Վարելահողերի 50 տոկոսը չի օգտագործվում, եթե այսպես շարունակվի, գյուղացին կարող է հրաժարվել հող մշակելուց. Գառնիկ Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, ի՞նչ ակնկալիքներ ունեք, այս տարին ինչպիսին կարող է լինել գյուղատնտեսության համար:

– Հիմա դժվար է միանշանակ կանխատեսումներ անել, որովհետև տարին դեռ նոր է սկսվում: Ուղղակի այսօր բարձր արդյունքների սպասելու առումով լավատեսության քիչ հիմքեր կան, մեր ջրամբարները գրեթե դատարկ են, կուտակված ջրի մակարդակը զգալիորեն զիջում է անցյալ տարվա ցուցանիշներին: Չնայած դեռ ժամանակ կա, և գուցե մինչև ապրիլ առատ տեղումներ գրանցվեն և հնարավոր լինի ջրի անհրաժեշտ պաշար կուտակել, բայց այսօրվա դրությամբ իրավիճակը մտահոգող է:

Շատ լուրջ մտահոգություններ կան պարարտանյութերի և դիզելային վառելանյութերի շուկայում տիրող իրավիճակի հետ կապված:

– Թանկացումները նկատի ունե՞ք:

– Այո՛, դրանց գինը երեք անգամ բարձրացել է շուկայում: Այս պահի դրությամբ չի ուրվագծվում, թե ինչ կարող է լինել: Մտահոգիչ է նաև գարնանացանի համար սերմացուի պակասը: Հայտնի է, որ երաշտի պայմաններում անցյալ տարի շատ ցածր բերք ստացվեց, հատկապես հացահատիկային մշակաբույսերից գարնանացան գարու սերմացուի խնդիր էր առաջացել հանրապետությունում, որին պետք է շտապ լուծում տրվի:

Անցյալ տարվա բնակլիմայական անբարենպաստ պայմանները գյուղատնտեսության ոլորտում ցածր արդյունքներ են ապահովել, որոնց հետևանքով գյուղացիները շատ ցածր եկամուտ են ստացել, և բնական է, որ գարնանացանի նախաշեմին նման բարդ իրավիճակ է ստեղծվել:

Ցավոք, գործնական քայլեր չեմ տեսնում: Այս խնդիրներին պետք է համակարգային լուծում տալ, բայց այդ լուծում տվողը չկա, քանի որ մենք չունենք գյուղատնտեսության նախարարություն, ոլորտը գլխատված է:

– Էկոնոմիկայի նախարարը օրերս խոսելով պարարտանյութերի, դիզվառելիքի թանկացումների մասին ասել էր, որ մտահոգված է, և բանակցում են տարբեր երկրների արտադրողների հետ՝ հասկանալու՝ ինչպես աջակցեն գյուղացիական տնտեսություններին: Սպասումներ կա՞ն, թե՞ ուշ է արդեն, քանի որ շուտով գարնանացանը կսկսվի:

– Եթե էկոնոմիկայի նախարարը բնագավառի խնդիրներին տիրապետեր, ապա շատ ավելի վաղ կզբաղվեր այս խնդիրներով, որովհետև շուտով գյուղացու համար ազոտական պարարտանյութ օգտագործելու ժամանակն է: Այդ ուղղությամբ պետք էր հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին առնվազն կոնկրետ քայլեր ձեռնարկել:

Գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ ուշացումները ուղղակի ծանր ազդեցություն կունենան ոլորտի վրա: Բացի այդ, հայտարարվում է, թե վարելահողերի 50 տոկոսը չի օգտագործվում: Այս պարագայում պատկերացրեք, թե ինչ վիճակում կարող է հայտնվել մեր գյուղացին:

– Պարո՛ն Պետրոսյան, վերջերս Կառավարությունն այս ոլորտին առնչվող մեկ այլ որոշում ընդունեց, որով դարձյալ վարկեր են տրամադրվում գյուղացիական տնտեսություններին, օրինակ՝ տավարաբուծության ծրագրի համար: Արդյոք ճի՞շտ է ցածր արտադրողականություն ունեցող ոլորտում խրախուսել վարկ վերցնել:

– Այո՛, մեր գյուղատնտեսությունը ցածր արտադրողականություն ունի, հետևաբար ստացվող եկամուտները ցածր են ու չեն նպաստում ոլորտի զարգացմանի: Գյուղացին ստիպված է ամեն տարի գարնանը համալրել իր միջոցները, որպեսզի կարողանա ձեռք բերել թունաքիմիկատներ, սերմացու, պարարտանյութեր:

Վերամշակող ոլորտն էլ, իհարկե, ունի խնդիրներ՝ արտադրանքի իրացման հետ կապված:

Գյուղատնտեսությունը երկրի տնտեսության ամենակարևոր, առաջնային ոլորտներից մեկն է: Ի՞նչ բացատրություն կարող է որևէ մեկը տալ, երբ ոլորտը չունի կառավարման մարմին, ամբողջ գիտական, մասնագիտական կառույցները փակվեցին կամ օպտիմալացվեցին, ու ստեղծվեց խառնաշփոթ մի իրավիճակ: Գյուղատնտեսության աջակցության կենտրոններում երեք խորհրդատու է ընդամենը, այդ երեք խորհրդատուն ամեն մի մարզում ի՞նչ կարող է անել:

Էկոնոմիկայի նախարարությանը կցված լինելը արդյունավետ չէ, և նախարարին 24 ժամը չի բավարարի զբաղվել տնտեսության այլ խնդիրներով, ուր մնաց զբաղվի գյուղատնտեսության խնդիրներով: Էլ չեմ ասում, որ այդ մարդը ոլորտի խնդիրներին ընդհանրապես ծանոթ չէ, չի տիրապետում: Էլ ի՞նչ ակնկալել:

– Հնարավո՞ր է ինչ-որ պահի մարդիկ հրաժարվեն հող մշակելուց:

– Եթե այսպես շարունակվի՝ հնարավոր է, բայց Աստված մի արասցե: Համենայնդեպս, հիմա այնպիսի վիճակ է, որ վարելահողերի 50 տոկոսը չի օգտագործվում: Այս ցուցանիշը արդեն շատ տխուր փատ է, և հարց է, թե մնացած 50 տոկոսն ի՛նչ արդյունավետությամբ է օգտագործվում:

Բացի այդ, հիմա սահմանների բացման մասին է խոսվում, ի՞նչ լրացուցիչ խնդիրների առաջ է կանգնելու մեր գյուղացին: Լուրջ հարցեր են, որոնց պետք է պատրաստ լինել: Քաղաքական որոշումները, որ կայացվելու են, իրենց ազդեցությունն են ունենալու տնտեսության, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտի վրա, որը ամենախոցելի ոլորտն է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am