Ադրբեջանը պարզորոշ հասկացնում է, որ իր համար հեղինակություն՝ ի դեմս Ռուսաստանի, գոյություն չունի. Մետաքսե Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը 

– Տիկի՛ն Հակոբյան, ադրբեջանական կողմը վերջին օրերին ավելի է ակտիվացրել գործողությունները, որոնցով խոչընդոտում է քաղաքացիների՝ Արցախ մուտք գործելը։ Ինչի՞ հետևանք է սա, ու կոնկրետ Արցախի իշխանությունն ի՞նչ է անում այս իրավիճակը շտկելու համար։

– Սա հետևանք է այն բանի, որ Ադրբեջանն իր առավելապաշտական նկրտումներից հետ չի կանգնում, որևէ բան Ադրբեջանի քաղաքականության մեջ չի փոխվել։ Ադրբեջանը նախ պարզորոշ հասկացնում է, որ իր համար հեղինակություն՝ ի դեմս Ռուսաստանի, գոյություն չունի, և շատ կարևոր մի կետ, որ էթնիկ զտման քաղաքականությունը Ադրբեջանի պետական առաջնահերթությունն է։ 

Ցավալին այն է, որ այս ամենը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների ոչ հայանպաստ քաղաքականության հետևանքով ու Արցախի Հանրապետության իշխանությունների լռությամբ։ Դուք հարցնում եք՝ ի՞նչ են անում, նրանք ուղղակի լռում են, հետևաբար ոչինչ չեն անում։ ՀՀ իշխանություններին չհակադրվելու, իրականությունը չբարձրաձայնելու քաղաքականությունը ստեղծում է Ադրբեջանի համար թողտվության դաշտ, ու այս ամենի դրսևորումներն են Փառուխի, Քարագլխի դեպքերը, այսինքն՝ ամեն ինչ սկսվել է այս դեպքերից։ 

Ադրբեջանն արդեն մեկ տարի է՝ նույն քաղաքականությունն է վարում, ու ինքն ունի այդպես վարվելու բոլոր նախապայմանները։ Ինքը միշտ եղել է լկտի, ցինիկ, բայց 30 տարի հնարավոր է եղել զսպել Ադրբեջանին, հիմա չկա այդ զսպողական քաղաքականությունը։ Մենք ունենք պարտված իշխանություն, որոնք հաշտվել են պարտության հետ, հետևաբար իրատեսական չէ նրանցից ինչ-որ գործուն քայլեր սպասելը։ Արցախի Հանրապետության իշխանությունները պարտավոր էին պայքարել, բայց ոչ թե բառերով, այլ գործուն քայլերով։ 

Արցախի իշխանության անգործությունը մեզ տանում է լրիվ կործանման, որովհետև վաղուց արդեն պետք էր ինքնակազմակերպվել ու ինչ-որ քայլեր անել։ Վաղուց էինք ասում, որ պետք է հակադրվեն Հայաստանի իշխանություններին, ու դա կարող է փրկություն լինել: Հիմա մենք հասել ենք մի կետի, երբ նույնիսկ հակադրվելը որևէ բան չի փոխելու։ Իրենք արդեն իսկ ապացուցել են, որ որևէ բան չեն անելու Արցախի փրկության համար։ 

– Ասում եք՝ Ադրբեջանը պարզորոշ հասկացնում է, որ իր համար հեղինակություն՝ ի դեմս Ռուսաստանի, գոյություն չունի, սա չի՞ նշանակում, որ Ռուսաստանը ևս թերանում է իր պարտավորությունները կատարելու հարցում, որոնք ստանձնել է Արցախի համար նոյեմբերի 9-ի փաստաթղթով։

– Ես այս իրավիճակում հակված չեմ որևէ մեկին պաշտպանելու, բայց պետք է անաչառ լինել։ Ի սկզբանե՝ պատերազմից անմիջապես հետո, մենք ասել ենք, որ ցանկացած խնդիր, որն առաջանալու է Արցախում, չպետք է դիտարկել հումանիտար դաշտում ու փորձել հումանիտար լուծումներ տալ, դրանք միշտ լինելու են միայն քաղաքական։ 

Շրջափակման այս ողջ ընթացքում, երբ բազմիցս կոչ էինք անում երբևէ հումանիտար հարթակում որևէ հարց չքննարկել, բայց Արցախի իշխանությունները, կարծում եմ, հենց Հայաստանի իշխանությունների հորդորով կամ ճնշմամբ, գնացին այդ քայլին, ու մենք ունեցանք այդ ցավալի դեպքերը, և օղակն ավելի սեղմվեց։ 

Ռուս խաղաղապահների գործառույթն էլ է հումանիտար, ու նրանք էլ չեն կարողանալու շոշափելի հաջողություն գրանցել, բայց չենք կարող չարձանագրել, որ եթե ռուս խաղաղապահներն այստեղ չլինեին, մենք նույնիսկ մեկ վայրկյան այստեղ չէինք լինի։ 

Ինչ վերաբերում է վարվող քաղաքականությանը․ ամիսներ առաջ, երբ քննարկվում էր խաղաղության պայմանագրի երկու տարբերակ՝ ռուսական և արևմտյան, մենք միանգամից մերժեցինք վերջինը, որովհետև Արցախն անմիջապես դիտարկվում էր Ադրբեջանի կազմում՝ այն առումով, որ որևէ կերպ չէին անդրադառնում Արցախին։ 

Ռուսական տարբերակը, որտեղ մեկ տողով անդրադառնում էին Արցախի հիմնախնդրին, էլի լուծում չէր, բայց այն հնարավորություն էր տալիս հետաձգել Արցախի հիմնահարցի լուծումը, երբ կրքերը հանդարտվեն, հնարավորություն կլինի բանակցային սեղանի շուրջը նստել, այսինքն՝ չդիտարկել Արցախն Ադրբեջանի կազմում։ Ռուսաստանը պնդում էր այդ տարբերակն ու պատրաստ էր միջնորդ հանդիսանալ այդ տարբերակի քննարկման ժամանակ։ 

Ինչ տեղի ունեցավ հետո․ տարբեր հանդիպումներ, որոնք տեղի ունեցան, բերեցին նրան, որ Լավրովն Արցախի մասին սկսեց խոսել այնպես, ինչպես ՀՀ իշխանությունները, ու մեր ողջ ազգը սկսեց քարկոծել Լավրովին, ու որևէ մեկը չանդրադարձավ այն հանգամանքին, որ բանակցային սեղանին հայկական կողմը դա է դրել, ու չի կարող ռուսական կողմն ավելի հայանպաստ լինել, քան Հայաստանը։ 

Իհարկե Ռուսաստանը՝ որպես միջնորդ կողմ, ունի պարտավորություններ, որոնք վատ թե լավ, ամեն դեպքում կատարում է, ու այն, որ այսօր դեռ կարողանում ենք Արցախում ապրել, դրա արդյունքն է, որովհետև եթե Ռուսաստանն ամբողջությամբ վարեր այնպիսի քաղաքականություն, ինչպիսին ՀՀ իշխանությունը, մենք ուղղակի չէինք կարող այստեղ գտնվել, դա փաստ է։ 

Ինչ մնում է Ռուսաստանի մնացյալ քայլերին, միամտություն է կարծել, որ նախաձեռնողը իրենք պետք է լինեն, նախաձեռնողը պետք է լինեն Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների իշխանությունները, եթե այս կողմերից որևէ մեկը նախաձեռնող չէ, ապա ինչո՛ւ մենք պետք է պահանջ դնենք միայն միջնորդ կողմի վրա։ 

– Տիկի՛ն Հակոբյան, ասում եք, որ օղակն Արցախի շուրջն ավելի է սեղմվել, մեր բազմաթիվ զրույցներում էլ ասել եք, որ ստեղծված իրավիճակում ինչ-որ բան շտկելը հնարավոր կլինի գործող իշխանության հեռացումից հետո միայն։ Ի՞նչ է արվում իշխանությանը հեռացնելու համար։ 

– Արվում է բավականին բան, ասեմ, որ այս իշխանությունները հանրության շրջանում չունեն վստահություն, ընդհանրապես չունեն, բացի այն նեղ շրջանակներից, որոնք ունեն անձնական շահեր։ Հետևաբար այսօր որևէ խնդիր չի ներկայացնում հանրության պահանջով ազատվել այս իշխանություններից, բայց այս իրականության մեջ ընդդիմության համար կարևոր են պետականության պահպանումը ու այն չխարխլելը, որովհետև դրանով էլ կփաստենք Արցախի վերջը։ 

Այդ իսկ պատճառով բավական երկար ժամանակ պայքարում ենք, որպեսզի այս իշխանությունները օրինական ձևով հեռանան, այն է՝ սահմանադրական բարեփոխումների միջոցով, որոնք արդեն շրջանառության մեջ են դրվել: Իհարկե նախագահն ամեն ինչ անում է գործընթացին խոչընդոտելու համար, բայց մենք առաջարկել ենք նաև մեխանիզմներ, որոնք կապահովեն այս գործընթացի կատարումը։ 

– Չե՞ք վախենում, որ մինչև օրինական ճանապարհով հեռացնեք Արցախի իշխանություններին, արդեն շատ ուշ կլինի։

– Երբ 2,5 տարի առաջ այս նույն բանը ասում էինք, որովհետև սահմանադրական բարեփոխումների գաղափարը մերն է եղել, մեզ ասում էին, որ ժամանակ չունենք։ Հավատացեք, որ 2,5 տարվա պայքարի արդյունքում մենք ունենք նոր գրված սահմանադրությունը, ու այն արդեն ԱԺ-ում է։ 

Եթե մենք ասենք՝ ժամանակ չունենք, պետք է այլ ճանապարհով հեռացնենք նրանց, ապա ավելի կերկարացնենք նրանց իշխանավարումը։ Անօրինական ճանապարհով կարողանում ենք երկարացնել երկու հայկական պետությունների ոչ հայամետ իշխանությունների կյանքը։ Որքան էլ այսօր շտապելու կարիք ունենք, բայց, միևնույն է, սխալվելու իրավունք չունենք, իսկ այլ ճանապարհով իշխանություններից ազատվելու պարագայում մենք տեսնում ենք բավական լուրջ խնդիրներ, որոնք կարող են բերել պետականության կորստի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am