Իրանից Հայաստան գալիս է միջին և բարձր խավը․ ամեն տեղ ասում են աշխարհին՝ Հայաստանից պետք է օրինակ վերցնեք

Լուսանկարը՝ ՍիվիլՆեթի

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը

– Պարո՛ն Քեշիշյան, այս օրերին իրանցիները COVID-ի դեմ պատվաստումներ են ստանում Հայաստանում։ Հիմա, երբ տեղի է ունեցել գործող կարգի փոփոխություն, ըստ որի՝ օտարերկրացիների նկատմամբ կորոնավիրուսի դեմ պատվաստումներ թույլատրվում են, եթե վերջիններս Հայաստանում են գտնվում ավելի քան 10 օր, արդյոք սա կունենա՞ բացասական հետևանք։

– Հայաստանն անում է մարդասիրական քայլ, որն իր դրական ազդեցությունն ունի Իրանի ժողովրդի մոտ։ Իհարկե վերջերս աշխուժացել են պանթուրանական խմբավորումները, որոնք սկսել են հակահայկական քարոզչություն իրականացնել, թե իբր սուտ է, Հայաստանում պատվաստումներ չեն իրականացվում, բայց ընդհանուր Իրանի ժողովրդի մոտ Հայաստանի այս քայլը շատ դրական ազդեցություն է ունեցել։ 

Ինչ վերաբերում է 10 օր մնալուն, պետք է նշեմ, որ կարող էր սխալ համարվել այն, որ սահմանի վրա էին պատվաստում, բայց առողջապահական օրենքներով՝ պատվաստված մարդը 3-4 օր պետք է բժիշկների հսկողության տակ լինի, այնպես որ, 10 օրը չպետք է որպես խնդիր դիտարկել։ 

Սա կարելի է դրական քայլ դիտարկել Հայաստանի կողմից երկու առումով. մեկը՝ սա կօգնի, որ պատվաստվողը հսկողության տակ լինի, մյուս կողմից` կօգնի Իրան-Հայաստան հարաբերություններն ավելի սերտացնելու, ավելի շատ շփվելու։ Առնվազն այն մարդիկ, որոնք գալիս են պատվաստվում, զուգահեռ նաև Հայաստանն են տեսնում։ Բնական է, որ Հայաստանը գնաց այս քայլին, մի քիչ անհասկանալի կլիներ, որ սահմանի մոտ՝ դռան առաջ պատվաստում անեին։ Իրանում եղան պաշտոնյաներ, որոնք հայտարարեցին, որ Հայաստանում պատվաստանյութերը ժամկետանց են, որ Հայաստանը այլևս չի կարողանում պահել դրանք, օգտագործում է, այսինքն՝ նման անհասկանալի, երբեմն տարօրինակ հայտարարություններ եղան։ Այնպես որ, կարծում եմ` ճիշտ է, որ մարդիկ գան, պատվաստվեն և մի քանի օր բժիշկների հսկողության տակ լինեն։

– Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ի՞նչ սահմանափակումներ կան, արդյոք պարտադի՞ր է դիմակ կրելը։

– Այո՛, դիմակ կրելը պարտադիր է, Իրանում շատ է տարածվել հնդկական շտամը։ Նույնիսկ արգելված է Թեհրանից դեպի հյուսիսային քաղաքներ դուրս գալը և այլ քաղաքներից մյուս քաղաքներ տեղափոխվելը՝ վարակի տարածումը զսպելու համար։

– Արդյոք շա՞տ են Իրանից Դուբայ պատվաստվելու համար մեկնողները, թե քանի որ Դուբայ մեկնելը շատ ավելի թանկ է, ուստի գերադասում են Հայաստան գալ։

Կան տարբեր երկրներ մեկնողներ, նաև Դուբայ են մեկնում։ Բարեբախտաբար, Հայաստանն այդ երկրների մեջ առաջինն է։ Հայկական կողմի մարդկային դրսևորումներին հակառակ՝ երեկ Թուրքիան հայտարարեց, որ դրսից եկած ճամփորդներին չի պատվաստում և չի էլ պատրաստվում նման քայլ անել, պատվաստելու են միայն տուրիզմի ասպարեզում աշխատողներին։ 

– Հայաստանում տասնօրյա ժամկետը ենթադրյալ ծախսերի աճ է, հնարավո՞ր է՝ Հայաստան գալու փոխարեն նախընտրեն Դուբայը։

– Չեմ կարծում, ծախսերի տարբերություն կա, քանի որ, վերջին հաշվով, Դուբայ ցամաքային եղանակով մեկնելն անհնար է, միայն օդային եղանակով պետք է մեկնեն, ինչը ենթադրում է ավելի մեծ ծախս, իսկ Հայաստան գալն ավելի քիչ ծախսատար է, այնպես որ, նախընտրում են գալ Հայաստան։

– Իրանական թումանը գնալով արժեզրկվում է։ Արդյոք լուրջ տնտեսական խնդիրներ կարո՞ղ են առաջանալ։

– Ընդհանրապես, տնտեսական լուրջ խնդիրներ կան արդեն իսկ պատժամիջոցների հետևանքով, և մինչև պատժամիջոցները չվերանան, այս ճգնաժամը դեռ կշարունակվի։

– Իրանից ո՞ր խավն է գալիս Հայաստան պատվաստվելու։

– Շատ տարբեր, նրանք, որոնք ավելի բարեկեցիկ են, օդանավով են գալիս, այսօր Իրանից 11 թռիչք կա Հայաստան, և բոլոր օդանավերը լցված են։ Եվ հնարավոր է, որ հնարավորություններ ունենան, բայց գան ցամաքային ճանապարհով։ Բնականաբար ցածր խավից դժվար թե գան, գալիս են միջին և բարձր խավերը։

– Ի՞նչ են խոսում Հայաստանի մասին, ինչպե՞ս են զգում Հայաստանում և ի՞նչր տպավորություններով են հետ դառնում։

– Ամեն տեղ ասում են աշխարհին, որ Հայաստանից պետք է օրինակ վերցնենք, սա մարդու իրավունքների կարևորագույն քայլ է։ Մարդիկ վերադառնում են բուռն տպավորություններով։ Օրինակ՝ իրանցի գրող և իրավաբան Աբոլֆազլ Մաջիդին գրում է. «Ցանկալի է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և այլ միջազգային կազմակերպություններ գնահատեն Հայաստանի կառավարության կողմից այլ երկրների քաղաքացիներին պատվաստելը և այն որպես օրինակ ներկայացնեն աշխարհի մյուս երկրներին»:

Մանե Հարությունյան

MediaLab.am