«Նոր դիրքերից հայկական կողմը կարող է պատժել և լռեցնել հակառակորդին». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

– Պարո՛ն Պապյան, վերջերս տեղեկություն եղավ այն մասին, որ հայկական զինված ուժերը Տավուշի մարզում դիրքեր են ազատագրել։ Ի՞նչ տեղեկություններ ունեք, ռազմավարական նշանակության ի՞նչ դիրքերի մասին է խոսքը։

– Այո՛, տարբեր աղբյուրներից տեղեկություններ կան, հայկական դիրքերը առաջ են տրվել, և երկու կարևոր բարձունքի վրա հաստատել են նոր դիրքեր։ Դրա շնորհիվ հայաստանյան տարածքում, ես ուզում եմ շեշտել, որ դա հայաստանյան տարածքում է եղել, վերահսկողության մակերեսը մեծացել է։ Երբ ասվում է, որ Չինարին այլևս չի գնդակոծվի, իհարկե, դա այդպես չէ, որովհետև ադրբեջանական դիրքերը շարունակում են մնալ իրենց դիրքում և կարող են նույն հաջողությամբ գնդակոծել, ինչպես նախկինում։

Պարզապես հիմա մեր առավելությունն այն է, որ այս նոր դիրքերը գտնվում են ավելի բարձրադիր հատվածում, քան ադրբեջանականը, և մերոնք այստեղից կարող են պատժել և լռեցնել այդ կետերը։

Այսինքն՝ այստեղ խնդիրը ոչ թե նրանց գործողությունների անկարողության մեջ է, այլ հետևանքների մեջ է, հիմա նրանք դա անպատիժ չեն կարող անել։ Պետք է նշել, որ նաև ադրբեջանական կողմից են դիրքերն առաջ տրվել։ Եվ ըստ էության դա է եղել բուն պատճառը, որ հայկական կողմը հակագործողություններ է իրականացրել։ Դա նոր չի եղել, կարծես թե երկու-երեք ամիս առաջ է եղել, պարզապես հիմա տեղեկությունը տարածվեց։

Այս ամբողջը դրական է, բայց այստեղ մի բացասական բան կա, դա այն է, որ նախկինում 3-3,5 կմ տարածություն կար հայկական և ադրբեջանական դիրքերի միջև, այսինքն՝ իրարից բավական հեռու էին։ Հիմա և՛ հայկական կողմն է 1,5 կմ առաջ գնացել, և՛ ադրբեջանական կողմը։ Ամեն մեկն իր տարածքում է առաջ գնացել, հայկական կողմը հասել է մինչև Սովետական Հայաստանի վարչական սահմանը։

Եվ ստացվել է այնպես, որ հիմա հեռավորությունը դիրքերի միջև ոչ թե կիլոմետրեր է կազմում, այլ հարյուրավոր մետրեր։ Դա ինքնին նշանակում է, որ դիպուկահարներն ավելի արդյունավետ կաշխատեն, և հնարավոր են նոր զոհեր։

– Ստեփանակերտում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին ադրբեջանական կողմը ցավոտ արձագանքեց, հայտարարեցին, որ Փաշինյանը հատեց կարմի գիծը, անգամ Մինսկի խմբի համանախագահներին կոչ արեցին գնահատական տալ այդ ելույթին։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ ելույթը և դրան հաջորդած հայտարարությունները։

– Ես շատ հանգիստ եմ վերաբերվում դրան, որովհետև հենց Ադրբեջանի առաջին դեմքը բազմիցս խոսել է «Էրիվանի ազատագրման» մասին, Զանգեզուրի մասին՝ որպես «Արևմտյան Ադրբեջանի»։ Ինչո՞ւ իրենք տարիներ շարունակ կարող են նման հայտարարություններ անել տարածքների վերաբերյալ, որտեղ ոչ մի ադրբեջանցի չի ապրում այսօր, էլ չեմ խոսում միջազգային իրավունքի մասին, իսկ մենք, որ տարիներ շարունակ վերահսկում ենք այդ տարածքը, որը 100 տոկոսով հայաբնակ է, ինչո՞ւ չենք կարող խոսել միացման մասին։

Եվ մենք տեսանք, որ Մինսկի խմբից արձագանք չեղավ այդ ամենին, որևէ դատապարտող հայտարարություն չարվեց։ Եղել է միայն Ռուսաստանի կոչը կողմերին, որ զուսպ լինեն, որովհետև դա ավելի է ապակայունացնում վիճակը։ Սա մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ պատերազմները բռնկվում են ոչ թե հայտարարությունների հիման վրա, այլ ուժերի հավասարակշռման խախտման դեպքում։

Այսինքն՝ որ պահին Ադրբեջանը զգաց, որ հօգուտ իրեն խախտված է այդ հավասարակշռությունը, այսինքն՝ ինքը կարող է ինչ-որ գործողություններ անել և անպատիժ մնալ, ինքը կանի։ Դրա համար հազար տեսակի պատրվակ կա, ինքն ասում է՝ դուք իմ երկրի 20 տոկոսը գրավել եք, դա արդեն բավական է։ Հետևաբար, ես ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, դա մեկ քայլ առաջ էր նախկինում եղած դիրքորոշումից։

– Ընդհանրապես արցախյան հիմնախնդրի լուծման հարցում կարծես առաջընթաց չկա, և սահմանին լարվածությունը ժամանակ առ ժամանակ կրկնվում է։ Կարո՞ղ ենք ասել, որ իրավիճակը տեղում դոփում է։

– Իրավիճակը տեղում դոփում է ըստ էության Բիշքեկի՝ 1994 թվականի զինադադարից հետո։ Եվ այստեղ միանշանակ մեղավորն Ադրբեջանն է, որովհետև հայկական կողմը բազմիցս համաձայնություն է տվել տարբեր փոխզիջումային տարբերակների։ Ես ինքս անձամբ համաձայն չեմ այդ տարբերակներին՝ տարածքների զիջում և այլն, բայց մենք տվել ենք համաձայնություն։

Վերջին փաստաթուղթը մադրիդյան սկզբունքներն են, որով հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել ԼՂԻՄ-ի շրջակա յոթ շրջանները Ադրբեջանին հանձնելու մասին։ Բայց անգամ դրանով Ադրբեջանը գոհ չէ։

Դե, եթե գոհ չէ, էլ ի՛նչ անենք։ Եթե իրենց առաջարկածն ավելի պակաս է, քան հայերն ունեին մինչև 1988 թվականի հակամարտության հերթական փուլի բռնկումը, որովհետև հակամարտությունն ըստ էության գալիս է 1918 թվականից, ուրեմն թող իրենք իրենց մեղադրեն։ Ընդհանրապես ես չեմ կարծում, որ Ադրբեջանը որևէ ցանկություն ունի լուծելու Արցախի հարցը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am