«Այսօր հայրենադարձությունից խոսելը ռեալ չէ, ոչ մեկի մտքով չի անցնում վերադառնալ ու հաստատվել Հայաստանում». ժողովրդագրագետ

«Այսօր հայրենադարձությունից խոսելը ռեալ չէ, ոչ մեկի մտքով չի անցնում վերադառնալ ու հաստատվել Հայաստանում». ժողովրդագրագետ
«Այսօր հայրենադարձությունից խոսելը ռեալ չէ, ոչ մեկի մտքով չի անցնում վերադառնալ ու հաստատվել Հայաստանում». ժողովրդագրագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:

– Հայաստան-սփյուռք վերջին համաժողովում շատ խոսվեց հայրենադարձության, 2040 թվականին 4 մլն բնակչություն ունենալու մասին։ Կարծիքներ են հնչում, որ դրանք իրատեսական ցուցանիշներ չեն կարող դիտարկվել՝ հաշվի առնելով ժողովրդագրական խնդիրները, արտագաղթի տեմպերը։ Ձեր կարծիքով` որքանո՞վ կարող է սա իրատեսական լինել, թե՞ պարզապես PR ակցիաներ են։

– Ես դա անիրատեսական եմ համարում։ Եթե մասնագետներով նստենք շատ լուրջ քննարկում ու վերլուծություն կատարենք, կտեսնենք, որ դա իրականանալի թիվ չէ։ Այնպես չէ, որ միայն ներգաղթի հաշվին կարելի է բնակչության թիվն ավելացել։ Բնակչության թիվը առաջին հերթին ավելանում է բնական աճի շնորհիվ, իսկ այդ ցուցանիշով Հայաստանը շատ վատ վիճակում է, քանի որ այսօր ունենք ծնունդների կտրուկ անկում և մահերի թվի ավելացում։ Նախկինում կանխատեսվել էր, որ 2025 թվականին Հայաստանում կունենանք բնական բացասական աճ, բայց եթե այսպես շարունակվի, առաջիկա 3-4 տարիներին այդ ցուցանիշին կհասնենք։ Եթե Հայաստանում արտագաղթի պատճառով բնակչությունը նվազում է, շատ կարևոր է, որ գոնե բնական աճը դրական լինի, որովհետև բնական բացասական աճը էլ ավելի կարագացնի անկումը։ Կարծում եմ` այսօրվա արտագաղթի պայմաններում նախադրյալներ չկան խոսելու ներգաղթի մասին։ Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի ոչ բարվոք տնտեսական իրավիճակի պայմաններում դրսում ապրող հայերը չեն շտապում հայրենիք վերադառնալ։ Այս պայմաններում մարդկանց համար ավելի հեշտ է դրսում աշխատել, գումար վաստակել, քան հայրենիք վերադառնալ։

– Վերջին շրջանում նաև իշխանության ներկայացուցիչներն են սկսել խոսել ժողովրդագրական խնդիրներից։ Օրինակ` Սամվել Ֆարմանյանն առաջարկում է ներգաղթի հարցերով զբաղվող հանձնաժողով ձևավորել։ Ձեր կարծիքով` ինչո՞վ է պայմանավորված, որ իշխանությունը ևս սկսել է խոսել արտագաղթի մասին։

– Արտագաղթն ու ժողովրդագրական խնդիրները շատ մեծ կապ ունեն տնտեսության հետ։ Նախ` արտագաղթի պարագայում նվազում է սպառողների թիվը։ Հատկապես հաշվի առնելով, որ տնտեսությունը մոնոպոլացված է, ապա նրանք էլ ավելի ակնհայտ են զգում տնտեսության վրա սպառողների թվի նվազեցումը։ Բնականաբար, եթե սպառողները նվազում են, նրանց առևտուրն է պակասելու, շրջանառությունն է պակասելու, և այստեղ նրանց բիզնես շահերն են շոշափվում։ Ժողովրդագրությունն էլ անմիջական կապ ունի տնտեսության բոլոր ճյուղերի հետ, այսինքն` այդ իմաստով իշխանությունները մտահոգվելու խնդիր ունեն։

Երկրորդ` այստեղ բանակի խնդիրն է շատ լուրջ ծառանում։ Բնականաբար, երբ պակասում է 18 տարեկան զինակոչիկների թիվը, անպայման պետք է մտածել պայմանագրային զինծառայողների թվի ավելացման մասին, իսկ դրա համար շատ լուրջ միջոցներ են անհրաժեշտ։ Սա էլ է տնտեսական գործոն, պետք է տնտեսական աճ ապահովել, որ բյուջեում գումարներ ավելանան, և կարողանան պայմանագրային զինծառայողներով բանակը համալրելու հարցը լուծել։ Ուրեմն Հայաստանի իշխանություններին սա պետք է մտահոգի, քանի որ նրանք արդեն զգացել են ժողովրդագրական վատ վիճակի հետևանքները։

– Այդ դեպքում ինչո՞ւ իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում այդ ուղղությամբ։

– Որովհետև ամեն քայլի համար գումար է պահանջվում։ Օրինակ` պետք է ավելացնել ծնելիությունը, իսկ դրա համար միջոցներ են պետք։ Մեզ մոտ առաջին երկու երեխաների համար պետությունը վճարում է 50-հազարական դրամ, որը շատ անլուրջ է։ Նման ժողովրդագրական իրավիճակում դրամական լուրջ խթանումը պետք է սկսել երկրորդ երեխայից։ Օրինակ` երկրորդ երեխան ծնվելիս պետք է հատկացնել 500-600 հազար դրամ։ Կամ, ասենք` յոթերորդ երեխայի համար էլ են վճարում 1 մլն դրամ, ինչը ևս քիչ է։ Պետք է այնպես անել, որ երրորդ երեխայի դեպքում փոխհատուցումը սկսվի առնվազն 2 մլն դրամից, իսկ մինչև չորրորդ-հինգերորդ երեխան այդ գումարը առնվազն պետք է կազմի 3 մլն դրամ։ Շատ են խոսում երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու մասին, բայց իրականում ոչ մի քայլ մինչ օրս չի կատարվել։ Նաև չի ներկայացվել ժողովրդագրական վիճակի բարելավման ծրագիր։ Ասել կուզի` իշխանությունը միայն խոսում է, բայց միջոցներ չի ձեռնարկում։

– ՄԱԿ-ի տվյալներով` 2050 թվականին Հայաստանը կհամարվի ծերերի երկիր։ Ի՞նչ վտանգներով է հղի այս վիճակը։

– Այո´, երիտասարդներն արտագաղթում են։ Իհարկե, հնարավոր է, որ արտագաղթի բացասական սալդոն մի փոքր նվազի, բայց պետք է նայել, թե գնացողների քանի´ տոկոսն է մշտական հեռանում։ Ասենք` գուցե տարեկան կտրվածքով հեռացողների թիվը 30 հազար լինի, բայց դրանց մեջ 25 հազարը մշտական գնացող լինի։ Իսկ եթե ընդհանուր գնացողների մեջ մշտական գնացողների թիվն ավելանում է, դա շատ ավելի վտանգավոր ցուցանիշ է։ Ի վերջո, այնպես չէ, որ արտագաղթը միշտ նույն տեմպերով շարունակվելու է, ինչ-որ պահի այդ թիվը պակասելու է, որովհետև էլ գնացող չի լինելու։ Սակայն եթե ինչ-որ պահ արտագաղթը կանգ առնի, ապա խնդիրն այն է, բայց թե այդ պահին ի´նչ կունենանք բնակչության ներսում, ի´նչ տարիքային կազմ, բնակչության ի´նչ կառուցվածք։ Ենթադրվում է, որ այդ ժամանակ կունենանք սեռատարիքային առումով շատ անմխիթար կառուցվածք. ծերերի թիվը մեծանալու է, երիտասարդներինը` պակասելու, բնականաբար նվազելու է նաև ծնունդների թիվը։ Ցավոք, մենք այսօր ծերացող հասարակություն ենք։ Սա լուրջ խնդիրներ է առաջացնելու նաև կենսաթոշակների վճարման առումով։ Եթե տնտեսության մեջ պակասում են աշխատող ձեռքերը, ավելանում է ծերերի թիվը, այդտեղ խզում է առաջանում։

– Որքանո՞վ է իրատեսական հայրենադարձությունը ներկա պայմաններում, թե՞ ի սկզբանե այն դատապարտված է ձախողման։

– Երբ Ռուսաստանը գրավեց ու իրեն կցեց Արևելյան Հայաստանը, մենք մի քանի փուլերով ներգաղթ ունեցանք։ Նախ` Պարսկաստանից ներգաղթ կազմակերպվեց, նաև Արևմտյան Հայաստանից հայեր բերեցին, և մեր տարածքում հայերի թիվն ավելացավ։ ԽՍՀՄ տարիներին ևս մի քանի փուլերով ներգաղթ է եղել՝ 1920 թվականին, 30-ականներին և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1947-49 թվականներին։ Բացի այդ, ներգաղթի մեծ ցուցանիշ է եղել նաև 1960-70-ական թվականներին՝ Ղարաբաղից էին գալիս, Ջավախքից ու հաստատվում Հայաստանում։ Բայց 1980-ական թվականներից հոսքը դարձավ բացասական։ Դեռ ԽՍՀՄ տարիներին՝ 1980 թվականից սկսած, մենք արդեն ունեինք բացասական ցուցանիշ։ Այսինքն` այնպես չէ, որ անկախացանք, ու դրանից հետո սկսվեց արտագաղթը։ 1980-88 թվականներին Հայաստանից հեռացել է մոտ 120 հազար մարդ՝ հաստատվելով Ռուսաստանի և ԽՍՀՄ այլ հանրապետությունների տարբեր քաղաքներում։ Ճիշտ է, մեր աշխատուժն ավելացել էր, բայց չկար աշխատատեղ, և մարդիկ հեռանում էին։ Եկավ անկախությունը՝ իր բոլոր խնդիրներով, և արտագաղթն ավելացավ։ Ուրեմն, եթե անգամ չանկախանայինք, արտագաղթն ավելանալու էր, ուղղակի գործոններն ավելացան։

Ցավոք, ես այսօր հայրենադարձության համար նախադրյալներ չեմ տեսնում։ Մեր տնտեսական այսօրվա համակարգը չի նպաստում դրան, մարդիկ գան այստեղ ի՞նչ անեն։ Ասենք, պետությունն ի՞նչ կարող է առաջարկել վերադարձող մարդուն։ Պետք է մարդկանց լավ պայմաններ առաջարկել, առաջին հերթին` օրենքի գերակայություն, դեռ տնտեսության մասին չեմ խոսում։ Եթե չկա օրենքի գերակայություն, մնացած հարցերն իրենց ածանցյալներով ինքնաբերաբար դուրս են գալիս։ Իսկ դրսում ապրող հայը Հայաստանում օրենքի գերակայություն չի տեսնում։

Հաջորդը՝ պետք է բացել տնտեսական դաշտը, պետք է հասկանալի ու պարզ Հարկային օրենսգիրք լինի, որ մարդը հասկանա, թե ինչ է ստանում և ինչ է վճարում։ Շուտով ուժի մեջ կմտնի նոր Հարկային օրենսգիրքը, որով ավելանում է հարկային բեռը։ Ես չեմ բացառում, որ այդ Հարկային օրենսգիրքը կարող է խթանել արտագաղթը։ Ուստի այսօր հայրենադարձությունից խոսելը ռեալ չէ, ոչ մեկի մտքով չի անցնում վերադառնալ ու բնակություն հաստատել Հայաստանում։

Լուսանկարը՝ «ՄեդիաԼաբի», գյուղ Կոթի

Մանե Հարությունյան

MediaLab.am