Ինքս մտածում եմ մարդու իրավունքների առաքելությունս դադարեցնելու և ՊԲ շարքերում կցագրվելու մասին, եկե՛ք միավորվենք մեր դիրքապահ տղաների կողքին․ Արտակ Բեգլարյան․ Տեսանյութ

Ես անընդհատ բախվում եմ այն իրականությանը, որ այո՛, շատ-շատերն արտերկրում հասկանում են մեզ, ցավում մեր կորուստների և տառապանքների համար, բայց զուտ մարդկայնորեն։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերում հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով, երբ հարցը հասնում է որոշում կայացնելուն կամ գործողություններին, այդ ժամանակ մարդու իրավունքներն էական չեն նրանց համար։

«Էական է քաղաքական շահը, էական է տնտեսական շահը, բայց ոչ արժեքները և ոչ մարդու իրավունքները։ Եկե՛ք մտածենք ինքներս մեր ուժերի վրա հույս դնելու մասին։ Եկե՛ք մեր աչքը դրսում չպահենք։ Եկե՛ք չմտածենք, որ կողքից ինչ-որ մեկը պետք է գա, մեզ օգնի, որ մենք կարողանանք մեր տունը, մեր հայրենիքն ու իրավունքները պաշտպանել։

Եկե՛ք մեկ բռունցք դառնանք, եկե՛ք միավորվենք մեր դիրքապահ տղաների կողքին, ով կարող է զենք վերցնել, թող զենք վերցնի, որ կարողանանք հավետ ունենալ մեր հայրենիքն ու արժանապատվությունը, այլապես կկորցնենք մեր հայրենիքը և ջուրը կլցնենք մեր նախկին բոլոր զրկանքները։

Այս օրերին ինքս եմ մտածում մարդու իրավունքների առաքելությունս դադարեցնելու և ՊԲ շարքերում կցագրվելու մասին։

Մենք դիրքապահ տղաների, ամուր կանգնողների և հայրենիքը պաշտպանողների կարիք ունենք։

Մենք «Ֆեյսբուքում» մեկնաբանություններ գրողների և խրախուսողների կարիք չունենք», -հայտարարել է Բեգլարյանը։