«Տնտեսական ճգնաժամը դեռևս հաղթահարված չէ, և լիարժեքորեն վերականգնվելու համար մեզնից կես տարի կպահանջվի». տնտեսագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Արմեն Քթոյանը

– Պարո՛ն Քթոյան, նախորդ տարին Հայաստանը փակեց 5.8 տոկոս տնտեսական աճով, ինչը առանձին բարձրաստիճան պաշտոնյաների սպասումներից շատ հեռու էր: Դուք՝ որպես մասնագետ, ինչպե՞ս եք գնահատում երկրի տնտեսական վիճակը, լավատես լինելու համար կա՞ն հիմքեր:

– Որոշակի բարելավում կա: Մենք այսօր շարժվում ենք առավել իրատեսական սցենարով՝ ոչ լավատեսական, ոչ էլ վատատեսական, որովհետև որևէ սցենար բացառել հնարավոր չէ:

Հայաստանում հիմա տնտեսությունը կայուն տեմպերով վերականգնման նշաններ է ցույց տալիս, բայց ճգնաժամը դեռևս հաղթահարված չէ: Մենք դեռ չենք հասել նախաճգնաժամային մակարդակին: Տարբեր գնահատականներ կան, և եթե միջազգային ֆինանսատնտեսական կառույցների գնահատականները դիտարկենք, ապա այս տեմպերով շարունակվելու դեպքում լիարժեքորեն վերականգնվելու համար մեզնից դեռ կես տարի կպահանջվի:

Այսինքն՝ ընթացիկ տարվա կեսից նոր հնարավոր կլինի խոսել այն մասին, որ մենք ամբողջապես հաղթահարել ենք ճգնաժամի տնտեսական մասը:

– Այս տարվա համար Կառավարությունը 7 տոկոս աճ է ակնկալում: Այս սպասումների մասին ի՞նչ կարծիք ունեք:

– Հայաստանում ավելի բարձր աճի համար ներուժ կա: Եթե զուտ տնտեսագիտության տեսության տեսանկյունից ենք նայում, ապա աճի համար անհրաժեշտ է կամ ռեսուրսների քանակն ավելացնել, կամ ռեսուրսները ավելի արդյունավետ օգտագործել, կամ կիրառել նորարարություններ: Այսինքն՝ արմատական բարեփոխումներ իրականացնել:

Այս տեսանկյունից նշված երեք առումներով մենք ներուժ ունենք, մենք կարող ենք ավելացնել ռեսուրսներ: Դիցուք վերցնենք գյուղատնտեսության ոլորտը, մենք ունենք տասնյակ հազարավոր չօգտագործվող հողատարածքներ, ինչը մեզ համար շռայլություն է: Եթե ինստիտուցիոնալ մեխանիզմներ մտածվեն, այս հողերը արագ մտնեն շրջանառության մեջ, դա տնտեսական աճի նոր հնարավորություն կբերի երկրին:

Մյուս հանգամանքը՝ մեզ մոտ ցածր է աշխատանքի արտադրողականությունը, ինչը նշանակում է, որ աշխատանքը ու նաև այլ ռեսուրսներ մեզ մոտ ավելի ցածր արդյունավետությամբ են օգտագործվում, քան կարող էին: Նույն գյուղատնտեսության ոլորտում: Մենք ունենք ոլորտներ, որտեղ ակտիվ նորարարությունների հնարավորություններ կան, բայց դեռ լուրջ խնդիրներ մնում են:

Տեսականորեն 7 տոկոսի կամ նույնիսկ ավելի բարձր աճի հնարավորություններ կան: Պետք է հասկանալ, որ այդ բոլոր հնարավորությունների օգտագործումը կարճաժամկետ լուծումներ չի ենթադրում: Դա երկարաժամկետ ռազմավարության անելիք է, և եթե այդ ուղղություններով թիրախային քայլեր արվեն, այո՛, մենք կարող ենք հուսալ, որ բարձր տնտեսական աճ կարող ենք ունենալ:

– Բայց դուք տեսնո՞ւմ եք իրականացվող քայլեր: Օրինակ՝ գյուղատնտեսները ոլորտում շատ խնդիրներ են մատնանշում, մեկը նաև ձեր նշած վարելահողերի հարցը, բայց դրանց լուծում չի տրվում:

– Այո՛, փաստացի եթե անցյալ տարվա կտրվածքով նայենք, գյուղատնտեսության մեջ ունենք նվազում, որը մասամբ պայմանավորված է նաև առանձին մշակաբույսերի, հողատարածքների կրճատմամբ: Համենայնդեպս, արձանագրումների մակարդակով քայլեր կան, այսինքն՝ այդ ուղղությամբ խնդիրների գույքագրման առումով գիտակցման անհրաժեշտությունը կա, իսկ քայլերը, բնականաբար, բավարար չեն: Դրանց համար մեզ քաղաքական, տնտեսական, հասարակական լուրջ կոնսենսուս է անհրաժեշտ, որը, ցավոք, այսօր չունենք:

Նույն հողերի հետ կապված խնդիրը լուծելու համար կոնսենսուս պետք է լինի, քանզի դա առնչվում է տասնյակ հազարավոր մարդկանց սահմանափակումներին: Սակայն այս իրավիճակում, երբ հանրային համերաշխության առումով խնդրահարույց իրավիճակ է, այդ հարցը լուծելը բավականին դժվար կլինի:

Այսպես ձևակերպեմ՝ այդ խնդիրների գիտակցումը կա, այդ ուղղությամբ քայլեր կատարելու անհրաժեշտությունը կա, Կառավարության ծրագրում դրանց անդրադարձ կա, բայց թե գործնականում արդյունավետ քայլեր կարվե՞ն՝ անհայտ է:

– Պարո՛ն Քթոյան, Կառավարության նիստին այսօր հերթական անգամ ազդարարվեց, որ գրանցված աշխատատեղերը շատացել են: Խնդրում եմ բացատրեք՝ դա կարո՞ղ է տնտեսական ակտիվություն առաջացնել երկրում:

– Բնականաբար: Ձեզ ասեմ՝ երբ մենք խոսում ենք ձեռնարկատերերի հետ, նրանց զգալի մասը համարում է, որ Հայաստանում այսօր բիզնեսի համար առավել նպաստավոր պայմաններ են: Դաշտն ազատ է, այն սահմանափակումները, որոնք կային, էլ չկան, ու, բացի այդ, կան բիզնեսի աջակցության ամենատարբեր սխեմաներ:

Աշխատատեղերի ավելացումը լավ է: Մյուս կողմից եկեք խորանանք՝ ո՞ր ճյուղերի հաշվին է դա եղել: Մոտ 30 տոկոսը հանրային սննդի, կացության կազմակերպման հատվածն է, որը համավարակի հետևանքով որոշակի տուժել էր և հիմա վերականգնվում է: Ոլորտի վերականգնումը լավ է իհարկե, բայց պետք է նկատի ունենալ, որ այս ոլորտում աշխատավարձը միջինում ավելի ցածր է, քան հանրապետության միջին մակարդակն է:

Դրական կարելի է համարել այն, որ ձևավորված աշխատատեղերի 30 տոկոսը ՏՏ ոլորտում է. տարվա կտրվածքով եթե նայենք՝ մոտ 7000 հավելյալ աշխատատեղի մասին է խոսքը: Այս ոլորտում նոր ստեղծված աշխատատեղերի միջին աշխատավարձը ամսական 700 հազար դրամ է, ինչը դրական ցուցանիշ է:

Մյուս հատվածը առևտրի, կրթության ոլորտներում լրացուցիչ աշխատատեղերն են, որտեղ նույնպես աշխատավարձը ցածր է:

Այսինքն՝ լավ է, որ աշխատատեղերը ավելացել են, բայց վատն այն է, որ քանակային առումով գերակշռում են այն աշխատատեղերը, որտեղ աշխատավարձը համեմատաբար ցածր է:

– Իշխանության տնտեսական քաղաքականությունը ընդդիմության քննադատության թիրախում է: Մասնավորապես, Կառավարությանն ուղղված գլխավոր հարցն է՝ որտե՞ղ են ներդրումները: Ինչ եք կարծում՝ կա՞ն հիմքեր այս քննադատության համար, ընդհանրապես, ներդրումային աշխուժություն դուք նկատո՞ւմ եք:

– Դա ինչ-որ առումով իրողության կամ փաստերը մանիպուլացնելու հետևանք է, որովհետև Հայաստանում 2008-2009 թվականներից սկսած ներդրումների համեմատական ցուցանիշները վատանում են: Օտարերկրյա ներդրումների ներհոսք/ՀՆԱ հարաբերակցությունը մեր երկրում գնալով սահուն տեմպերով անկում է ապրում: Վերջին տարիները այս առումով բացառություն չէին, ու հատկապես անվտանգային լրջագույն խնդիրների պայմաններում այդ ցուցանիշը զգալի նվազելու էր:

Բացի այդ, եթե դիտարկենք վերջին 30 տարիները, Հայաստանը նպաստավոր ներդրումային միջավայր չի ունեցել, մենք ներդրողների համար պարզապես ունեցել ենք հետաքրքրություն ներկայացնող ներդրումային օբյեկտներ: Դրանք եղել են պետական սեփականություն, և ներդրողները եկել ասել են՝ այս սեփականությունը ես ուզում եմ, հաճախ նաև կասկածելի գործարքների արդյունքում ցածր գնով այդ գույքը ձեռք են բերել, ինչը դառնում է ներդրում: Եթե մենք ունենայինք, ասենք՝ Որոտանի ՀԷԿ-ի նման 10 ՀԷԿ, դրանց բոլորի համար ներդրողները հերթ կկանգնեին՝ առանց հաշվի առնելու՝ ո՛վ է իշխանությունը, անվտանգային ի՛նչ խնդիրներ կան և այլն:

Ֆինանսաբանկային, հեռահաղորդակցության հատվածներում ներդրումների տեղ այլևս չկա: Շատ իրողություններով պայմանավորված՝ մեր երկրում ներդրումային միջավայրը գնալով ավելի ու ավելի պակաս գրավիչ է դառնում, և այն ներդրումները, որոնք աշխատում էին 15-20 տարի առաջ, հիմա օբյեկտիվորեն չեն աշխատում:

Հետևաբար նոր ներդրումներ բերելը շատ ավելի բարդ է ու լուրջ աշխատանք է պահանջում:

Ավանդական ճյուղերում այսպես թե այնպես ներդրումներ արվում են. 2021-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ներդրումները հասել են վերջին չորս տարիների առավելագույն մակարդակին՝ 80 մլն դրամից ավելի ներդրում է արվել: Բայց դա որակապես չի տարբերվում բնույթով նախորդ ներդրումներից՝ հիմնականում էներգետիկ ոլորտն է ու հանքարդյունաբերությունը: Այս ոլորտները, այո՛, դեռ որոշ ժամանակ գրավիչ են լինելու:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am