Ապատեղեկատվություն․ «ՆԱՏՕ-ի զորքերը»՝ «Կիևի մետրոյում»․ FIP.am

Հայաստանյան մի քանի լրատվամիջոցներ տարածել են մի տեսանյութ, որում սպառազինված զինվորականները տեղաշարժվում են մետրոյով։ Մասնավորապես, «Ավրորա»MediaHub.am և politik.am լրատվականների ներկայացմամբ՝ դրանք «ՆԱՏՕ-ի զինված զորքերն են Կիևի մետրոյում»։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց տարածված տեսանյութը և պարզեց, որ այն որևէ կապ չունի ՆԱՏՕ-ի և Կիևի հետ․ տեսանյութում Շվեդիայի զինված ուժերի զորավարժություններից մեկի կադրերն են։

Սկսենք զինվորներից

Տեսանյութում հստակ երևում է, որ զինվորների համազգեստի թևքերին պատկերված է Շվեդիայի դրոշը, ինչը նշանակում է, որ զինվորները Շվեդիայի զինուժի ներկայացուցիչներն են։

Նախ, արձանագրենք, որ Շվեդիայի թագավորությունը ՆԱՏՕ-ի անդամ չէ, ինչպես և կազմակերպության անդամ չէ Ուկրաինան։ Եվ առհասարակ, ՆԱՏՕ-ն զինվորականների՝ Ուկրաինա  տեղափոխելու վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն մինչ այս պահը չի արել։

Մետրոյի մասին

Չնայած լրատվականները նշում են, որ զինվորականները Կիևի մետրոյում են, սակայն տեսանյութի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն նկարահանված չէ Կիևում։ Կիևի մետրոպոլիտենը և հատկապես՝ խորհրդային շրջանից մնացած շարժակազմն ավելի շատ հիշեցնում է Երևանի մետրոն

Կիևի մետրոն (լուսանկարը վերցված է Կիևի մետրոյի ֆեյսբուքյան էջից)

Իրականում՝ ներկայացրած տեսանյութը ավելի քան վեց տարվա վաղեմություն ունի․ այն արվել է 2015 թվականին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում, երբ ուսումնական վարժանքների շրջանակներում շվեդական բանակի էլիտար ստորաբաժանումներից մեկը փորձարկում էր հասարակական տրանսպորտով զորքերի տեղաշարժի արդյունավետությունը։

Ուսումնական վարժանքը տեղի էր ունեցել 2015 թվականի օգոստոսի 12-ին, ինչի վերաբերյալ Շվեդիայի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն էր տարածել։

Ուսումնական վարժանքի ընթացքում մոտ 40 զինվորականներ տեղաշարժվել էին Ստոկհոլմի մետրոյի Ստադիոն (Stadion) կայարանից դեպի Սլուսսեն (Slussen) կայարան։ 

Ի դեպ, փոքր-ինչ ուշադիր դիտելիս կարող ենք տեսանյութում նկատել մետրոյում տեղադրված շվեդերեն գովազդներն ու անգամ Slussen կայարանի՝ հայելային արտացոլված ցուցանակը։

Կից տեսանյութի բնօրինակը՝ Շվեդիայի զինուժի ուսումնական վարժանքը Ստոկհոլմի մետրոյում։

Այսպիսով փաստենք՝ ոչ թե ՆԱՏՕ-ի զորքեր, այլ Շվեդիայի, ոչ թե Կիևում, այլ Ստոկհոլմում, ոչ թե այսօր, այլ 2015 թվականին։ 

Փաստերի ստուգման հարթակ