շարունակել իրավապահ մարմիններին պատրաստել, որ նրանք ճիշտ և ժամանակին միջամտեն, լուրջ վերաբերվեն զանգերին: Որովհետև լինում է՝ հարևանները չեն զանգում՝ մտածելով, դե լավ, ոստիկանությունը պիտի գա, ինչ պիտի անի, կարող է և չգալ, իրենք հետո խնդիր ունենան: Վստահություն չկա, որ ոստիկանությունը պետք է օգնի և պաշտպանի մարդկանց: Պետք է երկարատև աշխատանք, պետք է ճիշտ մոդելներ ցույց տալ, առողջ հարաբերությունների մոդելներ:

Արփինե Արզումանյան

MediaLab.am