Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի Եվրամիության ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի Euronews-ի կազմակերպած՝ Եվրամիության ընդլայնմանը նվիրված գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

Գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն Եվրամիության ընդլայնման հեռանկարները, եվրոպական անվտանգությունն ու ռազմավարական ինքնավարությունը, տնտեսական հնարավորություններն ու մրցունակությունը, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումներն ու ԵՄ անդամակցության ճանապարհը։

«Քանի որ Եվրամիությունը դիտարկում է ընդլայնման հաջորդ փուլը, քննարկումն այլևս միայն այն մասին չէ, թե որ երկրները կարող են միանալ ԵՄ-ին, այլ նաև այն մասին, թե ինչպիսի Եվրամիություն է ցանկանում կառուցել Եվրոպան»,– նշվում է Euronews-ի հայտարարության մեջ։

Գագաթնաժողովին կմասնակցեն քաղաքական առաջնորդներ, որոշումներ կայացնող պաշտոնյաներ, փորձագետներ և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

Միջոցառումը կհեռարձակվի ուղիղ եթերով՝ Euronews-ի հարթակներում։