«Բոլորի համար ընդունելի վարչապետ» Հովիկ Աբրահամյանը մայիսի 14-ին կառավարությունում ընդունել է մոտ 100 խոշոր հարկատուների, որոնց հետ հանդիպմանն ըստ ամենայնի ասել է «բոլորի համար անընդունելի» բաներ: Համենայն դեպս, ինչպես նկատելի է yerkir.am-ի տեսանյութից, գործարարները, այդ թվում ի դեպ մի շարք պատգամավորներ, Աբրահամյանի հետ հանդիպումից դուրս են եկել մեղմ ասած ոչ այնքան բարձր տրամադրությամբ եւ գրեթե ոչ մի բառ չեն փոխանակել լրագրողների հետ:
Պարզ է, թե Հովիկ Աբրահամյանն ինչ պետք է ասած լիներ խոշոր գործարարներին: Նա այդ մասին արդեն իսկ մի քանի հայտարարություն արել է լրագրողների համար, նշելով, որ իրավիճակ փոխելու համար պետք է ժամանակ եւ ֆինանսներ: Հովիկ Աբրահամյանը խոշոր գործարարներից հենց այդ ժամանակն ու ֆինանսներն էլ խնդրել է, իսկ գուցե պահանջել:
Նա փող է ուզել գործարարներից, միաժամանակ ասելով նաեւ, որ դա վերադարձնելու համար կպահանջվի երկար ժամանակ: Հայաստանի գործարար աշխարհի խոշոր ներկայացուցիչների ճնշող մեծամասնությունը սովոր չէ փողի համար ժամանակին սպասելու: Նրանք աշխատում են այստեղ եւ հիմա, ու որքան հնարավոր է բարձր տոկոսով հոգեբանության շրջանակում: Իշխանությունն էլ նրանց համար մի յուրօրինակ բիզնես պրոյեկտ է, որտեղ բոլորովին վերջերս «ջեք-փոթ» ունեցան՝ Տիգրան Սարգսյանին փոխարինեց յուրային, գրեթե հարազատ Հովիկ Աբրահամյանը:
Բիզնես տրամաբանությունը հուշում է, որ այդ փոփոխությունը պետք է ռեալ անդրադառնա նրանց եկամուտների վրա, այլապես ո՞րն էր Հովիկ Աբրահամյանին վերջապես վարչապետ կարգելու ջանքերի իմաստը: Կարդալ ավելին