«Անորոշությունից, անէությունից գալ ու ասել՝ վաղը նախագահ եմ դառնալու, մի քիչ դժվար երեւույթ է: Նախագահ են դառնում թիմով, անցած ճանապարհով եւ ոչ թե իշխանություններին քննադատելով»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այսօր Aravot.am-ը իշխանություններին քննադատող նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանից հետաքրքրվեց՝ նախագահի այս ասածներն իրեն վերագրո՞ւմ է ու արդյոք համաձա՞յն է նախագահի այս տեսակետին:
«Իմ կարծիքով, նման արտահայտություններ ժողովրդավարական պետության նախագահը չի կարող անել: Նման տեսակի խոսակցություններ քաղաքական գործիչների մեջ չկան: Քաղաքական գործիչը երբեք չի կարող դիմացինին ասել՝ դու ով ես: Դու ով ես հարցը տալիս են կրիմինալ տղերքը Երեւանի փողոցներում՝ ո՞ւմ ես ճանաչում, ո՞վ ա քեզ ճանաչում ապե»:
Նրանից հետաքրքրվեցինք նաեւ՝ ունի՞ քաղաքական թիմ ու բացի Մաշտոցի այգում ապամոնտաժող բրիգադում աշխատելուց, հանրային ինչ գործունեություն է ծավալել: Պարոն Ղուկասյանը վստահեցրեց՝ իր քաղաքական թիմը շուտով բոլորին հայտնի կդառնա: