Դիտարկումներ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին կամ կոռուպցիայից զերծ իշխանությունը կարող է միայն հաստատել խաղի արդար կանոններ․ Նորայր Նորիկյան

Հեղինակ MediaLab

Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

1. Հանրային քննարկման ներկայացված «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից եւ հայցապահանջներից բխող գործերը:

ՀՀ վիճակագրական կոմիտեն ս.թ. օգոստոսի 6-ին հրապարակել է 2020թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում կատարված իրավախախտումների տվյալները, որից պարզ է դառնում, որ նշված ժամանակահատվածում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 632 դեպք։
2019թ. ՀՀ-ում արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 1280 հանցագործություն, 2018թ.՝ 1353, իսկ 2017թ.՝ 634 հանցագործություն:

Վերջին երեք տարվա վիճակագրական տվյալների վերլուծությունից հետևում է, որ մեկ տարվա կտրվածքով արձանագրվում է մոտավոր 1300 կոռուպցիոն բնույթի հանցագործություն:

Սա նշանակում է, որ հակակոռուպցիոն դատարանի 20 դատավորներից յուրաքանչյուրի վարույթում տարեկան քննվելու է շուրջ 65 գործ, չհաշված այն հանգամանքը, որ նշված գործերից մի մասը կարող է չհասնել անգամ դատարան և ավարտվել մինչ դատական վարույթում:

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Մեսրոպ Մակյանը տառացիորեն երկու օր առաջ հայտարարել է, որ 2019 թվականի հոկտեմբերի 28-ի դրությամբ քրեական դատարաններում քննվող քրեական գործերի քանակը կազմել է 4120, իսկ մինչ դատական վարույթները՝ 22398:

Բարձրագույն դատական խորհրդի կայքում հրապարակված առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների համառոտ վերլուծությունից պարզ է դառնում, որ քրեական գործեր քննող դատավորների թիվը ներկայումս կազմում է շուրջ 50:

Եթե ելակետային համարենք ԲԴԽ անդամ Մ. Մակյանի կողմից հրապարակված թվերը, ստացվում է, որ ներկայումս տարեկան մեկ դատավորի վարույթում քննվում է շուրջ 82 քրեական գործ և 447 մինչ դատական վարույթի գործ:
Իհարկե, այս թվերը չեն կարող ամբողջությամբ արտացոլել օբյեկտիվ իրականությունը, քանի որ դատարանների ծանրաբեռնվածությունը գտնվում է տարբեր աստիճանի վրա, իսկ Երևան քաղաքի դեպքում այն ակնառու է, բայց ընդհանուր պատկեր կազմելու համար բավարար է:

Համաձայն եմ, որ ներկայումս դատարանները գտնվում են գերծանրաբեռնված վիճակում, սակայն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների նվազման միտումը և վերը նշված հանգամանքները հնարավորություն են տալիս արձանագրելու, որ հակակոռուպցիոն դատարանը, պատկերավոր ասած, գտնվելու է ՛՛Հարկադիր պարապուրդի՛՛ վիճակում, ուստի գտնում եմ, որ 20 դատավորի կազմով այդպիսի դատարանի ստեղծումը շռայլություն է, առավել ևս, որ այդ դատավորների վարձատրության չափն ավելի մեծ է լինելու, քան մյուս դատարանների դատավորներինը, ինչը նշանակում է, որ մարդիկ հարկատուների հաշվին ստանալու են գերբարձր աշխատավարձ՝ գտնվելով թերծանրաբեռնված աշխատանքային գործունեության մեջ:

2. Նախագծերի փաթեթով սահմանվել է, որ հակակոռուպցիոն դատարանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր չեն կարող դառնալ այն դատավորը, նախկին դատավորը, դատախազը, նախկին դատախազը, քննիչը, նախկին քննիչը, հետաքննիչը, նախկին հետաքննիչը, օպերլիազորը, նախկին օպերլիազորը, փաստաբանը և նախկին փաստաբանը, եթե վերջիններս վերջին հինգ տարվա ընթացքում ստացել են նախագծով նշված կարգապահական տույժերից մեկը։

Ընդհանրապես, հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը պատճառաբանվում է գործերի քննության ու արդարադատության արդյունավետության բարձրացմամբ, կոռուպցիայից և քաղաքական գործիչների ու ազդեցիկ շրջանակների անիրավաչափ ազդեցությունից զերծ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից կոռուպցիոն գործերով արդարադատություն իրականացնելու ձգտմամբ, ինչպես նաև ոլորտային մասնագիտացվածություն ունեցող դատական կազմ ունեցող դատարան ստեղծելուն։

🇦🇲Տարիներ շարունակ ՀՀ-ում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումները չեն տվել իրենց ցանկալի արդյունքը: Այդ համակարգի նկատմամբ հանրության վստահության ճգնաժամը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա: Այս փոփոխությունները նույնպես ուղղված են այդ ճգնաժամի նվազեցմանը:

Եվ հիմա, երբ այս նախագծով մենք հնարավորություն ենք տալիս գործող դատաիրավական համակարգի ներկայացուցիչներին, որոնց նկատմամբ առկա է համակարգային վստահության ճգնաժամ, դառնալու հակակոռուպցիոն դատարանի դատավորներ, արդյո՞ք զբաղված չենք ինքնախաբեությամբ, արդյո՞ք վստահություն չունեցող համակարգի ներկայացուցչին հնարավորություն տալով դառնալ հակակոռուպցիոն դատարանի դատավոր, մենք ապահովելու ենք արդարադատության իրականացման առավել բարձր արդյունավետություն:

Ավելի պարզ, եթե հիմա որևէ գործող դատավորի կամ դատախազի մենք հնարավորություն տանք դառնալու հակակոռուցիոն դատարանի դատավոր, նրանք ավելի արդյունավետ են աշխատելո՞ւ, ավելի անաչառ ու անկողմնակալ են լինելո՞ւ, ավելի արդարադատ են լինելո՞ւ:
Այդ դեպքում մեր հասարակությունը մինչև հիմա ումի՞ց է դժգոհում:

Ուստի, հարգանքով հանդերձ դատաիրավական համակարգի բոլոր բարեխիղճ ներկայացուցիչների հանդեպ, գտնում եմ, որ եթե իսկապես ցանկանում ենք ստեղծել որակապես իր անվանմանն ու կոչմանը հարիր դատարան, ուրեմն գործող դատաիրավական համակարգի որևէ ներկայացուցիչ չպետք է ունենա հնարավորություն դառնալու հակակոռուպցիոն դատարանի դատավոր:

Մենք ունենք բազմաթիվ բարեխիղճ, պրոֆեսիոնալ կարողություններով օժտված իրավաբաններ, գիտնականներ, որոնք կարող են ստանձնել այս ահռելի գերկարևոր առաքելությունը և իսկական բեկում մտցնել արդարադատության իրականացման գործընթացում՝ փոխելով դատարանների նկատմամբ հանրային ընկալումը:
Հակառակ դեպքում, վստահ եմ՝ որոշ ժամանակ անց ունենալու ենք նույն վիճակը:

3. Նախագծերով սահմանվել է, որ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման գործընթացին ներգրավվում է 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող երեք անձ, որոնց կարծիքները ԲԴԽ անդամները հաշվի են առնելու դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակը կազմելու համար քվեարկությունն իրականացնելիս:

Տարօրինակ նորամուծություն է: Ստացվում է, որ հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու համար անհրաժեշտ են բավականին խիստ պահանջներ ու չափորոշիչներ, փորձառություն, պրոֆեսիոնալ կարողությունների առկայություն, սակայն այդ դատավորներին ընտրելու գործում կարող են ներգրավվել մարդիկ, որոնք որևէ հասարակական կազմակերպությունում երեք և ավելի տարի զբաղված են եղել կոռուպցիոն թեմաներով ուսումնասիրմամբ կամ դրանց մասին հրապարակումներով: Կարծում եմ, որ փորձագետների ինստիտուտի ներգրավմամբ խաթարվում է Բարձրագույն դատական խորհրդի անկախությունը, կոպտորեն խախտվում է ՀՀ սահմանադրության 175-րդ հոդվածի պահանջները և կասկածի տակ է դրվում նրա բուն սահմանադրական առաքելության՝ դատարանների և դատավորների անկախության երաշխավորի կարգավիճակը:

4. Հակակոռուպցիոն դատարանի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար նախագծերի փաթեթով առաջարկվում է նախատեսել այլ դատավորների համեմատությամբ ավելի բարձր աշխատավարձ:
Սխալ մոտեցում է: Հակակոռուպցիոն դատարանը չի կարող իր կարգավիճակով տարբերվել այլ մասնագիտացված դատարաններից: Այսպիսի մոտեցումը ոչ միայն անառողջ մթնոլորտ կստեղծի բուն դատական համակարգում, այլ հանրության մոտ այս դատարանի վերաբերյալ կձևավորվի ՛՛Արտոնյալի՛՛ համբավ՝ դրա բոլոր հետևանքներով հանդերձ: Ավելին, դեռևս մեծ հարց է, թե արդյո՞ք որևէ կոռուպցիոն բնույթի հանցագործության վարույթի դեպքում է ավելի դժվար արդարադատություն իրականացնել, դիցուկ՝ որևէ մարզպետի կամ նախարարի կողմից կաշառք ստանալու մասին, թե՞ ընտանեկան գործերով՝ երեխայի բնակության վայրը որոշելու պահանջի մասին վարույթը, որի պայմաններում երբեմն խեղվում են երեխաների ճակատագրերը:

Հ.Գ. ՀՀ կառավարությունը 2019թ. հոկտեմբերի 10-ին ընդունված թիվ 1332-Ն որոշմամբ հաստատել է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2019-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ:
Այն բավականին ծավալուն փաստաթուղթ է, որով կատարվել է հակակոռուպցիոն քաղաքականության ընթացիկ իրավիճակի վերլուծություն, գնահատվել է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2015-2018 թթ. միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև կոռուպցիայի ընկալումը հասարակության շրջանում, սահմանվել է հակակոռուպցիոն ռազմավարության նպատակն ու խնդիրները, ինստիտուցիոնալ համակարգը, ռազմավարական ուղղությունները, կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը, հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկումը:

Ի՛նչ խոսք, ընդունված ռազմավարությամբ սահմանվել են հրաշալի նպատակներ և տրվել են բավականին ընդունելի ձևակերպումներ:
Բայց բոլորի համար էլ հասկանալի է, որ միայն ընդունված ռազմավարությունը բավարար չէ հասնելու այդ փաստաթղթով ամրագրված նպատակների իրագործմանը:
Այո՛, պետք է ստեղծել իրապես կոռուպցիայից զերծ հանրություն, և այս ոլորտում անհրաժեշտ է իրականացնել իսկական ԲԵԿՈՒՄ:

Գոնե իմ համոզմամբ խնդիրը ինչ-որ տեղ պետք է փնտրել նաև հասարակության ներսում:
Կոռուպցիայի տարբեր դսևորումների նկատմամբ դեռևս գայթակղություն ունեցող հասարակության պայմաններում գրեթե անհնար է օգտագործել մի գործիք, որն ամբողջությամբ քանդելու է կոռուպցիան:

Գրեթե վստահ եմ, որ եթե կոռուպցիայից զերծ իշխանությունը հաստատի խաղի արդար կանոններ և այդ ուղերձը դարձնի անշրջելի, հասարակությունը շատ արագ կհամակերպվի հատատված խաղի նոր կանոնների հետ և այն կձևակերպվի որպես հասարակական հարաբերությունների կարգավորման վարքագիծ:

Բայց շատ կարևոր է, որ ամենից առաջ արմատախիլ արվի քաղաքական կոռուպցիան, և իշխանության ձևավորման սահմանադրական կարգավորումը դառնա կյանքի նորմ ու անշրջելի գործընթաց:

Սա լրջագույն հարց է, և նոր ձևավորվող քաղաքկական համակարգը պետք է պատրաստ լինի լուծելու այս հարցը:
Միայն քաղաքական կոռուպցիայի իսպառ վերացման դեպքում հնարավորություն կստեղծվի ստեղծելու իրապես կոռուպցիայից զերծ հասարակություն դատական իշխանություն, որից հետո տեղի կունենա իսկական ԲԵԿՈՒՄ, և երկիրը կսկսի շարժվել առաջ: