Ի՞նչն է եղել Հովտաշենում արագիլների փետուրների աղտոտման պատճառը. մասնագետը՝ այսօր տիրող վիճակի մասին

Ի՞նչն է եղել Հովտաշենում արագիլների փետուրների աղտոտման պատճառը. մասնագետը՝ այսօր տիրող վիճակի մասին
Ի՞նչն է եղել Հովտաշենում արագիլների փետուրների աղտոտման պատճառը. մասնագետը՝ այսօր տիրող վիճակի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է շրջակա միջավայրի նախարարի խորհրդական, Armenian birdwatching association-ի ղեկավար Կարեն Աղաբաբյանը:

– Պարո՛ն Աղաբաբյան, տևական ժամանակ է՝ Արարատի մարզի Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտման աղբյուրը չի բացահայտվում։ Երեկ դուք վարկած եք առաջ քաշել, ըստ որի՝ աղտոտման աղբյուրը թառափազգիների բուծմամբ զբաղվող ձկնաբուծարաններն են, որտեղից գետի մեջ են արտանետվում ձկների ներքին օրգանները։ Ի՞նչ մանրամասներ կհայտնեք։

– Ըստ երևույթին իրավիճակը հետևյալն է։ Այն ձկնաբուծարանները, որոնք, մասնավորապես, թառափ են արտադրում, թափոններն անմիջապես լցնում են ջրանցքի մեջ։ Հետո դրանք այդ ջրանցքով գնում, խցանում են առաջացնում, և այդ խցանման վայրը կեր է հանդիսանում արագիլների համար։

Արագիլները գալիս են այդտեղ սնվելու, իսկ թառափի յուղի պարունակությունը շատ մեծ է։ Ձկների ներքին օրգանների քանակը շատ է, որովհետև արտահանման համար նրանք միանգամից մեծ քանակությամբ են մորթ իրականացնում։ Եվ ամբողջ փորոտիքը լցվում է ջուրը։ Քանի որ յուղը շատ է, այն պատում է ջուրը, արագիլը կեր ուտելիս թրջվում է այդ ջրով, յուղը նստում է նրա փետուրների վրա։

– Այս վարկածը դեռ պաշտոնապես չի՞ հաստատվել, ինչ պետք է անել՝ վերջնական եզրակացություն ունենալու համար։

– Արագիլների՝ յուղով պատված փետուրների նմուշները մենք արդեն տվել ենք լաբորատոր փորձաքննության։ Երբ ստանանք արդյունքները, համոզվենք, որ աղտոտման պատճառը հենց այդ ձկան յուղն է, արդեն քայլեր կձեռնարկվեն։ Բայց ամեն դեպքում, բնապահպանության և ընդերքի տեսչությանն այս տեղեկատվությունը փոխանցվել է, նրանք արդեն սկսել են զբաղվել խնդրով։ Այդ վարկածը հաստատվելուն պես արդեն նրանք աշխատանք կիրականացնեն ձկնաբուծարանների սեփականատերերի հետ։

– Ինչքա՞ն ժամանակ կպահանջվի, որ լաբորատոր փորձաքննության արդյունքները պարզ լինեն:

– Հաստատվելու համար կպահանջվի մոտավորապես մեկ շաբաթ։ Մենք ակնկալում էինք, որ պատասխանները այս շաբաթվա սկզբին արդեն կլինեին, բայց մի քիչ ուշացան։

– Եթե հաստատվի այդ վարկածը, ի՞նչ լծակներ կան ձկնաբուծարանների վրա ազդելու, և հնարավո՞ր է փոխհատուցում ստանալ կրած վնասի դիմաց։

– Հաստատվելու դեպքում նրանք ընկնելու են բնապահպանական մեծ տուգանքների տակ։ Բացի տուգանքներից, նաև կխստացվի նրանց գործունեության նկատմամբ վերահսկողությունը։ Դա նշանակում է, որ նրանք արդեն պետք է թափոնների ուտիլիզացիայի համար այլ տարբերակ առաջարկեն։ 

– Արագիլների կերի հարցը կարծես լուծվա՞ծ է։

– Նրանք միևնույն է, ինչ-որ որս անում են, բայց քանի դեռ լավ չեն թռչում, շատ հեռու չեն կարողանում գնալ, ապա համայնքի ղեկավարությունը օրը երկու անգամ կազմակերպում է նրանց կերակրումը։ 

– Հաշվառում կա՞, թե քանի աղտոտված արագիլի մասին է խոսքը։

– Նախնական տվյալներով՝ հարյուրից ավելի են, հստակ չենք կարող ասել։ Հովտաշեն գյուղում ամենամեծ քանակությունն է։ Հովտաշենում բնադրում է 31 զույգ, յուրաքանչյուր զույգ 3-4 ձագ է ունենում։ Միայն Հովտաշենում չէ խնդիրը, հարակից գյուղերում էլ կա, պարզապես Հովտաշենում աղտոտված թռչունների ամենամեծ թվաքանակն է։

– Հովտաշենի գյուղապետը հարց էր բարձրացրել, որ գուցե արագիլների բները դրոնով նկարելու հարկ լինի, որովհետև կասկածներ կան, որ ձագերը կարող են բներում սատկած լինել։ Դուք նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

– Չեմ կարծում, որ նման խնդիր լինի։ Խնդիրը հիմնականում ծագեց այն ժամանակ, երբ գրեթե բոլոր ձագերն արդեն թռչող էին։ Դրա համար մենք կարծես չպետք ունենանք նման խնդիր։ Եթե դրա անհրաժեշտությունը լինի, նախարարությունը պատրաստակամ է իրականացնել այդ նկարահանումը։ Ուղղակի դրա անհրաժեշտությունը ես չեմ տեսնում, որովհետև հասկանում եմ, թե ե՛րբ է ծագել խնդիրը, և ի՛նչ փուլում են եղել այդ պահին ձագերը։

– Վերջին շրջանում այս հարցով քննադատություններ ուղղվեցին նախարարության հասցեին, թե ոչինչ չի արվում խնդիրը լուծելու համար։ Ինչպե՞ս կարձագանքեք այդ քննադատություններին։

– Եթե մեղադրանքները հիմք ունեն, ուրեմն մեղադրողները պետք է ձեռնարկեն հաջորդ քայլերը և այնպես անեն, որ քրեական գործ հարուցվի գործ չանողների նկատմամբ և այլն։ Իսկ եթե այդ մեղադրանքները հիմք չունեն, այդ դեպքում նրանց արձագանքելն անիմաստ է, այդ իսկ պատճառով ես ոչ մի կերպ չեմ արձագանքում այդ մեղադրանքներին։ Մենք անում ենք մեր աշխատանքը, երկու շաբաթվա ընթացքում, բացի այն, որ ահագին մաքրեցինք չթռչող կամ վատ թռչող թռչուններին, հասկացանք, թե որ մեթոդն է ավելի արդյունավետ մաքրելու համար, նաև բացահայտեցինք աղտոտման աղբյուրը։

Հաջորդ կիրակի մենք պլանավորում ենք մեծ ակցիա կատարել, որպեսզի ինչքան հնարավոր է շատ աղտոտված թռչուններ մաքրենք։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am