«Հիմա մենք վճարում ենք Թուրքիայի հետ հարաբերություններ չունենալու գինը, եվ այդ գինը ռուսական ավելի ու ավելի ռազմական ներկայությունն է Հայաստանի տարածքում». Թաթուլ Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը

– Պարո՛ն Հակոբյան, Տավուշի մարզում, մասնավորապես, Ոսկեպար գյուղում ռուս սահմանապահների ուղեկալ է տեղադրվել։ Ձեր գնահատմամբ՝ ռուս սահմանապահները ինչո՞ւ են հասել Տավուշ, այն դեպքում, երբ սահմանային լարվածություն կա Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։

– Այդ առիթով երկու բան կարող եմ ասել․ առաջին՝ ռուսական կողմից առաջարկ է եղել ռուսական զորք տեղակայելու մասին, և հայկական կողմն այդ առաջարկը հաստատել է։ Եղել է առաջարկ Իրան-Հայաստան-Ադրբեջան եռանկյունուց, այսինքն՝ Մեղրիի արևելյան հատվածից մինչև Հայաստան-Վրաստան-Ադրբեջան եռանկյունի, այսինքն՝ այնտեղ, որտեղ Տավուշի սահմանն է, պետք է տեղակայվեն ռուսական ուժեր, բարձրանան ռուսական դրոշներ։ 

Ես չեմ ուզում անուններ տալ՝ խաղաղապահ, սահմանապահ և այլն, անհասկանալի է՝ ինչ մանդատով են մտել, ինչ պայմանագրային հենքով են մտել։ Իսկապես, շատ հարցեր կան։ Այսինքն՝ ռուսների ներկայությունն իրականություն է դառնում։

Երկրորդ` ստացվում է՝ անկլավների հարցը, այնուամենայնիվ, օրակարգում է, և համաձայն այդ տրամաբանության՝ ռուսական ուժերը գալիս ու կանգնում են Ոսկեպարի մոտ, որովհետև այդ հատվածում մենք հատում ենք նախկին Խորհրդային Ադրբեջանի տարածքը։ Այդ է պատճառը, որ ռուսները եկել, հաստատվել են, որպեսզի հնարավոր բախումներ չլինեն զինվորական ուժերի միջև։ 

Երրորդ տարբերակ էլ կա, թե ինչու են ռուսական ուժեր տեղակայվել այդ հատվածում՝ նշածս երկու տարբերակները միասին, այսինքն՝ եկել են և՛ առաջինի համար, և՛ մյուսի համար։ 

Սա իմ վերլուծությունն է, որին հանգել եմ փաստերի ու իմ տիրապետած ինֆորմացիայի համադրության արդյունքում։ 

– Անկլավների փոխանցման հարցը իշխանությունը կարծես չի էլ թաքցնում, և այդ հարցը պարբերաբար նետվում է օրակարգ։ Այսօր էլ իշխանական պատգամավոր Ղալումյանն էր ասել, որ Տավուշում կան տարածքներ, որոնք ադրբեջանական են։ 

– Ես դժվարանում եմ ասել, թե այս անկլավների հարցը ինչքան է առաջ գնալու, որովհետև ինչ տարբերակով էլ անկլավների փոխանակում տեղի ունենա, մենք պարտված ենք դուրս գալու։ 

Պատճառն այն է, որ ռազմավարական իմաստով այդ անկլավները Հայաստանի համար ունեն կենսական նշանակություն, մինչդեռ Արծվաշենը մեզ համար չունի կենսական նշանակություն, հետևաբար, փոխանակման դեպքում մենք շահած դուրս չենք գալու։ 

Բայց եթե վերականգնվելու են նախկին Խորհրդային Հայաստանի և նախկին Խորհրդային Ադրբեջանի սահմանները, այսինքն՝ պատերազմից առաջվա սահմանները, ապա դա նշանակում է, որ ադրբեջանցիները գալու են ոչ միայն այն հատված, որտեղ հիմա ռուսական զորքերն են, այլ նաև ադրբեջանցիները պետք է հայկական Ոսկեպար գյուղից մի քիչ վերև՝ մյուս Ոսկեպար գյուղ գան։ Այս ամենը նշանակում է, որ բավականին մեծ անտառային հատված անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այդ երկիրը սեպի նման խրվելու է այդ տարածքներ։ 

Բացի այդ, եթե վերականգնվելու են սահմանները, ապա ադրբեջանցիները պետք է գան ու նստեն նաև Կիրանց գյուղի մոտ։ Ստացվում է՝ Հայաստանի ներսում ադրբեջանական անկլավներ են ստեղծվելու՝ դրանից բխող բոլոր վտանգներով, մարտահրավերներով ու սպառնալիքներով։

Այս տարբերակը Հայաստանի համար անընդունելի է։ Բայց նաև հասկանում եմ, որ Հայաստանը պարտվել է պատերազմում, իսկ պարտվածների հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են։ Հայաստանի հետ ճիշտ այդպես էլ վարվում են։ 

– Այդ դեպքում ի՞նչ այլընտրանքային լուծում կարող է լինել, եթե, ինչպես դուք եք ասում՝ Հայաստանը պարտվել է և, ըստ էության, ձեռքին ճար չկա։

– Հայաստանը շուտ պետք է ինչ-որ բան աներ։ Այսինքն՝ Հայաստանը մոտավորապես 25 տարի ժամանակ ուներ, որպեսզի արժանապատիվ խաղաղություն հաստատեր և պարտվածի դիրքերից չխոսեր Ադրբեջանի հետ։ Բայց մենք հիմա կորցրել ենք ամեն ինչ ու տալու բան չունենք, հետևաբար բնական է, որ այլընտրանքներ շատ չունենք։ Մենք լիքը այլընտրանքային տարբերակներ ունեինք 94-ից հետո, որից չօգտվեցինք, և արդյունքում պատահեց 44-օրյա պատերազմը։

Այլընտրանքը կարող է լինել այն, որ մենք փորձենք գոնե անկլավների հարցում կարողանանք բանակցել, չտալ այդ տարածքները։ Բայց դատելով Հայաստանի իշխանությունների հայտարարություններից՝ չի երևում, որ նրանք պատրաստ են անկլավների համար կռիվ տալ դիվանագիտական հարթությունում՝ ներգրավելով միջազգային գործընկերներին։ Այդ ջիղը, ցանկությունը չեմ տեսնում։

Կրկնեմ՝ անկլավների վերադարձը Հայաստանը հետ է շպրտում մինչև 91 թվական։

– Ոսկեպարում ռուս զինվորականների տեղակայումը կարո՞ղ ենք ասել, որ ինչ-որ իմաստով արձագանքն էր Փաշինյանի հայտնի հայտարարությանը, թե հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կարող են տեղակայվել օտարերկրյա զինված ուժերի ստորաբաժանումներ։

– Դեռևս մայիսի կեսերին, երբ ադրբեջանական զինուժը ներխուժեց Սև լճի տարածք, Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց՝ կոչ անելով միջազգային ուժերին գալ ու փաստացի հայ-ադրբեջանական սահմանին կանգնել Գորիսի հատվածում։ 

Դրան անմիջապես հետևեց ռուսների արձագանքը։ Իհարկե, եվրոպական, ամերիկյան, սկանդինավյան ուժեր չեն գա այս տարածք, որքան էլ հայկական քաղաքական շրջանակներում այդ մասին գրվի։ 

Դա ուղղակի պոեզիա է։ Երազանք է։ Չի կարելի քաղաքականության մեջ պոեզիայով առաջնորդվել։ Այս տարածաշրջան պատրաստ են գալ երկու հիմնական ուժեր՝ ռուսներն ու թուրքերը։ 

Ռուսները իրենց առաջարկը ներկայացրին՝ ասելով, որ իրենք պատրաստ են պաշտպանել Հայաստան-Ադրբեջան սահմանը, ինչպես պաշտպանում են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Իրան սահմանը։ Հիմա դա իրականություն է դառնում։ 

Ձեր հարցին՝ արդյոք դա Նիկոլ Փաշինյանի հայտարարության արձագա՞նքն է, կպատասխանեմ այսպես. ամբողջ խնդիրն այն է, որ այդ առաջարկը չի գալիս հայկական կողմից, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը դա ներկայացնի որպես մեր օրակարգ։ 

Այդ առաջարկը գալիս է ռուսական կողմից, և ես չեմ ուզում ասել՝ լա՞վ է, թե՞ վատ է, որ ռուսները գալիս, կանգնում են։ Հիմա ակնհայտ է, որ ռուսները ուզեցել են ու գալիս, կանգնում են սահմանի երկայնքով։ 

Նիկոլ Փաշինյանը, պարզ է, դա ներկայացնելու է Հայաստանի արտաքին քաղաքական հաջողություն՝ տեսեք, որ մեր օրակարգը իրականություն է դառնում ռուս գործընկերների օգնությամբ։ Բայց կրկնեմ՝ իրականության մեջ այդ օրակարգը առաջ է բերել ռուսական կողմը այն բանից հետո, երբ ադրբեջանցիները ներխուժում իրականացրին Սև լճի հատվածում, ինչպես նաև Վարդենիսի հատվածում։ 

– Հայաստանի մնացած սահմանային հատվածներում ռուսական զորքեր են լցվում, և փորձագիտական շրջանակները դա գնահատում են ինքնիշխանության կորուստ։ Դուք նո՞ւյնպես այդկերպ եք ընկալում իրավիճակը։ 

– Ես չեմ ուզում շատ կտրուկ բան ասել և չեմ ուզում իրավիճակը սև ու սպիտակ ներկայացնել։ Ակնհայտ իրողություն է, որ Հայաստանի անկախությունից անմիջապես հետո մեր երկիրը 1992-ին համաձայնության եկավ, որ ռուս սահմանապահները կանգնեն Թուրքիայի ու Իրանի սահմանի երկայնքով։ 

Սա ինքնին նշանակում էր մեր ինքնիշխանության որոշակի կորուստ, որովհետև քո սահմանների երկայնքով կանգնում են այլ ուժեր, ու ամենևին էլ կապ չունի՝ դրանք բարեկամի՞, թե՞ գործընկերոջ ուժեր են։ Դրանից հետո մեր ինքնիշխանությունը տարեցտարի սկսեց նվազել։ 

Հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ մենք ավելի ենք կորցնում մեր ինքնիշխանությունն ու անկախությունը։ Այո՛, եթե համեմատում ենք Հայաստանը 92 թվականի Հայաստանի հետ, մենք ավելի քիչ անկախ ենք ու շատ կախյալ Ռուսաստանից՝ քաղաքական, տնտեսական, մշակութային առումներով։ Անգամ հոգեբանական իմաստով։ Այդ առումով համաձայն եմ նման դիտարկումներին։ 

Բայց մեկ այլ հարց կա. իսկ այլընտրանքը ո՞րն է։ Եթե մենք չկարողացանք Թուրքիայի հետ լեզու գտնել, եթե մենք 25 տարի շարունակ կենացներ խմեցինք Կուր-արաքսյան միջագետք դուրս գալու, Բաքվում թեյ խմելու մասին ու ոչինչ չարեցինք, իսկ մեր հակառակորդը կարողացավ զինվել ու մեզ ծնկի բերել, ի՞նչ այլընտրանք կարող է լինել։ 

Հիմա շատերը բողոքում են՝ ռուսները եկան, վա՜յ, սահմանի ամբողջ երկայնքով ռուսական զորքեր են, վա՜յ, բայց խնդրեմ, ասեք՝ այլընտրանքը ո՞րն է։

Չգիտեմ, ես կարծում եմ՝ մենք շատ այլընտրանքներ չունենք և դրա համար ստիպված եղանք համակերպվել այս իրավիճակի հետ։ Իհարկե, այս ամենի պատասխանատուն ու մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ 

Բայց ոչ միայն նա։ Մեր ներկայիս խորհրդարանը ևս պատասխանատու է այս ամենի համար, որովհետև այնտեղ ներկայացված են բոլոր ժամանակներում ստեղծված իրավիճակի բոլոր պատասխանատուները՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Դաշնակցությունը։ Նրանց իշխանության տարիներին մենք մսխեցինք մեր երկրի անկախության մեծ մասը։

– Դուք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին խոսեցիք, բայց մենք տեսնում ենք՝ ինչ քննադատաբար են ընդունվում դրա հնարավորության մասին իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները։

– Ինչ աղմուկ ուզում են՝ հանեն, ուզում են՝ գնան իրենց կախեն, ուզում են՝ ամեն օր թուրքին հայհոյեն, ինչ ուզում են՝ ասեն․․․ գիտեք ի՞նչ կա, դիվանագիտությունը պոեզիա չէ, որ ասենք՝ կանգնեմ Մասիսի գագաթին, թքեմ թուրքի ճակատին, կամ՝ թուրքը մնում է թուրք, կամ թուրքը մեր դարավոր թշնամին է․․․ հասկանո՞ւմ եք։ Ինչ ուզում են՝ ասեն։ 

Ես էլ կարող եմ շատ բան ասել թուրքերի մասին։ Բայց մի կարևոր բան պետք է ասել թուրքերի մասին․ թուրքերը և Թուրքիան, ցավոք, դժբախտաբար, չգիտեմ՝ ճակատագրի անեծքով, մեր հարևանն է, և երբ դու չես կարողանում քո հարևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել և հրավիրում ես որպես միջնորդ երրորդ երկրներ, ապա գինը դա է։ Հիմա մենք վճարում ենք Թուրքիայի հետ հարաբերություններ չունենալու գինը։ Եվ այդ գինը ռուսական ավելի ու ավելի ռազմական ներկայությունն է Հայաստանի տարածքում։ Սա է դաժան իրականությունը։ Ես չեմ ասում՝ թուրքերը լավն են, բայց այդ երկիրը մեր հարևանն է, ու նրանք այս տարածաշրջանից չեն հեռանա։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am