Համերի հիշողություն. Հերմինեն, Ծիան, մանուշակով ժենգյալով հացը

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց:

1990-ականների սկզբին Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղում հայտնվեց մի երիտասարդ աղջիկ՝ Ծիա Վարդապետյանը: Նա եկել էր ԱՄՆ-ից ու որոշել մեկ տարի մնալ Աշանում, օգնել տեղի բնակչությանն ինչով կարող էր: Խնդրել էր, որ իրեն թույլ տային մնալ գյուղում հայտնի հրամանատար Արմեն Ավագյանի տանը, որը զոհվել էր 1992 թվականին: Այդ հին տանը, որի պատերից մեկի երկայնքով ճաք էր գոյացել, ապրում էին Ավագյանի ծնողները, կինը և միակ զավակը՝ Հերմինեն…

Երևանյան բակերից հիմա, առավել քան երբևէ, կարելի է թարմ ժենգյալով հացի ու թերթերուկի բույրեր զգալ: Դա ասես ակնարկ է, որ քաղաքի գրեթե ամեն անկյունում մի քիչ Արցախ կա, ու այդ բույրը յուրատեսակ առհավատչյա է այն բանի, որ նրանք չեն հանձնվում: 

Արցախցի գրող Հերմինե Ավագյանի տունը այդ բույրերի մեջ բացառություն չէ. սեղանին դրված մեծ ժենգյալով հացն ու թերթերուկը դրա վկայությունն են: Բաբոն, սակայն, որ հիմա 87 տարեկան է, ժենգյալով հացը համարում է համեղ, եթե տասներկու տեսակի կանաչիները քաղել է իր ձեռքով, խմորը բացել է բարակ, մեջը նռան հատիկներ է լցրել ու թխել սաջի վրա (կլոր, գոգավորություն ունեցող հարմարանք, որի վրա թխում են ժենգյալով հաց): 

«Վերջերս բաբոն ժենգյալով հաց կերավ ու հանկարծ ասաց՝ այս հացից մի քանի հոգու էներգիա եմ զգում, սա մեկ հոգու պատրաստած չէ: Կանաչին էլ շուկայից է գնված, ոչ թե թխողի չարչարանքով սարերից հատիկ-հատիկ քաղված: Բաբոն մերժում է թավայի վրա ժենգյալով հաց թխելը, նա սովոր է բակում սաջի վրա թխել»: 

Գարնանամուտին Աշանի սարերը պատվում էին զմրուխոտով, ու կանաչիների հոտը լցվում էր գյուղ՝ ասես ավետելով, թե ճիշտ ժամանակն է ժենգյալով հաց թխելու: Տատը փութաջանությամբ բացատրում էր Հերմինեին, որ եթե տասներկու կանաչիներից մեկնումեկն էլ տեղում չլինի, էլ ժենգյալով հաց չի կարող կոչվել: Ու ընկնում էին սարերը՝ այդ ընթացքում տատի հետ զրուցելով ու բացահայտելով հայրենիքը: Մի օր հաց թխելիս թոռանը կարգադրել էր գնալ ու մանուշակ քաղել: Վերցրել էր ծաղիկը, թերթիկը զգուշորեն պոկել ու դրել ժենգյալով հացի մեջ: Դրա համար Հերմինեի մանկության ժենգյալով հացը մանուշակաբույր է: 

«Հիշում եմ, որ երբ հացը բոլորի միջև բաժանվեց, առաջին պատառից հասկացա, որ մանուշակովն ինձ է բաժին հասել, տատն էլ թե՝ «ռուզի»-ն, այսինքն՝ ղսմաթը քեզ հասավ: Այդ նշանակում է, որ մեծանաս, պիտի գրես մեր գյուղի մասին, պատմես ամենքին»: 

Տիկին Նաիրայի ժենգյալով հացը գյուղում շատ հայտնի էր: Թվում է, թե մի քանի կանաչի է, կխառնես, խմորն էլ բարակ կբացես ու պատրաստ է, բայց չէ, սա մի մեծ արարողություն էր, որ միավորում էր ողջ գյուղը: 

Երբեմն Հերմինեն գյուղի բոլոր երդիկներից նույն բույրն էր զգում՝ Աշանը ժենգյալով հաց էր թխում, բայց բաբոյի տան կողքով անցնող-դարձողը չէր կարող չմասնակցել այդ համի խնջույքին: Եթե շտապում էր, տատը ցանկապատից թղթով փաթաթած հացը փոխանցում էր. բոլորը գիտեին, որ Նաիրայի հացն ուրիշ է: Հերմինեի մանկության հիշողությունների մեջ տատից հետո մեկ այլ կարևոր անձ կա՝ սփյուռքահայ աղջիկ Ծիան: 

1990-ականների սերնդի շատ երեխաների մանկությունն ամփոփված էր նկուղներում, ու քչերը գիտեին, որ նկուղից այն կողմ՝ աշխարհում, մանկությունն այլ ձև ունի, որ այնտեղ կռիվ-կռիվ չեն խաղում, որ խաղալիքներն ուրիշ են, ու կոնֆետները բազմագույն են: Երբ Ծիան հայտնվեց Հերմինեի ընտանիքում, ճամպրուկից հանեց գունավոր թղթերով լի մի տուփ ու մեկնեց երեխային: Նա երկար նայեց տոպրակին ու չհասկացավ՝ ինչ է մեջը: 

«Ծիան ասաց՝ կոնֆետ է, իսկ ես հարցրի, թե կոնֆետն ի՞նչ է: Ինձ համար կոնֆետը մորս սարքած գրիլյաժն էր, որ նա փայլաթիթեղի մեջ էր դնում ու տալիս ինձ: Իմ իմացած կոնֆետը արծաթագույն թղթով էր: Ծիան ինձ նայեց ու լաց եղավ. նա չափազանց հեռվից էր եկել հասկանալու համար, թե ինչու ես չգիտեմ՝ ինչ է կոնֆետը»: 

Հերմինեն փորձեց ամերիկյան կոնֆետներն ու որոշեց բաժանել գյուղի երեխաներին՝ իր նման մարդկանց, որոնց կոնֆետը միշտ նույն համն ու գույնն ուներ: 

Սփյուռքահայ աղջիկը, որ տարբերվող հայերենով էր խոսում, փոխեց գյուղի երեխաների կյանքը, որոնց իմացած ամենահեռու երկիրը Ռուսաստանն էր, ու ամենամեծ զարմանքը, որ հայերը միայն Հայաստանում չեն ապրում, այլ աշխարհի տարբեր երկրներում: 

Հերմինեն ասում է, որ Ծիան նրանց սովորեցրեց, թե ինչ է Սուրբ Հարության տոնը, կարդաց իրենց համար «Արջուկն ու պաղպաղակը» հեքիաթը ու պատմեց, որ պաղպաղակը միայն մայրիկի պատրաստածը չէ, այն, որ բաժակի մեջ է, այլ լինում է կոնի մեջ: Նա սովորեցրեց մանկություն ունենալ, որ այդ երեխաներից մեծերը խլել էին: 

«Մի օր տեսավ, որ փայտից խաղալիքներ ենք սարքել ու կռիվ-կռիվ ենք խաղում: Հարցրեց, թե ինչ ենք անում, երեխաներն էլ ասացին, որ հայ ու թուրք են խաղում, սպանում են թուրքերին: Ծիան զարմացավ ու վախեցավ, վախեցավ, որ մենք ստիպված էինք շուտ մեծանալ: Նրա իմացած մանկությունը այդ կերպը չուներ: Ու խաղալիքներ խնդրեց մորից, որ հասավ մեզ Ամանորին, ու մենք իմացանք, թե ինչ է փափուկ խաղալիքը»: 

Մի զավեշտալի բան տեղի ունեցավ, երբ Ծիան մեկ տարի մնալուց հետո մեկնում էր ԱՄՆ: Ճամպրուկները հավաքելիս գյուղի մեծ մասը եկավ, որ ճանապարհեր նրան, ամեն մեկն իր հետ բերել էր ծանրոց, որ նա տաներ ԱՄՆ: Մեկը մածուն էր բերել, մյուսը՝ պանիր, այն մեկը՝ յուղ: Գյուղում քչերը գիտեին, թե որքան հեռու է Ամերիկան, ու խիստ զարմացել էին, երբ Ծիան բացատրել էր, որ չէր կարող այդ ամենը տանել: 

«Նա մեր լուսավոր կետն էր այդ օրերին, մարդը, որը այդքան ճանապարհ էր կտրել ու եկել, որ մենք իմանայինք, թե ինչ է մանկությունը: Դրանից հետո Ծիան ամեն տարի եկել է Աշան, ու մեր կապը մինչև հիմա կա»: 

Հերմինեն պատմում է, որ իր՝ գյուղի մասին հիշողությունները չեն սահմանափակվում լոկ իր ընտանիքով: Սննդային հիշողությունն առավել, քան ամբողջ գյուղի մասին է: 

Երբ մեկը թոնիր էր վառում, բոլորն իրար իմաց էին տալիս, թե թոնիրը վառել են, գնանք հաց թխելու: Հացին հաջորդում էր երեխաների ամենասիրած պահը՝ գաթան, որն իրենց գյուղում «քյաթա» էին ասում:

Մեծերն այդ ծեսին մասնակից էին դարձնում երեխաներին, որոնցից ամեն մեկը պետք է ձվով պատված կլոր գաթայի վրա մի բան նկարեր: Հերմինեն միշտ արև էր նկարում, ընկերուհին՝ տնակ: Գաթան դառնում էր գյուղի երեխաների երևակայության ու երազանքների կետը, ու երբ այն թխվում էր, երեխաները բույրի հետևից գալիս էին՝ իրենց նկարազարդ կտորը վերցնելու: 

«Մանկությանս ամենապայծառ հուշն է այդ քյաթան, մեր գյուղի մարդկանց միավորված լինելու վկայությունն ու երբևէ կերածս ամենաքաղցր պատառը: Հիմա արցախցիներից շատերն ամեն օր մի բան են սարքում, որ կարոտներն առնեն: Ամուսնուս եղբոր կինը փախլավա է պատրաստում, ասում է, որ երբ թխում է, իրեն թվում է, թե Շուշիում է, ու ամուսինը հիմա դիրքերից հետ կգա»: 

Արցախահայությանը միավորող տարբեր դաժան ու տխուր փաստերից բացի, կա ամենակարևոր բաներից մեկը՝ սնունդը: Միասին ուտելիք պատրաստելը, որ բնորոշ է այդ տարածաշրջանին, թույլ է տալիս վերականգնել ու վերագտնել հայրենիքի, ծննդավայրի հետ կապը: Այդ է պատճառը, որ Երևանի գրեթե ամեն բակ Արցախով է բուրում: 

Երբ Ծիա Վարդապետյանը առաջին անգամ ոտք է դրել Արցախ, Հերմինեն եղել է հինգ տարեկան: Հիմա նա երեք երեխաների մայր է, որ գրում է իրենց գյուղի մասին՝ ասես իրականացնելով բաբոյի մարգարեությունը: 

Երբ հեռանում էի նրանց տնից՝ ձեռքիս ժենգյալով հացն ու թերթերուկը, որ դուրս գալիս նրբանկատորեն տվեցին ինձ, մտածում էի՝ տեսնես կգա՞ մի օր, երբ Հերմինեի երեխաներն իրենց գյուղում գաթայի վրա արև կնկարեն, տեսնես այս երեխաներին կհաջողվի՞ գտնել իրենց մի պատառ արևը: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյան

MediaLab.am