«Մարտի մեկի գործով Լևոն Տեր-Պետրոսյանին հարցաքննության կանչելը կրում էր զուտ ձևական բնույթ». Ավետիք Իշխանյան

«Մարտի մեկի գործով Լևոն Տեր-Պետրոսյանին հարցաքննության կանչելը կրում էր զուտ ձևական բնույթ». Ավետիք Իշխանյան
«Մարտի մեկի գործով Լևոն Տեր-Պետրոսյանին հարցաքննության կանչելը կրում էր զուտ ձևական բնույթ». Ավետիք Իշխանյան

Մարտի մեկի գործով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հարցաքննության հրավիրելը՝ վկայի կարգավիճակով, կրում էր ձևական բնույթ: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք, որ փետրվար 7-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն և վկայի կարգավիճակով հարցաքննվել: Հարցաքննությունը տևել էր մոտ 1,5 ժամ՝ ասել էր առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: Միաժամանակ մամուլում տեղեկություններ եղան, որ Մարտի մեկի գործով երկու անգամ ՀՔԾ է հրավիրվել ու հարցաքննվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ավետիք Իշխանյանն ասում է, որ 2008 թվականից հետո Մարտի մեկի դեպքերի բացահայտման հետ կապված միշտ հանրության մոտ հարցադրումներ են եղել, թե ինչո՞ւ հարցաքննության չեն հրավիրվել հատկապես երկու անձ՝ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Երբեմն եղել են մարդիկ, ովքեր ասել են, որ նաև առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է հրավիրվեր հարցաքննության:

«Եվ եթե մենք այդ դիտանկյունից նայենք այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում, ապա կարծես թե այսօրվա իրավապահ մարմինները առաջնորդվում են, պայմանական ասած, ժողովրդի պահանջով: Նրանք գտնում են, որ այսպիսով կբավարարվի շատերի մտահոգությունը, թե ինչու նրանք չեն հարցաքննվել: Էլ չենք խոսում Ռոբերտ Քոչարյանի մասին, ում նկատմամբ արդեն գործը հարուցված է, և նա գտնվում է կալանքի տակ: Մյուս երկու նախագահները հրավիրված են եղել վկայի կարգավիճակով: Հիմա, եթե խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանին, ես չեմ բացառում, որ նրա նկատմամբ նույնպես գործ հարուցվի, եթե ինչ-ինչ այլ քաղաքական հարցեր չլինեն»,- «Մեդիալաբին» ասում է Ավետիք Իշխանյանը:

Ինչ վերաբերում է Լևոն Տեր-Պետրոսյանին, ապա, նրա խոսքով, տվյալ դեպքում նա հարցաքննության է հրավիրվել զուտ հանրության առաջ իրավական արդարության մտահոգությունը փարատելու համար: «Փորձում են ցույց տալ, որ՝ տեսեք, նրան էլ ենք կանչել: Համենայնդեպս ես համոզված եմ, որ ուղղակի ձևական բնույթ էր կրում Լևոն Տեր-Պետրոսյանին կանչելը, և որևէ այլ հետևանք դա չի ունենա»,- ասում է նա:

Իշխանյանը մանրամասնում է, թե ինչու է կարծում, որ Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը ձևական բնույթ է կրում: «Թող թեկուզ ասեն՝ այդպես չէ, այսօր իրավական պետություն է և այլն, բայց ես գտնում եմ, որ եթե նույնիսկ այսօրվա իշխանությունները ցանկանային, որ Հայաստանն իրավական պետություն դառնար, դա հնարավոր չէր: Համենայնդեպս, որևէ մարմին և դատաիրավական ու քաղաքական համակարգերում որևէ անձ հոգեբանորեն դեռևս չի փոխվել: Եվ եթե այդ տեսանկյունից նայենք, ապա 2008 թվականին այսօրվա վարչապետը և Լևոն Տեր-Պետրոսյանը նույն քաղաքական թիմում էին»,- ասում է իրավապաշտպանը:

Երկրորդ, նրա խոսքով, պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք, որ Մարտի մեկի քննությունն իրականացնում է մի կառույց, որը փաստորեն վարչապետին ու կառավարությանը առընթեր է: Եվ երրորդ հանգամանքն այն է, որ այսօր վարչապետի մամուլի խոսնակ է նշանակվել Լևոն Տեր-Պետրոսյանի ամենանվիրյալ հավատարիմներից մեկը, ով լինելով արտգործնախարարության մամուլի խոսնակ, իր հավատարմությունն էր հայտնել ապստամբներին:

«Այս ամենը համադրելով՝ ես նորից համոզված եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանին հարցաքննության կանչելը կրում էր զուտ ձևական բնույթ»,- ընդգծում է Ավետիք Իշխանյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am