«Մեծ հաշվով, թիմն անտեղյակ է եղել, թե ինչ է բանակցվում. շատ քիչ հանդիպումներ ու բաց զրույցներ ենք ունեցել այդ թեմայով». Գայանե Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ ղեկավար, նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը

Տիկի՛ն Աբրահամյան, Հայաստանն ու Արցախն այսօր ի՞նչ վիճակում են հայտնվել ձեր գնահատմամբ։

 – Չափազանց բարդ է այսօր նկարագրել իրավիճակը, եթե շատ հակիրճ ասեմ՝ Արցախում էթնիկ զտման ու կորստի վտանգն ամեն օր է, Հայաստանն էլ՝ պետականությունը կորցնելու վտանգի առաջ։

Թերևս պատմականորեն այսպիսի ծանր շրջան ունեցել ենք 100 տարի առաջ՝ 20-ական թվականներին, երբ արդեն վերջնական կորցրեցինք Արցախը, ու Հայաստանը խորհրդայնացվեց։

Գրեթե լիովին նույնական իրավիճակում ենք թե՛ քաղաքական, թե՛ ռազմական, թե՛ անվտանգային առումով։ Վերջին մոսկովյան հայտարարությունն էլ մեծ հաշվով հենց այդ պետականության կորստի որոշակի հիմքեր ստեղծող կամ արձանագրող գործընթացն է նախանշում։

– Մտավախություն ունե՞ք, որ պատմությունը կրկնվելու է։

– Ընդհանրապես պատմական ու աշխարհաքաղաքական դետերմինիզմից ելնելով դիտարկումներ անելն ու դրանից կառչելն ինձ համար անընդունելի են։ Բայց սա պարզ համեմատություն է՝ ցույց տալու, որ իսկապես պատմականորեն մենք նույն ճակատագրական խնդիրների առաջ ենք կանգնած, նույն սխալները կրկնում ենք, բայց, ցավալիորեն, հիմա հնչում են նույն ելքերը՝ հրաժարվել Արցախից ու դառնալ միութենական պետության մաս։ Մինչդեռ շատ այլ լուծումներ առկա են, ու այս դատապարտվածության վիճակից պետք է դուրս գալ։

– Ինչո՞ւ Հայաստանն ու Արցախը հայտնվեցին այս վիճակում, իշխանությունների ո՞ր սխալների հետևանքով։ Կարո՞ղ էին անել այնպես, որ նման իրավիճակում չհայտնվեինք։

– Այս հարցին պատասխանելու համար 30 տարվա ողջ դիվանագիտական սխալներն ու ձախողումները պետք է ներկայացնեմ, մինչդեռ դա մի քանի րոպեում անհնար է։ Փաստենք, որ ամենամեծ բեկումն ու սխալը, թերևս, 98-ի պալատական հեղաշրջումն էր, որի հետևանքները դեռ խորությամբ չենք դիտարկել ու ընկալել։

Բանակցային հետագա ողջ գործընթացը եղել է մեկ նպատակին միտված՝ պահել ստատուս քվոն, ո՛չ խաղաղության, ո՛չ էլ, բանակը թալանելով՝ պատերազմի չենք պատրաստվել։ Եվ այդ մեկ նպատակին ծառայելով՝ մեր դիվանագիտության ամենամեծ սխալներից մեկը եղել է այն, որ ձախողել են միջազգային հանրությանը բացատրելի դարձնել, թե ո՛րն է Արցախի հակամարտության բուն էությունն ու արմատները, որ դա ոչ թե զուտ տարածքային խնդիր է, այլ գոյութենական պայքար, որ հակամարտության սկիզբը ոչ թե 92-ի պատերազմն է, այլ Ադրբեջանի հայատյացության քաղաքականության վառ դրսևորումները՝ Սումգայիթը, Բաքվի ջարդերը, Մարաղան, Շահումյանը, Նախիջևանն ու, եթե կուզեք անգամ, 1920-ի Շուշիի ջարդերը։

Մենք պարտվել էինք դեռ այն ժամանակ, երբ ունենալով բավարար հիմքեր, սումգայիթյան սարսափելի ջարդերի ահռելի փաստերը, Գուրգեն Մարգարյանի սարսափելի սպանությունն ու Սաֆարովի հերոսացման փաստը՝ այդպես էլ որևէ հայց չունեցանք ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, որը իրավական բավական լուրջ հենք կստեղծեր միջազգային հանրությանը բացատրելու, թե ինչու է անհրաժեշտ կիրառել «հանուն փրկության» մեխանիզմը, ինչու է մեր խնդիրը նույնական Կոսովոյի հետ, և ինչո՞ւ ինքնորոշման իրավունքը տվյալ իրավիճակում պետք է գերակա դառնա տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ։

– Տիկի՛ն Աբրահամյան, ձեզ հետ շատերը, հիմնականում՝ նախկին իշխանության ներկայացուցիչները չեն համաձայնի, որովհետև շարունակաբար պնդում են, որ եթե բանակցությունները շարունակվեին այն կետից ու այն տրամաբանությամբ, որով բանակցվել է մինչև 2018 թվականի ապրիլ-մայիս, ապա կունենայինք «շատ ավելի լավ պատկեր, քան կա այսօր»։ Նախ այս մասով՝ համակարծի՞ք եք, թե՞ ոչ և քանի որ եղել եք Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ, կխնդրեմ ասեք՝ որպես թիմի անդամ, տեղյակ եղե՞լ եք, թե ինչ է բանակցվում, ինչ վերջնարդյունք ենք ունենալու, թե՞, ինչպես ասում են ձեր նախկին թիմակիցներից, օրինակ՝ Թագուհի Թովմասյանը, Նիկոլ Փաշինյանը «խաբել է բոլորիս»։

– Խորհրդարանը բանակցային գործընթացին առանձնապես հաղորդակից չէր դարձվում, արցախյան հակամարտության ու բանակցային գործընթացի մասով մենք բաց զրույցներ չենք ունեցել, այսինքն՝ մեծ հաշվով, թիմն անտեղյակ է եղել, թե ինչ է կատարվում, ինչ իրական վտանգներ են առկա։ Իսկ 44-օրյա պատերազմի օրերին որևէ անգամ, որևէ հանդիպում չի եղել «Իմ քայլը» խմբակցության հետ: Վարչապետը երկու անգամ հանդիպել է ընդդիմության ներկայացուցիչների հետ, մինչդեռ իր թիմի՝ խմբակցության հետ, ոչ մի հանդիպում չի եղել։

Ինչ վերաբերում է ընդհանուր վտանգներին, ապա ես՝ որպես նախկին լրագրող, վերլուծաբան, հստակ գիտակցում էի, որ իրավիճակը լարված է, և այդ գիտակցումը դեռ 2014-ից էր՝ պարբերական դարձած դիվերսիաներից, Ալիևի հռետորաբանությունից, ինչպես նաև աշխարհաքաղաքական զարգացումներից ելնելով հասկանալի էր, որ պատերազմն անխուսափելի է։

Նույն այս տրամաբանությունից ելնելով՝ 2020 թվականի մարտին՝ քովիդյան լարված շրջանում, առնվազն երկու զանգ եմ նախաձեռնել Եվրոպական խորհրդարանի գործընկերներիս հետ՝ ահազանգելով, որ քովիդով պայմանավորված խնդիրների հետևանքով չենք բացառում, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սանձազերծել, այսինքն՝ գոնե իմ կողմից կային այդ մտավախությունն ու ընկալումը։ Բայց սա ընդամենը անհատական գործունեության դրվագ է, մինչդեռ համակարգված ռազմավարությամբ աշխատանք չէր իրականացվում։

Ինչ վերաբերում է ընդդիմության պնդմանը, թե լավ ժառանգություն են թողել, ապա պարզ տրամաբանական հարց է. եթե այդքան լավն էր, ու Ալիևը դրան համաձայն էր, մի բան, որ հենց Սերժ Սարգսյանն է հերքել իր ելույթում, ինչո՞ւ չէին գնում լուծման և ոչ միայն չէին գնում լուծման, այլև սարսափելի անպատասխանատվությամբ բանակի բյուջեն մսխվում էր։

Բոլորն են պատասխանատու, և Արցախի հարցը դարձնել այս ներքաղաքական գզվռտոցի առարկա՝ ամենամեծ անպատասխանատվությունն է երկուստեք։ Մեզ այսօր ոչ թե միջազգային հանրության կոնսոլիդացիան է անհրաժեշտ, այլ ներհայաստանյան, հայկական կոնսոլիդացիա է հարկավոր՝ մեկտեղելու ջանքերը այս օրհասական վիճակից դուրս գալու համար։

– Երբ հիմա հետևում եք գործընթացներին, ի՞նչ տպավորություն է ձեզ մոտ, իշխանությունը ի՞նչ քաղաքականություն է որդեգրել, ի՞նչ սպասելիքներ ունեք։

– Իշխանությունը գնում է ամենաաղետալի, բայց գուցե, այս պահին, թերևս, ամենահեշտ ճանապարհով՝ կտրել, խնդիրը վերացնել ու առաջ անցնել։ Բայց ես վստահ եմ, որ դեռ կան լուծման այլ ճանապարհներ, բոլոր հնարավոր գործիքակազմերը դեռ չենք օգտագործել ու չենք սպառել։

Մեր հիմնական գործիքակազմը մարդու իրավունքների խնդիրների վերհանումն է, օր ու գիշեր պետք է աշխատենք՝ ցույց տալու փաստերը, որ Ադրբեջանը էթնիկ զտման, հայատյաց քաղաքականություն է վարում, և խաղաղություն ասածն իր համար Արցախն է առանց հայության։

Այսօր ոչ միայն Արցախում, այլև Հայաստանի սահմանամերձ գյուղերում է էթնիկ զտում իրականացվում, իսկ դա միայն մարդկանց սրախողխող անելը կամ ֆիզիկական ոչնչացումը չէ, վերբալ ահաբեկչությունը, որ իրականացվում էր Խրամորթում, հումանիտար աղետը, կյանքի, արժանապատվության, կրթության իրավունքների խախտումները, որոնք Գորիսի ճանապարհը փակելուց հետո տվյալ համայնքներում էին իրականացվում, մշակութային ժառանգության խեղման և նենգափոխման գործողությունները՝ սրանք բոլոր էթնիկ զտման քաղաքականության հստակ տարրեր են, որոնք պետք է արձանագրել, պահանջել, որ արձանագրի նաև միջազգային պատասխանատու մարմինը՝ ՄԱԿ-ը։

Ցավոք, բավարար աշխատանք այս ուղղությամբ չի տարվում, այս մասին Կառավարության նիստին կամ ԱԺ-ում խոսվեց միայն վերջերս, մինչդեռ նախորդ տարվա մայիսի 12-ից հետո հրապարակային ասվում էր, թե Գորիսի ճանապարհի փակման հետևանքով մոտակա համայնքների բնակիչների բոլոր խնդիրները լուծվում են։

Կարևոր էր ներքին լսարանի համար խոսելը, ոչ թե նույն միջազգային հանրությանը հստակ ուղերձներ տալը։ Պետական շահի գերակա լինելու ընկալումն է բացակայում, կարևորը՝ ներկուսակցական, ներքաղաքական հարցերը կառավարելի լինեն, սա է կարծես գերակա դարձել, և սրանից են բխում մյուս հիմնահարցերը։

– Տիկի՛ն Աբրահամյան, իսկ այդ սխալները միտումնավո՞ր են արվում, թե՞ չգիտակցված։ Արդյոք կպատկերացնեի՞ք, որ հեղափոխական իշխանությունը այսպիսի քաղաքականություն կորդեգրեր։

– Իհարկե շատ մեծ է եղել ակնկալիքը, ու, հետևաբար, անասելի մեծ է հիասթափությունը, բայց վերջին երեք տարվա ընթացքում այնքան բան է տեղի ունեցել, որ արդեն ոչինչ չի զարմացնում։

Բացարձակ անընդունելի են շատ հաճախ արվող հետքայլերը բոլոր արժեքներից, հռչակած մոտեցումներից, բայց ես վստահ չեմ, որ սրանք չհասկանալու հետևանք են։ Ճիշտ է, առկա են նաև պետական ինստիտուտների չկայացվածության, սխալ, թերի աշխատանքի կամ սաբոտաժի հետևանքները, սակայն հենց նաև դրանք ժամանակին չլուծելու և իրական բարեփոխումներ չանելու հետևանքով ենք այս փակուղում հայտնվել։

– Տիկի՛ն Աբրահամյան, համակարծի՞ք եք ընդդիմության հետ, որ գործող իշխանության հեռացմամբ բոլոր խնդիրները կլուծվեն, ու կարծում եք՝ այս անգամ ընդդիմությունը կհաջողի՞, որովհետև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն անժամկետ նստացույց է սկսել Ազատության հրապարակում ու չի պատրաստվում տուն գնալ, քանի դեռ չի հեռացել այս իշխանությունը։

– Ընդհանրապես, պետության համար նման օրհասական իրավիճակներում իշխանության համար կռիվը բացարձակ անիմաստ է, եթե չասեմ՝ կործանարար, այդտեղ չէ լուծումը, հատկապես որ, մեծ հաշվով, հրապարակում կանգնածներն իրական այլընտրանք ու լուծումներ չեն էլ առաջարկում։

Ընդդիմությունն այս օրերին պետք է միջազգային հանրության հետ աշխատանք տաներ ու այդ լծակն ունի։ Ամենահեշտը հիմա իշխանության հեռացումը պահանջելն է, նույնը կարող է անել քաղաքացիական հասարակությունը, բայց հասկանում ենք, որ դրանով մենք չենք կանխելու հնարավոր աղետը, կանխելու այլ ուղղություններ կան։

Ընդդիմության ներսում ՝«Պատիվ ունեմ»-ի Հանրապետական թևը, ՀՀԿ-ն միակն է, որ Եվրոպական խորհրդարանի ամենամեծ ու ազդեցիկ խմբակցության ընտանիքի անդամ է, ու նրանք, փոխանակ այդ հարթակն այս պահին օգտագործեն, խնդիրները բացատրելի ու ընկալելի դարձնեն նույն այդ միջազգային հանրության համար, հրապարակում են, ու դա, ըստ իս, բոլորովին արդյունավետ ճանապարհ չէ, կրկին պետական շահը մի կողմ թողած՝ ներքաղաքական խնդիր է լուծվում։

Ընդդիմությունն իհարկե չի հաջողի, որովհետև հանրությունը հոգնել է ինչ-որ բանի դեմ կամ հանուն պայքարելուց, սա հեղափոխությունից, հիասթափություններից ու պատերազմի աղետից հետո օրինաչափ հոգեվիճակ է։ Պատերազմից հետո հատկապես հասարակական էմոցիոնալ սպառման, տոտալ ապատիայի վիճակում անիմաստ է պահանջել հանրային ընդվզում, և անընդունելի է հասարակությանը մեղադրելն ու պիտակավորելը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am