«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը
– Պարո՛ն Կարապետյան, Սպիտակ տանը տեղի ունեցավ Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպումը, ստորագրվեց համատեղ հռչակագիր: Ի՞նչ ստացան կողմերը այդ հանդիպման վերջնարդյունքում: Ներհայաստանյան խոսույթի մի կողմում հարատև խաղաղության ու պատերազմի բացառման մասին է խոսվում, մյուսում՝ Հայաստանի կործանման, ի՞նչ ունենք իրականում:
– Ընդհանրապես քաղաքական ոտաբոբիկություն է հաստատակամորեն պնդել, թե պատերազմը լիարժեքորեն բացառված է, իրական ու վերջնական խաղաղությունը եկել է: Հասկանալի է, որ խոսքը մի իրավիճակի մասին է, որն առաջին հայացքից բավականին կառուցողական, պատմական, դարակազմիկ է թվում, բայց ես զերծ կմնամ նման որակումներից:
Կոնկրետ Հայաստանը շահել է այն, որ ինչ-որ ժամանակ կլինի խաղաղություն, այս պահին պատերազմական լարված իրավիճակը թոթափվում է, պատերազմի ռիսկի նվազեցում կլինի: ԱՄՆ-ն հանեց Ադրբեջանի հետ իր ռազմական համագործակցության սահմանափակումները․ եթե տեղյակ եք, ապա մինչև այս պահը ԱՄՆ-ն զենք-զինամթերքի գնում թույլ չէր տալիս, հիմա պաշտոնական Բաքուն կաշկանդված չէ ու կարող է ցանկացած զենք ունենալ իր զինանոցում, ընդ որում՝ ամերիկյան: Ստացվում է, որ նա նաև հնարավորություն ստեղծեց, որ Ադրբեջանը զինվի նաև ամերիկյան նորագույն սպառազինությամբ, որը կարող է կիրառվել, ինչու ոչ, թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ ուկրաինական հայտնի սցենարով:
Ֆիքսվեց այն, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարել, որը Ալիևի պահանջներից մեկն էր: Փաստացի ստացվում է, որ այն, ինչ ցանկացել էր Ալիևը՝ ցամաքային կապ էքսկլավ հանդիսացող Նախիջևանի հետ, տեղի ունեցավ, ու անունը որքան էլ մենք հիմա դնենք Թրամփի երթուղի կամ մեկ այլ բան, միևնույն է, որքան էլ Հայաստանի ինքնիշխանության սկզբունքը պահպանվում է, այդուհանդերձ, միջանցքային տրամաբանության մեջ է լինելու, որքան էլ պաշտոնական Երևանը հայտարարում է, թե դա Հայաստանի ինքնիշխանության ու պատկան մարմինների հսկողության ներքո է լինելու:
ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, վերահսկողություն իրականացնելու է, իսկ դա նշանակում է, որ բացարձակ ինքնիշխանության մասին խոսք լինել չի կարող, որովհետև որքան էլ դա համատեղության կարգով է արվում, դա նշանակում է, որ դու զիջում ես ինչ-որ բան:
«Զանգեզուրի միջանցք» ասված արհեստական տերմինը փաստորեն Ադրբեջանը իրագործեց, փաստացի այսքան տարի հետո Հայաստանը ճանապարհ՝ ցամաքային կապ տրամադրեց Նախիջևանի հետ, բայց դրա դիմաց չստացավ ոչինչ: Փաշինյանը ընդամենը ստացավ փաստաթուղթ, որով նախընտրական շրջանում «շանտաժի կենթարկի» իր ընտրողներին, որ ինքը խաղաղություն է բերել տարածաշրջան ու վերջնական խաղաղության համար պետք է, որ ինքը կրկին իշխանություն ունենա:
Սա Թրամփի երաշխիքն է Փաշինյանին՝ հաջորդ ընտրությունների համար, իսկ Բաքվի մյուս պահանջները, ըստ էության, չեն էլ մերժվել, այսինքն՝ Սահմանադրության փոփոխությունը լինելու է, անկլավների վերադարձի, ադրբեջանցիների վերաբնակեցման խոսույթը շարունակում է մնալ, ընդ որում՝ այս գործընթացի ժամանակ հայ ռազմագերիների վերադարձի մասին խոսք անգամ չի եղել, արցախահայության վերադարձի հնարավորության մասին խոսք անգամ չի եղել, ու, ընդհանրապես, Մինսկի խումբն են փակում, խաղաղության պայմանագիրն էլ դարձյալ չի ստորագրվում:
Թրամփի բիզնես մոդելը գործարկվեց՝ անունը դրեց տարածաշրջանում խաղաղության հաստատում, բայց, անկեղծ ասած, այդ ամենին ինքը բիզնես հայացքով է նայում: Նա երաշխիքներ տվեց Հայաստանին, որ պատերազմ չի լինի, ու օգտվում է այդ ճանապարհից և գումար աշխատում: Նրան ընդամենը պետք էր այդ ճանապարհի վերահսկողությունը, որովհետև ԱՄՆ-ն այդտեղից լուրջ գումարներ է աշխատելու, Հայաստանը ստանալու է ինչ-որ խորհրդանշական գումար, բայց մանրամասները դեռ հստակեցված չեն, ինչը խոր մտահոգությունների լուրջ առիթ է տալիս:
– Ստացվում է, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու մինչև 2026-ի հերթական ընտրությունների ավա՞րտը:
– Չի բացառվում: Եթե մենք տալիս ենք «Զանգեզուրի միջանցքը», ապա Ադրբեջանն էլ պետք է տար Նախիջևանի միջանցքը, որ մենք Լարսին այլընտրանք ունենայինք, բայց ստացվում է, որ մենք ոչինչ չենք ստանում, բայց տալիս ենք, ինչպես ժամանակին տվեցինք Տավուշի չորս գյուղ, դիմացը չստացանք այն հատվածները, որոնք այս պահին օկուպացված են Ադրբեջանի կողմից:
Այստեղ շահողը բացառապես ԱՄՆ-ն ու Ադրբեջանն են, Հայաստանը շահում է միայն այն, որ Նիկոլ Փաշինյանի օրոք պատերազմ չի լինելու, երկարաժամկետի համար ես կարող եմ տասնյակ ավելի վտանգներ թվարկել: Հայաստանը գեթ մեկ փոխադարձ զիջում չի ստացել: Խոսք էլ չկա Թուրքիայի հետ սահմանների բացման մասին, որովհետև Թուրքիան էլ իր հերթին պայման ունի՝ Ադրբեջանի հետ պայմանագրի կնքումից հետո միայն կբացվեն սահմանները:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
















