«Չեմ կարծում՝ Արևմուտքին որևէ բան հաջողվի, որովհետև մեր տարածաշրջանում ազդեցության իրական լծակները ռուս-թուրքական տանդեմի ձեռքին են». Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

Պարո՛ն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում միջազգային հանրության արձագանքը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմին:

– Ընդհանուր առմամբ, խստորեն դատապարտեցին, կոչեր արեցին և այլն, ինչպես և սպասելի էր, իմիջիայլոց, սպասելի էր նաև Ռուսաստանի արձագանքը, ՀԱՊԿ-ի արձագանքը, որը փաստացի արձագանք էլ չէր, որովհետև նրանք հասցեական հայտարարություններ չարեցին:

Բայց ես կուզեի արձանագրել, որ որքանով էլ կարևոր լինեն այդ արձագանքները, պետք է հասկանանք, որ այս ժամանակավոր հրադադարը տեղի է ունեցել առաջին հերթին մեր զինվորների շնորհիվ: Այսինքն՝ մենք կարողացել ենք կանգնեցնել առաջխաղացումը, դրա համար էլ հրադադար է եղել:

Ասում եք՝ սպասելի էր բոլորի արձագանքը, ինչո՞ւ:

– Սպասելի էր, որովհետև սա նախ՝ առաջին դեպքը չէր, երկրորդ՝ որովհետև Ռուսաստանը, փաստորեն, հիմա շատ ավելի ակտիվորեն աշխատում է Ադրբեջանի ու Թուրքիայի, քան մեզ հետ, ու, ի վերջո, Ադրբեջանն ու Ռուսաստանը բաց տեքստով հայտարարում են, որ մեր տարածաշրջանում Արևմուտքին ակտիվացնելու Հայաստանի փորձերը կարող են վտանգավոր լինել: Անգամ տարբեր փորձագետներ ասում են, որ չի բացառվում, որ ադրբեջանցիները կարող են հասնել Երևանի մատույցներին և այլն, այսինքն՝ ակնհայտ է, որ մենք գործ ունենք Հայաստանի վրա ռուս-ադրբեջանական համատեղ ճնշման հետ, որպեսզի ստորագրվի այդ փաստաթուղթը, ու Հայաստանը համաձայնի իր տարածքով միջանցք տրամադրել: Պարզապես ռուսներն ակնկալում են, որ այդ միջանցքը կվերահսկեն իրենք, իսկ ադրբեջանցիները համարում են, որ իրենք պիտի վերահսկեն, բայց ամեն դեպքում, միջանցքի հարցում, կարծես թե, ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմն ակտիվորեն աշխատում է:

Ռուսական դիրքորոշման այդ փոփոխությունը, եթե, իհարկե, ի սկզբանե Ռուսաստանն այդ դիրքորոշման չի եղել, ինչո՞վ եք բացատրում, չէ՞ որ Հայաստանի դաշնակից պետությունն է:

– Այդ դիրքորոշումը նոր չէ, ի վերջո, 44-օրյա պատերազմի արդյունքում Ռուսաստանը համարում է, որ հասել է իր հիմնական նպատակներից մեկին, այսինքն՝ Արցախում իր զորքն է տեղակայել ու հիմա ցանկանում է ավելացնել իր ռազմական ներկայությունն ու վերահսկողությունը Հայաստանի հարավային սահմաններին ու ընդհանրապես Սյունիքում, իսկ դա հնարավոր է միայն ադրբեջանական ճնշումների միջոցով, որպեսզի Ադրբեջանը լայնամասշտաբ գրոհ սկսի, հայկական կողմը, ծանր իրավիճակում հայտնվելով, օգնություն խնդրի Ռուսաստանից, նրանք էլ իրենց պայմանները թելադրելով՝ երկրի շատ լուրջ ինքնիշխանության զիջումների դիմաց գան այստեղ: Եթե ծրագիրը սա է, ապա հասկանալի է, որ հաշվարկը պետք է լինի Ադրբեջանի միջոցով Հայաստանին ճնշելը, ինչը և տեսնում ենք:

Պարո՛ն Բաղդասարյան, իսկ ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿից դուրս գալու վերաբերյալ այս օրերին հնչող կոչերը, խորհուրդները: Ի՞նչ հետևանքներ կամ արդյունքներ կլինեն, եթե Հայաստանը որոշի այսօր դուրս գալ այդ կառույցից:

– Այն, որ ՀԱՊԿ-ը մեզ համար անարդյունավետ կառույց է, որ այնտեղ մեր հակառակորդներն ավելի շատ են, քան դաշնակիցները, ակնհայտ է: Ակնհայտ է նաև, որ պետք չէ այդ կառույցից լուրջ ակնկալիքներ ունենալ, բայց գոյություն ունի հարցի մյուս կողմը. կառույցը մեզ օգուտ չի տալիս, բայց արդյո՞ք կառույցից դուրս գալը մեզ օգուտ է տալու, և արդյո՞ք օգուտն ավելի շատ է լինելու, քան վնասը:

Այնպես որ, եթե մի կողմ դնենք էմոցիոնալ գնահատականները, ապա անվտանգային ինչ-որ, թեկուզ անարդյունավետ համակարգից դուրս գալուց առաջ պետք է հաշվարկել հետևանքներն ու այլընտրանքը ունենալ: Պետք է հստակ հաշվարկել ու ոչ թե առաջնորդվել էմոցիաներով:

ՄԱԿի Անվտանգության խորհրդի նիստի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեք: Արևմուտքից ի՞նչ սպասելիքներ ունենանք, Արևմուտքին կհաջողվի՞ կասեցնել Հայաստանի դեմ ուղղված թուրքռուսադրբեջանական տանդեմի ճնշումները:

– Ես, ճիշտն ասած, այդքան մեծ լավատեսություն չունեմ, որ կհաջողի, որովհետև, այո՛, Արևմուտքն անկեղծ ցանկություն ունի մեր տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատել, բայց ոչ թե հանուն մեզ, այլ որովհետև այդ դեպքում երկարատև հեռանկարում ռուսական ներկայությունը այստեղ անիմաստ կդիտվի, ու վաղ թե ուշ Ռուսաստանն իր ռազմաբազաները դուրս կբերի Հայաստանից: Այս պատճառով նրանք, այո՛, ձգտում են, որ մեր տարածաշրջանում հաստատվի երկարատև խաղաղություն, բայց չեմ կարծում, թե դա կստացվի, որովհետև, ամեն դեպքում, մեր տարածաշրջանում ազդեցության իրական լծակները ռուս-թուրքական տանդեմի ձեռքին են:

Արդարացվա՞ծ եք համարում հայկական որոշ շրջանակների ոգևորությունը Իրանի դիրքորոշման ու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Հայաստան այցի մասով:

– Կան հարցեր, որտեղ մեր շահերը համընկնում են Իրանի հետ, և կան հարցեր, որտեղ մեր շահերը համընկնում են ԱՄՆ-ի հետ, պետք է աշխատել այդ ուղղությամբ, պետք է ընդլայնել շփման եզրերը ու փորձել օգտագործել դրանք, բայց ոչ թե էմոցիաներով, այլ շատ հստակ օրակարգով ու ամենօրյա աշխատանքներով:

Էյֆորիայի մեջ չպետք է ընկնել, որովհետև եթե մեր տարածաշրջանում ակտիվանում են ԱՄՆ-ն, Իրանը, Թուրքիան, Ռուսաստանն արդեն ակտիվ է, նշանակում է, որ տարածաշրջանը դառնում է աշխարհաքաղաքական լարվածության ու բախումների թատերաբեմ:

Այսպես թե այնպես, այս ամենում մենք շահելու շատ բան չունենք, մեր շահն այն կլինի, որ կարողանանք անփորձանք դուրս գալ այս իրավիճակից ու փորձել ինչ-որ առումով ժամանակ ձգել՝ հաշվի առնելով, որ տարածաշրջանում ազդեցության ոլորտները կիսելու հարցում կոնսենսուս դեռևս չկա, այսինքն՝ պետք է փորձել այդ հակասությունները օգտագործելով՝ սառեցնել իրավիճակը և հզորացնել բանակը, որպեսզի կարողանանք գոնե մեր սահմանները պաշտպանել:

Ադրբեջանի կողմից ավելի լայնամասշտաբ սցենարն իրատեսակա՞ն եք համարում:

– Այո՛, ավելին՝ դա կարող է անգամ ոչ թե ամիսների, այլ շաբաթների ու նույնիսկ օրերի հարց լինել, որովհետև այն իրավիճակը, որն ունենք հիմա, փաստորեն, Ադրբեջանն ու Ռուսաստանը, որն աչք է փակում այս ամենի վրա, իրենց նպատակին չեն հասել ու պետք է փորձեն հասնել:

Պարո՛ն Բաղդասարյան, ի վերջո, ստորագրվելո՞ւ է այդ փաստաթուղթը:

– Եթե Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում առաջարկում է փաստաթուղթ ստորագրել, ու մի քանի օր անց Ադրբեջանը հարձակվում է, նշանակում է, որ Ադրբեջանին այդ փաստաթուղթը չի բավարարում, այսինքն՝ եթե կա Նիկոլ Փաշինյանի ասած փաստաթուղթ, որն ինքը պատրաստ է ստորագրելու, բայց դիմացինը հրաժարվում է, բնականաբար չի ստորագրվի:

Իսկ եթե խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի մատնանաշած փաստաթուղթը ստորագրվի, շահավետ կլինի՞ մեզ համար, և ինչո՞ւ Փաշինյանը այդ հայտարարությունն արեց:

– Նա ուղերձ հղեց, որ ինքը պատրաստ է ստորագրելու փաստաթուղթ, որով հրաժարվելու է Արցախից ու Հայաստանի տարածքով էլ ճանապարհներ է տալու Ադրբեջանին, բայց Ադրբեջանն ավելին է ուզում, ու նրանց փաստացի պատասխանը այս լայնամասշտաբ հարձակումն էր:

Բնականաբար, եթե Ադրբեջանը շարունակի իր ճնշումները, ու Նիկոլ Փաշինյանը չկարողանա դիմադրել, այսինքն՝ ավելի մեծ զիջումներ անի, փաստաթուղթը կարող է ավելի վատը լինել, քան ինքը ներկայացրեց: Այսինքն՝ եթե Ադրբեջանը համաձայներ ստորագրել այդ փաստաթուղթը, դա գուցե այս պահին լավ լիներ մեզ համար, բայց քանի որ Ադրբեջանը համաձայն չէ, նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի ասածն ընդամենը ցանկությունների դրսևորում է, ոչ թե քաղաքական ծրագիր:

Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի համատեղ ճնշման հիմնական նպատակը միջա՞նցքն է, թե՞ նաև խաղաղության պայմանագիրը:

– Ռուսաստանին չի հետաքրքրում խաղաղությունը, հակառակը՝ նրան պետք է միշտ վերահսկելի լարվածություն, որովհետև քանի դա կա, իրենց ռազմական ներկայությունը Հայաստանում միշտ պահանջված է լինելու: Ռուսներին պետք է Սյունիքի միջանցք, որն իրենց վերահսկողության տակ կլինի, ու իրենք համարում են, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում այդպես էլ նշված է: Ադրբեջանն ու Թուրքիան էլ պահանջում են, որ իրենք վերահսկեն: Այսինքն՝ մի հարցում ընդհանուր հայտարարի են եկել, բայց տարբեր են վերահսկողության վերաբերյալ մոտեցումները:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքականությունը ո՞րը պետք է լինի:

– Հայկական դիվանագիտության այս պահի սխալն այն է, որ դիվանագիտության առջև դրվում են խնդիրներ, որոնք ի սկզբանե հնարավոր չէ կյանքի կոչել: Այսինքն՝ դրվում են անիրատեսական խնդիրներ, հետո զարմանում են, թե ինչու չլուծվեց, հետևաբար հայկական դիվանագիտության այսօրվա խնդիրն է իր առջև դնել իրատեսական խնդիրներ ու աշխատել դրանք իրագործելու ուղղությամբ: Պետք է փորձեն գտնել դաշնակիցներ, ընդլայնեն դրանց ցուցակը:

Խնդիրն այն է, որ եթե այսօր կան մի քանի տարբերակներ, Հայաստանի իշխանությունները փորձում են միաժամանակ բոլոր տարբերակները կիրառել, ու բոլոր կողմերից հարվածներ են ստանում, որովհետև այդպես չի լինում:

Հայաստանի իշխանությունները նախ պետք է հասկանան, թե որն է մեր ֆիքսված պետական շահը, որին հնարավոր է հասնել, ու ինչ են Հայաստանից ուզում կամ պահանջում տարածաշրջանային կենտրոնները, եթե այս գիտակցումը չկա՝ ապա ձախողումն անխուսափելի կլինի:

Հիմա Հայաստանն ընտրի ռուսակա՞ն , թե՞ արևմտյան կողմը:

– Խնդիրն այն է, որ երկուսն էլ վտանգավոր են, որովհետև իրականում ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Արևմուտքը չեն պայքարում հանուն Հայաստանի փրկության, նրանք պայքարում են Հայաստանի պարտությունից ավելի մեծ շահ կորզելու համար:

Նրանք միմյանց դեմ պայքարում են Հայաստանի տարածքում ու Հայաստանի հաշվին, հետևաբար կանգնել կողմերից մեկի կողքին վտանգավոր է, կանգնել մյուսի կողքին՝ ևս վտանգավոր է: Խնդիրն է փորձել սեփական շահը հավասարակշռել՝ հաշվի առնելով այդ ուժային կենտրոնների շահերը, ինչը չենք տեսնում:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am