Վարկեր ձևակերպելիս կոռուպցիոն դրսևորումներ, ապօրինի վճարումներ և վաշխառություն․ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում․ Տեսանյութ

Վարկեր ձևակերպելիս կոռուպցիոն դրսևորումներ, ապօրինի վճարումներ և վաշխառություն․ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում․ Տեսանյութ
Վարկեր ձևակերպելիս կոռուպցիոն դրսևորումներ, ապօրինի վճարումներ և վաշխառություն․ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում․ Տեսանյութ

Վերջերս հանրապետության փողոցներում, գետնանցումներում, նաև համացանցում կարելի է հանդիպել գաղթակղիչ վերնագրերով գովազդների։ Օրինակ՝ «արագ գումար», «հեշտ վարկեր» և այլն։

Նման հայտարարությունները, պարզվում է հիմնականում խաբեություններ են, որոնք դրսևորվում են տարբեր եղանակներով։
Նման կազմակերպությունները, բնականաբար, չունեն համապատասխան լիցենզիա, չեն համագործակցում բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ և նրանց գործունեությունը չի վերահսկվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից։ Խարդախությունները դրսևորվում են նաև այլ եղանակներով։

Բացի այդ, վերջերս օրենսդիր մարմինն ընդունել է համապատասխան օրենք՝ լիցենզիա չունեցող անձանց կամ կազմակերպությունների կողմից վարկերի գովազդի իրականացման մասին։

Ներկայացվածի մասին քաղաքացիներից, բանկերից ու լրատվամիջոցներից ոստիկանությունում ստացվում են բազմաթիվ ահազանգեր ու բողոքներ։ Նմանատիպ դեպքերը բացահայտելուց զատ, վարկերի ձևակերպման ժամանակ առաջացող կոռուպցիոն դրսևորումների, ապօրինի վճարումների և վաշխառության դեպքերի կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ։ Խմբում ներգրավված են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ։ Նրանց աշխատանքի շնորհիվ միայն այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին ցածր տոկոսադրույքով վարկ տրամադրելու պատրվակով, խաբեությամբ քաղաքացիների անունով խանութներից ապառիկ գնված ապրանքները չտրամադրելու և վարկի գումարները չմարելու եղանակով խարդախություն կատարելու դեպքերի առթիվ ոստիկանությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է 54 քրեական գործ։

Կոչ ենք անում չլիցենզավորված անձանց ու կազմակերպություններին՝ չզբաղվել հակաօրինական գործունեությամբ, իսկ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս վարկային գործարքներ իրականացնել միայն լիցենզավորված, ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող բանկերի ու կազմակերպությունների հետ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։