Վարչապետը քաղաքական ուժերին կոչ արեց դադարեցնել ակցիաները և քննարկումներ սկսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը ավարտվեց Գարեգին Նժդեհի հրապարակում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դիմելով իր համակիրներին՝ Փաշինյանը նշեց, որ այսօրվա առաքելությունն իրենք կատարեցին՝ արձանագրելով տասնյակ հազարավոր քաղաքացիների դիրքորոշումը:

«Դիրքորոշումը հետևյալն է՝ հանրապետության նախագահը, կարծում եմ, պետք է ստորագրի գլխավոր շտաբի պետին ազատելու հրամանագիրը, կամ Օնիկ Գասպարյանն ինքը պետք է դիմում գրի հեռանալու վերաբերյալ: 

Երկրորդ՝ այս պահից մենք մեր ակցիաները դադարեցնում ենք և առաջարկում ենք, որ մեր ընդդիմադիր գործընկերները նույնպես դադարեցնեն: Քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հրավիրում ենք քննարկումների հետագա անելիքների վերաբերյալ: Հետագա անելիքների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով: 

Հիմա ես կգնամ Կառավարություն, մի քանի խորհրդակցություններ կանենք և կկայացնենք անհրաժեշտ որոշումներ: Մեր կարգախոսը հետևյալն է՝ «վերջ թավիշին»: Բոլորը հնարավորությունները ստացան՝ ով օգտագործեց իր հնարավորությունը, օգտագործեց, ով չօգտագործեց, չօգտագործեց՝ պետք է ժողովրդի կամքը կատարվի»,- ընդգծեց Փաշինյանը:

Վերջում նա կոչ արեց կրկին մեկ րոպե լռությամբ հարգել պատերազմի հետևանքով զոհված մեր հայորդիների հիշատակը: