«Ինչո՞ւ են դիմադրում քրեական տարրերը. նախկին իշխանությունը չի ուզում հեշտությամբ բոլոր դիրքերը հանձնել»․ Էդուարդ Զորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը

– Պարո՛ն Զորիկյան, վերջին շրջնում զենքի գործադրմամբ որոշ հանցագործություններ են կատարվում։ Կան տարբեր մեկնաբանություններ, այդ թվում, որ երկրում անհանգիստ վիճակ է։ Ինչո՞ւ է զենքի գործադրումը դառնում նորմ։

– Ինձ թվում է՝ այդ կրակոցները վերջին 30 տարիների ընթացքում միշտ էլ եղել են։ Փողոցներում, բակերում, ժողովրդի աչքի առաջ՝ միշտ են եղել։ Բայց ես հիմա համոզված եմ մի բանում, որ ցանկացած նման դեպքով չպետք է մնան օդում կախված հարցականներ։ Սա է ժողովրդին ավելի շատ անհանգստացնում։ Այդ մասին ինֆորմացիայի մատուցման ձևն ամեն ինչ խառնում է իրար, և օդում մնում են բազմաթիվ հարցականներ՝ այդ ինչպե՞ս եղավ։ Տեղեկություններ կան, որոնք նախքան որոշ փուլ հասնելը բացարձակ փակ ինֆորմացիա են, լրատվամիջոցները այդ որտեղի՞ց են վերցնում, ո՞նց են տարածում։ Անցնում են օրեր, ինչ-որ բաներ իրենց տեղն են ընկնում, բայց սկիզբը սենսացիա է։

Քրեական ենթամշակույթի դեմ ակտիվ պայքար է այս փուլում, անգամ օրենք ընդունվեց ԱԺ-ի կողմից, հնարավո՞ր է, որ որոշ շրջանակներ չեն հաշտվում նոր կանոնների հետ ու դիմադրություն ցույց տան։

– Իհարկե ոստիկանությունը ռեալ գործողություններ է անում, ամեն օր իմանում ենք, որ այսինչ շրջանում բերման ենթարկվեցին քրեական ինչ-ինչ հեղինակություններ։ Մյուս կողմից՝ Ազգային ժողովն ընդունեց պայքարի օրենք։ Եվ ինչ-որ կերպ դիմադրում է այդ քրեական տարրը։

– Մենք նաև պատգամավորների թվում կարծես տեսանք դիմադրողներ, իրենց ելույթներով պաշտպանում էին քրեական ենթամշակույթը։ Սա ինչի՞ հետևանք է։

– Ա՛յ դա լրիվ աննորմալ երևույթ է, դրա հետ չեմ կարողանում համակերպվել։ Գոնե պատգամավորների շրջանում չպետք է այդպիսի տեսակետներ լինեն, օրենքները պետք է ծառայեն ժողովրդին։ Թեպետ իրենք ասում են, որ այդ քրեական տարրն էլ է ժողովրդի մի մասնիկը։

– Այսինքն՝ դիմադրությունն առկա՞ է որոշ ուժերի կողմից։

– Այսինքն՝ ո՞ւմ պետք է դիմադրեն, Հայաստանի Հանրապետությա՞նը, ժողովրդի՞ն։ Այդ առճակատմանն անգամ Ադրբեջանը չդիմացավ, ուր մնաց մի քանի տասնյակ քրեական տարրեր։ Եթե դա քաղաքականությամբ զբաղվող խումբ է, կուսակցություն է, չգիտեմ ինչ է, պետք է հասկանան, որ պետք է պայքարեն օրինականության դաշտում ու քաղաքական ոլորտում, ոչ թե մանր-մունր միջադեպեր սարքեն։ Ի վերջո բոլորն էլ հասկանում են, թե նրանք ինչի՛ համար են այդպես անում։ Եթե նրանց կողմից դիմադրություն, առճակատում լինեն, դա կլինի անճարության վերջին աստիճանը։ Դա կլինի իրենց տապանաքարը, որովհետև պետության հետ առճակատումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։

– Որոշ շրջանակներ, հղում անելով վերջին շրջանում զենքի գործադրմամբ միջադեպերին, տեղեկություններ են տարածում, թե երկրում անկայուն վիճակ է, հանցավորությունն աճել է։ Իրականում ի՞նչ փուլում ենք գտնվում։

– Սա անվանենք հետհեղափոխական իրավիճակ։ Վերջերս շատ են ասում՝ իշխանափոխություն է եղել։ Եթե այդպես անվանենք իրավիճակը, որ իշխանափոխություն է եղել, ապա նախկին իշխանությունը չի ուզում հեշտությամբ բոլոր դիրքերը հանձնել։ Որոշ դիրքեր հանձնեցին, որովհետև ժողովուրդը ոտքի էր ելել, այլընտրանք չկար։ Բայց, իմ կարծիքով, նրանք այսօր չեն ուզում բոլոր դիրքերը հանձնել։ Նրանք պետք է ամեն ինչ անեն օրինականության դաշտում, որովհետև, համոզված եմ՝ ապօրինությունները կանխվելու են։

– Մեղադրանքներ կան իշխանությանը, որ բռնության քարոզ կա երկրում, վարչապետի հնչեցրած՝ «ասֆալտին պառկեցնել», «թաթիկները կտրել» և նման արտահայտությունները նրանք բռնության կոչ են որակում։

– Եթե այդպես են ասում, ուրեմն պետք է հիշողությամբ մի փոքր հետ գնան և հիշեն վարչապետի այն խոսքը, որ՝ չխաբվեք մեր փափուկ կեցվածքին, եթե պետք լինի՝ ամենակոշտ մեթոդներով կգործենք։ Նրանք խաբվեցին, բայց պարզվեց՝ այդպես չէ, ի վերջո, պետության հետ գործ ունեն, ժողովրդի հետ գործ ունեն։ Իսկ ժողովուրդն իր ընտրությունն արել է։ Եթե այսպես շարունակվի, կոշտ մեթոդների ժամանակը գալու է։ Իհարկե լավ կլիներ բանը դրան չհասներ։ Երբ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունը ձևակերպեց թավշյա, այդ բոլոր մեսիջները բացահայտ ուղարկել էր։ Եթե հիմա հակահեղափոխական թևն ուզում է գնալ հեղափոխության տրադիցիոն ճանապարհով, Աստված չանի, մենք դրա կարիքը բացարձակ չունենք։ Լավ կլինի, որ այդ քաղաքական ուժերը, եթե իրոք քաղաքական ուժերն են, այդ ամենը շուտ գիտակցեն ու վերադառնան քաղաքական դաշտ, քաղաքակիրթ ձևով պայքարեն։

– Երբ երկրի խորհրդարանում կան ուժեր, որոնք սատարում են քրեական տարրերին, սա արդյոք խնդիր չէ՞ երկրի համար։

– Ինձ թվում է՝ ժամանակի ընթացքում ինքնամաքրման գործընթաց կլինի։ Այդ պրոցեսն անխուսափելի է, որովհետև գնալով ավելի կոշտ մեթոդներ են լինելու, և նման հարց կբարձրացվի։ Գուցե հիմա դրա ժամանակը չէ, բայց ինչ-որ փուլում կբարձրացվի։ Հնարավոր է՝ նրանք մանդատները վայր դնեն ու հեռանան, հնարավոր է՝ ժողովուրդը հետ կանչի այդ պատգամավորներին։ Ես չգիտեմ՝ ինչ կլինի, բայց այսպես չի կարող երկար շարունակվել ։ Վատն այն է, որ այս վայրիվերումները մեզ բացարձակ պետք չեն։ Նրանք ասում են՝ իշխանությունը հանձնեցինք առանց առճակատման ու արյան, բայց փաստացի մենք հիմա տեսնում ենք, որ չեն հանձնել, ընդամենն այդ պահին ուրիշ ճար չունեին։ Բայց էլի եմ ասում՝ նրանք պետք է վերադառնան քաղաքական դաշտ ու քաղաքակիրթ ձևով պայքարեն քաղաքական դաշտում։ Այստեղ դրականն այն է, որ բոլորի դիմակները պատռվում են, և իրական դեմքը երևում է։

Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am