«Դավաճանությունն անթույլատրելի է, բայց իրատես լինենք և խոստովանենք, որ հայոց պատմության մեջ միշտ էլ դավաճանություն եղել է». Դավիթ Բաբայան

Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը

– Այսօր հայկական և օտարերկրյա լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածվեց, թե կողմերի միջև ձեռք է բերվել հստակ պայմանավորվածություն հոկտեմբերի 8-ին ժամը 18-ին կրակի դադարեցման վերաբերյալ։ Ճիշտ է, ՊԲ-ն արդեն հերքել է այդ տեղեկատվությունը, սակայն ձեր կարծիքով նման բան հնարավո՞ր է, երբ մինչև այս պահը Ստեփանակերտը հրթիռակոծության տակ է։

– Պատերազմն այնպիսի երևույթ է, որ չգիտենք՝ ով ինչի համար և ինչ է հրապարակում։ Խնդիրն այն չէ, որ մենք պետք է խոսենք՝ հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ։ Իհարկե պատերազմը մի օր ավարտվելու է, և դրա մասին բոլորս էլ գիտենք, բայց օրը, ժամը, ժամկետները՝ դա արդեն ցույց կտա ժամանակը։ 

Մենք հաստատակամ ենք, կանգնելու ենք մինչև վերջ, և մեր հաստատակամությունը, մեր բանակի հզորությունը և մեր կողմից ճիշտ վարվող աշխարհաքաղաքականությունն են պատերազմի դադարեցման և առհասարակ խաղաղության և կայունության պահպանման կարևոր գրավականը։

– ՀՀ վարչապետը հայտարարել է, որ առաջնագծում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է»։ Սրա հիման վրա արդեն քրեական գործ է հարուցվել։ Ձեզ ի՞նչ է հայտնի այս պատմությունից։

– Ցանկացած տեղեկատվություն պետք է քննվի և պարզվի, թե որքանով է դա համապատասխանում կամ չի համապատասխանում իրականությանը։ Այս պահի դրությամբ որևէ մեկը որևէ թիզ հող հանձնելու մտադրություն չունի։ Մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը։ Այստեղ խնդիրը հողը չէ, այլ մեր անվտանգությունը, մեր ապագան։ Իսկ դրա համար մեր հայրենիքի սահմանները պետք է լինեն ամուր ու հզոր։ Իսկ դավաճանությունն անթույլատրելի է, թեև պետք է իրատես լինենք և խոստովանենք, որ հայոց պատմության մեջ միշտ էլ դավաճանություն եղել է։ 

Կոռուպցիան էլ է դավաճանություն։ Եթե մենք մի այնպիսի հասարակություն ստեղծենք, որի գոնե վերնախավը կլինի հայրենասեր ու պրոֆեսիոնալ, դա կլինի մեծ հաղթանակ։ Որևէ մեկը որևէ բան չի կարող ծախել։ Մեր երիտասարդների, մեր ժողովրդի ու նոր իշխանությունների բացարձակ մեծամասնությունը որևէ առևտրի մեջ չի մտնելու։ 

– Վարչապետի հայտարարության հետ կապված մամուլում շրջանառվում էր Վիտալի Բալասանյանի մերձավորներից մեկի անունը։ 

– Ես չեմ կարող և չեմ էլ ուզում ինչ-որ բան ասել, որովհետև այս պահի դրությամբ լրիվ այլ խնդիրներ են մեր առջև կանգնած։ 

– Իսկ այսպիսի հայտարարությունները ներքին լարվածությո՞ւն են մտցնում։ 

– Այդ բոլորը պետք է քննարկվեն հետո, հիմա դրա ժամանակը չէ, որ մենք ռազբորկաներ անենք։ Եթե ինչ-որ մեկն ապացուցված աշխատում է պետության դեմ, մենք փնտրենք էդ մարդուն, բայց ռազբորկաներ անել, թե Պողոսը սենց է ասել, Պետրոսը նենց է ասել… էսօր ընկերոջս 18 տարեկան որդին է մահացել, ինչի՞ մասին եք խոսում։

Մանե Հարությունյան 

MediaLab.am