ԵՄ աջակցությամբ Հայաստանում կգործի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ջատագովությամբ և պաշտպանությամբ զբաղվող կոալիցիա

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, տրվեց Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի պաշտոնական մեկնարկը։ Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Կոալիցիայի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և հզորացման նպատակով Եվրոպական միությունը հատկացրել է 299,920 եվրո դրամաշնորհ։

Կարևորելով մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց հավասար իրավունքների խթանումը՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը ողջույնի իր խոսքում նշեց․ «Բոլորի համար հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների հասանելիության ապահովումը ողջ հասարակության ընտրությունն է։ Յուրաքանչյուր ոք պետք է իրեն երկրի, համայնքի և ընտանիքի մի մասը զգա՝ առանց կարծրատիպերի կամ խղճահարության: Դա նաև արժանապատվության խնդիր է»։ 

Ծրագիրն իրականացնում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի: Ծրագիրը տևելու է երկու տարի․ «Այդ ընթացքում Կոալիցիայի անդամների հավաքական ջանքերն  ուղղված են լինելու Կոալիցիայի կայացմանը և հզորացմանը։ Այն կդառա մի հզոր կառույց, որը կջատագովի ու կպաշտպանի մեր երկրում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, ակտիվորեն կմասնակցի հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության և հավասար իրավունքների խթանմանն ուղղված առաջարկությունների և քաղաքականությունների մշակման գործընթացներում», – նշեց «Ագաթ» ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար, «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը։ 

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի համակարգող Մուշեղ Հովսեփյանը և հաղորդակցության հանձնաժողովի համակարգող Սիփան Ասատրյանը անդրադարձան հաշմանդամության իրավունքահենք մոտեցումներին և հաշմանդամություն ունեցող անձանց առաջնորդությանն ու մասնակցությանը։

Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների և անհատների ոչ ֆորմալ միություն է, որը հիմնադրվել է 2017 թվականին՝ «Ագաթ» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ Կոալիցիային անդամակցում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող թվով 15 կազմակերպություններ և 5 անհատներ։

Այդ մասին հայտնում են Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայից։