ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունի (CENTCOM) ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերը մարտի 3-ին տեսաուղերձում հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններին ներգրավված է ավելի քան 50 հազար զինծառայող, 200 կործանիչ, երկու ավիակիր և ռմբակոծիչներ։ Տեսաուղերձը հրապարակվել է X հարթակում՝ CENTCOM-ի էջում։
«Մենք արդեն գրեթե 2000 թիրախ ենք խոցել ավելի քան 2000 զինամթերքով։ Մեծ հարված ենք հասցրել Իրանի հակաօդային պաշտպանությանը, ոչնչացրել հարյուրավոր բալիստիկ հրթիռներ, արձակման կայանքներ և անօդաչու թռչող սարքեր», – նշել է նա։
Քուփերի խոսքով՝ ամերիկյան B-2 և B-1 ռմբակոծիչները ճշգրիտ հարվածներ են հասցրել իրանական մի շարք միջուկային օբյեկտների, իսկ B-52-ը թիրախավորել է բալիստիկ հրթիռների ծրագրի հետ կապված հրամանատարական և վերահսկողական դիրքեր։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է իրանական 17 նավ և վնասել մեկ սուզանավ։
«Այսօրվա դրությամբ Պարսից ծոցում, Հորմուզի նեղուցում կամ Օմանի ծոցում որևէ իրանական նավ չկա, և մենք կանգ չենք առնի։ Կշարունակենք իրականացնել դինամիկ թիրախավորման գործողություններ», – հայտարարել է ծովակալը։
Նրա խոսքով՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման՝ Իրանը արձակել է ավելի քան 500 բալիստիկ հրթիռ և 2000-ից ավելի անօդաչու թռչող սարք։
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանին՝ դրանք բնութագրելով որպես «կանխարգելիչ» գործողություններ։ Նրանց պնդմամբ՝ Թեհրանը զարգացնում էր հեռահար բալիստիկ հրթիռների ծրագիրը և ձգտում էր ստեղծել միջուկային զենք։ Իրանը հերքում է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում՝ թիրախավորելով Իսրայելը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմակայաններն ու էներգետիկ օբյեկտները։



















