«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը
– Պարո՛ն Պարսյան, նախօրեին էկոնոմիկայի նախարարը ներկայացրել էր հունիսի 19-21-ն ընկած ժամանակահատվածում արտահանման թվային տվյալները: Կխնդրեմ ձեր գնահատականը այդ ցուցանիշների վերաբերյալ, դրակա՞ն են դրանք այն պատժամիջոցների ֆոնին, որոնք Ռուսաստանը կիրառում է Հայատանի տնտեսության նկատմամբ:
– Ռուսաստանը մշտապես եղել է Հայաստանի պտուղ-բանջարեղենի և գյուղատնտեսական ապրանքների հիմնական արտահանման երկիրը, ու 2025 թվականի պաշտոնական տվյալներով գյուղմթերքի ավելի քան 90%-ը արտահանվել է Ռուսաստան: Բնականաբար դա մեզ համար առանցքային նշանակություն ունի, հաշվի առնելով այն, որ գյուղմթերքի վաճառքից օգտվում են ոչ միայն վերավաճառողները կամ արտահանողները, այլ նաև գյուղացիական տնտեսությունները, որոնք մեր ընդհանուր բնակչության մոտավորապես 30%-ն են կազմում, այսինքն՝ նրանց կենսամակարդակի էական վատթարացում տեղի կունենա, եթե նրանք չկարողանան իրենց արտադրանքը վաճառել: Իսկ դրա համար մեզ պետք է շուկա, մինչև օրս մեզ համար եղել է ռուսական շուկան, մենք պետք է հիմա փորձենք նոր շուկաներ գտնել, ինչը, անշուշտ բավականին դժվար է, հաշվի առնելով նաև ընդհանուր վիճակագրությունը:
Անցյալ տարի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ հունիսի 1-4-ը Հայաստանից Ռուսաստան է արտահանվել շուրջ 600 ավտոմեքենա ծիրան, որը կազմում է մոտավորապես 12 հազար տոննա ծիրան: Եթե հաշվում ենք, ապա ստացվում է, որ օրական 30 մեքենա ծիրան ենք արտահանել, ինչը բավականին մեծ թիվ է: Այս տարվա վիճակագրությունը որ ներկայացվեց, մենք 4 օրվա ընթացքում արտահանել ենք, ենթադրենք, 400-500 տոննա, որը անցած տարի մենք մեկ օրում ենք արտահանել: Այսինքն՝ զուտ պաշտոնական թվերով կարող ենք արձանագրել, որ արդեն իսկ ունենք արտահանման բավականին լուրջ խնդիր:
Ընդհանուր առմամբ՝ անցած ամռան ընթացքում մենք մոտավորապես 73 հազար տոննա միրգ ենք արտահանել, այսինքն՝ պետք է հասկանանք, որ այս ամիս, անցած տարվա թվերով, մոտավորապես 15-20 հազար տոննա ենք արտահանել, մնացածը՝ հաջորդ ամիսների ընթացքում: Բայց այս տարի մենք արդեն իսկ ունենք բավականին լուրջ խնդիր, որ նախ՝ բերքի քանակն է քիչ՝ եղանակային պայմաններով պայմանավորված, երկրորդ խնդիրն էլ վաճառքի հարցն է:
Արտահանումը դեպի Եվրոպա, որը Կառավարությունը փորձում է իրականացնել, ինչպես նաև մյուս ծրագրերը, զուտ իրավիճակային բնույթ ունեն, նրանք փորձում են ստեղծված իրավիճակը մի փոքր մեղմել, բայց իրականության մեջ իրենք էլ են լավ հասկանում, որ սա բավարար չէ: 4 միլիարդ դրամը, որ իրենք նախատեսում են, շատ փոքր գումար է, որովհետև մենք մոտ 1 միլիարդ դոլարի գյուղմթերք ենք արտահանել, ու այդ մի քանի միլիոն դոլարը չի կարող իրավիճակի էական փոփոխություն բերել շուկայում կամ արտահանման մասով:
Մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր շուկան, այո՛, պետք է աշխատենք եվրոպական շուկա արտահանման ուղղությամբ ու այդ մասով պետք է շատ ակտիվ բանակցություններ իրականացնենք, իսկ դրա համար ժամանակ է պետք, հնարավոր չէ մի քանի շաբաթվա ընթացքում դա իրականացնել: Մենք հիմա սակայն փաստի առաջ ենք կանգնած, հունիս ամսվա գյուղմթերքը մնում է, կարող ենք արդեն ասել՝ չարտահանվելու հետևանքով բավականին լուրջ կորուստներ են արձանագրվելու: Հաջորդ ամիսների համար մենք պետք է փորձենք վերականգնել ռուսական շուկան՝ զուգահեռ փորձելով նաև ԵՄ-ի հետ աշխատանքներ տանել, նոր շուկաներ բացելու հնարավորությունները դիտարկել, լոգիստիկայի հարցերը լուծել, որովհետև դա բավականին լուրջ խնդիր է:
Դեպի Եվրոպա արտահանումն ավելի թանկ է, քան՝ դեպի Ռուսաստան, սրանք հարցեր են, որոնք խորքային լուծումներ են պահանջում, միայն սուբսիդավորմամբ այս հարցը չես կարող լուծել: Միանշանակ պետք է փորձենք դիվերսիֆիկացնել, բանակցություններ վարել ԵՄ-ի, արաբական երկրների, Հնդկաստանի, Չինաստանի հետ՝ բոլոր ուղղություններով, բայց միաժամանակ նաև վերականգնել դեպի Ռուսաստան արտահանումը: Սրա համար միանշանակ հարկավոր է քաղաքական պայմանավորվածություն, որ գոնե ժամանակավոր իրավիճակը շտկվի, որից հետո արդեն երկարաժամկետ ծրագրեր մշակվեն:
Այս կառավարությունը հայտարարում է արտահանման դիվերսիֆիկացման մասին, բայց այդ ուղղությամբ պետական բյուջեով նախատեսված ծախսերը այս տարվա համար մի քանի անգամ կրճատվել են, այսինքն՝ նրանք չէին էլ պլանավորել, որ այս տարի պետք է դիվերսիֆիկացման ուղղությամբ լուրջ ծրագրեր իրականացնեին, հիմա հընթացս փորձում են անդրադառնալ խնդիրներին, արձագանքել:
– Իշխանությունը պնդում է, թե ԵՄ-ի հրատապ աջակցության ծրագիրը կա, իրենք էլ ամեն բան անում են՝ նոր շուկաներ, սուբսիդավորում, հետևաբար տնտեսությունը այս պատժամիջոցների հետևանքով որևէ էական խնդրի առաջ չի կանգնի։ Ստացվում է, որ այս պնդումներն այդքա՞ն էլ իրականությանը չեն համապատասխանում:
– Իհարկե, այդ ամենով նրանք ավելի շատ փորձում են հանրային զայրույթը մեղմել կամ քաղաքական որոշակի խնդիրներ լուծել: Խնդիրն իրականում նոր է սկսվել ու բավականին խորքային է, ինչի լուծումը ժամանակ է պահանջում: Բացի այդ՝ անհրաժեշտ է նաև լուրջ ռեսուրս ու նաև բանակցություններ եվրոպական երկրների հետ, ինչը շատ դժվար է: ԵՄ-ի մի քանի տասնյակ միլիոն դոլարի աջակցությունը չի կարող իրավիճակ փրկել: Եթե դու մեկ միլիարդ դոլարի գյուղմթերք ես արտահանում, ապա մի քանի տասնյակ միլիոն դոլարի սուբսիդիան հարցի լուծում չէ, չի կարող փոխհատուցել այդ ամբողջ վնասը, որ կարող ես ունենալ այս ամռան ընթացքում:
Պետք է փորձեն գոնե հաջորդ երկու ամսվա համար քաղաքական պայմանավորվածություն ձեռք բերել ու միաժամանակ, այո՛, արտահանման երկարաժամկետ դիվերսիֆիկացման ծրագրեր անել ԵՄ-ի հետ:
– Պարո՛ն Պարսյան, պետության կողմից տրամադրվող սուբսիդավորման մասով էլ տնտեսվարողները դժգոհում են՝ ասելով, որ այդ գումարը տրամադրվում է փոխադրում իրականացնող ընկերություններին ու ըստ էության իրենց չի հասնում:
– Այո՛, եթե դու արդեն վաճառք ես արել, ենթադրենք՝ եվրոպական մի երկրի հետ պայմանագիր ես կնքել, որ ապրանքդ գնելու են, քեզ սուբսիդավորում են, դու ոչ թե կորցնում ես դաշտը, դրա համար են քեզ գումար տալիս, այլ՝ ճանապարհին գտնվող բերքի համար են իրենք սուբսիդիա տրամադրում: Խնդիրն արտահանողների համար շատ դժվար է, այսինքն՝ նախապես պետք է մարքեթինգ անել, շուկա գտնել, պայմանավորվել, վաճառք անել, հետո տրանսպորտի ժամանակ պետությունը աջակցում է: Այո՛, սա կարող է ծախսերը մի քիչ նվազեցնի, մրցունակ դարձնի, բայց մեր խնդիրն այն է, որ մեր տնտեսվարողներից շատերը դրսում գնորդ չունեն, նրանք փորձում են գնորդ գտնել:
– Եթե ռուսական կողմի հետ չի հաջողվում ձեր ասած քաղաքական պայմանավորվածությունը ձեռք բերել, և հուլիս-օգոստոսին էլ լինում է նույն վիճակը, ինչ հունիսին է, ապա ի՞նչ հետևանքների է դա հանգեցնելու:
– Գյուղոլորտը մեր ՀՆԱ-ի մոտավորապես 7-8%-ն է կազմում, ու այս ոլորտում անկումը, միանշանակ, իր ազդեցությունն է թողնելու ՀՆԱ-ի վրա: Սա իր ազդեցությունն է թողնելու նաև գյուղատնտեսների կամ ֆերմերների կենսամակարդակի վրա: Շատ կարևոր երրորդ գործոնն էլ այն է, որ մեր պաշտոնական վիճակագրությամբ՝ ամենաաղքատ բնակչությունը հենց գյուղում է ապրում, այսինքն՝ մեզ մոտ խորանալու է աղքատությունը գյուղերում, մարզերում: Այսինքն՝ մենք բավական լուրջ խնդիրներ ենք ունենալու, ու դրանք վերաբերելու են ոչ միայն այս տարվան, այլ նաև՝ հաջորդ տարվան, քանի որ կառավարությունը հիմա ստիպված է լինելու արտահերթ ծրագրեր մշակել գյուղացիների վարկերի վերաֆինանսավորման կամ հետաձգման ուղղությամբ:
Գյուղացիներից շատերը վարկեր ունեն ու սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արդեն փաստի առաջ են կանգնելու, երբ պետք է վճարեն այդ գումարները:
Կառավարությունը ստիպված է լինելու լրացուցիչ ծախսեր կատարել նաև այդ ուղղությամբ, որպեսզի գյուղացիները չսնանկանան, կամ բանկերը վարկերի հավաքագրում չիրականացնեն: Այս տարվա չարտահանման բացասական ցուցանիշները իրենց ազդեցությունն են թողնելու նաև հաջորդ տարվա վրա, որովհետև գյուղացիներից շատերը կդադարեցնեն զբաղվել գյուղատնտեսությամբ: Այսինքն՝ մենք երկարաժամկետ խնդիր ենք ստեղծում մեր պետության համար, որը ոչ միայն այս տարվա համար է, այլ նաև՝ հաջորդ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















