Տասնյակ միլիոնավոր դրամներ պետբյուջեից ու մեկ անձից գնումով՝ Խաչատուր Սուքիասյանին առնչվող ընկերությանը

Հայաստանում պետական մարմիններին սպասարկող ավտոմեքենաները հիմնականում նախընտրում են ապահովագրել «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերությունում: Առաջին հայացքից սա կարող է սովորական տեղեկություն համարվել, սակայն երբ պարզվում է, որ այս ընկերության ստեղծման, կառավարման հիմքում եղել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը, հարց է ծագում՝ արդյոք շահերի բախում չի՞ առաջացնում մեկ անձից գնման միջոցով պետական խոշոր գնումները այս ընկերության միջոցով անելը:

Տեղեկացնենք, որ «ՍԻԼ ինշուրանս»  ապահովագրական ՓԲԸ-ն հիմնվել է Սուքիասյանների ընտանիքի կողմից՝ 2000 թվականին: Կազմակերպությունն ունեցել է 5 բաժնետեր՝ ի դեմս  Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ, Ռոբերտ Սուքիասյանների եւ «Հայէոկոնմբանկ» ԲԲԸ-ի:

Պետական հիմնարկների մեծ մասը դեռ նախորդ տարեվերջից սկսել են առաջիկա մեկ տարվա համար սպասարկվող ավտոմեքենաների ապահովագրության ձևակերպումներն իրականացնել: Նախ ապահովագրության համար գնման բոլոր գործընթացներն իրականացվել են մեկ անձից գնման միջոցով, հետո՝ խոշոր չափի գնումներն իրականացվել են բացառապես «ՍԻԼ ինշուրանս» ապահովագրական ընկերությունում: Այս ընկերությունը սերտ կապեր ունի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, դրա խորհրդի նախագահը նրա եղբայրն է՝ Էդուարդ Սուքիասյանը:

Այսպես, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին սպասարկող թարմ գնված «ԲՄՎ» մակնիշի 750 LI XDRIVE LIMOUSINE մոդելի մեքենան ԱԺ աշխատակազմը նախընտրել է ապահովագրել Սուքիասյանների ընկերությունում և դրա համար բյուջեից մեկ անձից գնման միջոցով հատկացվել է 1.6 մլն դրամ:

Բացի Ազգային ժողովի նախագահին սպասարկող մեքենայից, «ՍԻԼ»-ում ապահովագրվել են նաև խորհրդարանի 41 տրանսպորտային միջոցները, ինչի համար բյուջեից դարձյալ մեկ անձից գնման միջոցով տրամադրվել է ընդհանուր 2.5 մլն դրամ:

Ուշագրավ է, որ ամենախոշոր գնումը այս ընկերությունից հունվար ամսվա ընթացքում կատարել է Հայաստանի ոստիկանությունը՝ 40 մլն դրամ: Գնումները, ըստ պայմանագրի, ֆինանսավորվել են պետական բյուջեի միջոցների հաշվին: Մեկ անձից գնման միջոցով ապահովագրվել է ոստիկանության 140 մեքենա: Սակայն սա ամենը չէ: 2022-ի դեկտեմբերին ևս ոստիկանությունը մեքենաներն ապահովագրելու համար նախընտրել է գործ ունենալ ԱԺ պատգամավորին առնչվող ընկերության հետ. ընդհանուր առմամբ կնքվել է 121 մլն դրամի պայմանագիր և դարձյալ մեկ անձից գնման միջոցով:

Եթե առաջնորդվենք նախկին-ներկա ընդունված տրամաբանությամբ, ապա նախկինում էլ, երբ ոստիկանության պետը Վլադիմիր Գասպարյանն էր, ՀՀ ոստիկանության մեքենաների լվացման համար պայմանագրեր էին կնքվում Գասպարյանի փեսային՝ Արթուր Գևորգյանին պատկանող ընկերության հետ

Հաջորդ խոշոր գնումը այս ընկերությունից կատարել է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը՝ 70 տրանսպորտային միջոցների համար վճարելով 2.6 մլն դրամ:

Կադաստրի պետական կոմիտեն 905 հազար դրամի պայմանագիր է կնքել «ՍԻԼ ինշուրանսի» հետ հիմնարկին սպասարկող 22 մեքենաների ապահովագրման համար: 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 3 մեքենաների ապահովագրությունը արժեցել է 121 հազար դրամ: ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն 3 մեքենա ապահովագրելու համար պետական բյուջեից «ՍԻԼ ինշուրանսին» փոխանցել է 143 հազար դրամ: 

165 հազար դրամ էլ արժեցել է ՀՀ վարչապետի աշխատակազմի 4 ավտոմեքենայի ապահովագրությունը:

Ուշագրավ է, որ վարչապետի ենթակայությամբ գործող տեսչական մարմինները օգտվել են այլ ապահովագրական ընկերությունների ծառայություններից, որի դիմաց վճարել են 2.2 մլն դրամ: 

Իհարկե, կան պետական հիմնարկներ, որոնք նախընտրել են ապահովագրական այլ ընկերություններ՝ «Ռոսգոսստրախ», «Ինգոարմենիա», բայց այդ կազմակերպություններից պետական գնումները ավելի պակաս գումարով են եղել, քան պատգամավորին առնչվող ընկերությունից: Օրինակ՝ Արմավիրի մարզպետարան՝ 24 հազար դրամ, Ֆինանսների նախարարություն՝ 192 հազար դրամ, Վիճակագրական կոմիտե՝ 71 հազար դրամ և Սահմանադրական դատարան՝580 հազար դրամ:  

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասում է՝ մեկ անձից գնում կատարելիս պետք է պատվիրատու պետական մարմինը հիմնավորի՝ ինչու է հենց ա՛յդ ընկերությանը դիմել գնում կատարելու համար: 

«Դա բնական մոնոպոլիա չէ, հետևաբար պատվիրատու մարմինը պետք է տա հստակ հիմնավորում՝ ինչու է դիմել հենց այդ ապահովագրական ընկերությանը»,- «Մեդիալաբին» ասում է Վարուժան Հոկտանյանը:

Պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված են գնման ստանդարտ պայմանագրեր, սակայն հիմնավորումների մասին որևէ փաստաթուղթ հրապարակված չէ: 

Իսկ այս դեպքում արդյոք շահերի բախում կա՞: Այս հարցը Հոկտանյանը պատասխանում է.  

«Կարող է պարզվել՝ այնքան լուրջ է այդ հիմնավորումը, որ այդ շահերի բախումը չերևա. գուցե այնպիսի ծառայություն են մատուցում, որ այլ ընկերություններ չեն մատուցում: Իսկ եթե հիմնավորումն անլուրջ է, фиговый листок (ծածկադմփոց) է, նշանակում է՝ շահերի բախում կա, միանշանակ»:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am