Վերին Լարսում մնացած մեքենաները տեղափոխվում են տուգանային կայաններ.«Ազատություն»

Վրաստանի հետ սահմանին մնացած մեքենաները Հյուսիսային Օսիայի Պետական երթևեկության անվտանգության տեսչության կողմից տարհանվում են տուգանային կայաններ, հայտնում է Meduza-ն։

Աղբյուրի համաձայն՝ հյուսիսօսական իրավապահները խոստանում են ավտոմեքենաներ վերադարձնել սեփականատերերին՝ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում։Այս մասին տեղեկացնում է «Ազատություն»-ը:

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ավելի վաղ առաջարկել էր ՌԴ սահմանին գտնվող քաղաքացիների կողմից լքված մեքենաները փոխանցել բանակ զորակոչվածների ընտանիքներին։

Հյուսիսային Կովկասի մաքսային դեպարտամենտի մամուլի ծառայությունը այսօր տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Վրաստանի սահմանին մարդատար ավտոմեքենաների խցանում այլևս չկա, ավելի վաղ իրավիճակի կայունացման մասին հայտարարել էին նաև Վրաստանի իշխանությունները։

Սեպտեմբերի 21-ին «մասնակի զորահավաքի» մասին Ռուսաստանի իշխանությունների հայտարարությունից հետո տասնյակ հազարավոր ՌԴ քաղաքացիներ լքել են երկիրը, ինչը կիլոմետրերով խցանումներ է առաջացրել հարևան պետությունների հետ սահմաններին։

Վրաստանի պաշտոնական տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 17-29-ը ՌԴ մոտ 100 հազար քաղաքացի է մուտք գործել երկիր։