«ՌԴ-ն հստակ ասում է, որ Արցախ գոյություն չունի, դա խաղաղապահների պատասխանատվության գոտի է». ի՞նչ ուղերձներ հղեց Լավրովը. քաղաքագետ

Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանը

Պարո՛ն Պողոսյան, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի հարցը նոյեմբերի 9-ի փաստաթղթում չի ֆիքսվել, որպեսզի հետագայում այն քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Ի՞նչ հնարավորություններ եք տեսնում այս հարցով։

– Ռուսաստանի հայտարարությունը նշանակում է երկու բան. առաջինը՝ որ Ռուսաստանը ցանկանում է արդեն այս ստեղծված իրավիճակում պատասխանատվությունն ամբողջովին իր վրա չվերցնել, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի հետ կապված։

Չնայած նոյեմբերի 9-ի հայտարարության հետ Մինսկի խումբը փաստացի կապ չուներ, դա լրիվ ռուսական գործողություն է՝ ամենայն հավանականությամբ համաձայնեցված նաև Թուրքիայի հետ, բայց հիմա, երբ արդեն հայկական կողմի համար որոշ կարևոր հարցեր մնացել են կարգավիճակի հետ կապված, Ռուսաստանը չի ցանկանում, որպեսզի մենք անընդհատ իրեն դիմենք կամ գանգատվենք՝ ասելով, որ «ինչպես այս սուպը եփեցիր, հիմա էլ փորձիր մնացած հարցերը կարգավորել»։

Դրա համար հիմա իրենք արդեն հիշել են, որ կան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, և կարգավիճակի հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ինչը նշանակում է, որ այդ կարգավիճակի լուծման հարցով որևէ առաջընթացի բացակայության դեպքում պատասխանատվությունը միայն իր վրա չի լինի։

Իսկ ես գրեթե վստահ եմ, որ կարգավիճակի հարցով ոչ մի առաջընթաց չի լինելու, որովհետև Ադրբեջանը հստակ հայտարարում է, որ ինքը Հայաստանի հետ ո՛չ երկկողմ, ո՛չ էլ բազմակողմ ձևաչափերով Արցախի հարց այլևս մտադիր չէ քննարկել։ Եվ պարզ է, որ հիմա չկա որևէ ուժ, որը կարող է ստիպել Ադրբեջանին իր դիրքորոշումը փոխել։

– Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրները՝ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն է՞լ չեն կարող ազդել այս հարցով։

– Եկեք ֆիքսենք, որ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի համար Արցախը, Հայաստանը և, ընդհանրապես, Հարավային Կովկասը թիվ մեկ առաջնահերթությունը չեն։ Երկու օրից ԱՄՆ-ում նոր նախագահն է ստանձնելու իր պաշտոնը։

Նրան առնվազն 2-3 ամիս է անհրաժեշտ, որպեսզի իր արտաքին քաղաքականությունը ֆիքսի։ Հետևաբար, չպետք է ակնկալել, որ բոլորն իրենց ուշադրությունը կենտրոնացնելու են մեր տարածաշրջանի վրա։

Երկրորդ՝ Ադրբեջանի դիրքորոշումը շատ հստակ է, և Ադրբեջանը չի հայտարարում, թե ինքը դեմ է Մինսկի խմբին կամ պահանջում է Մինսկի խմբի կասեցում։

Ադրբեջանը կասի՝ այո՛, Մինսկի խումբը կարող է շարունակել իր աշխատանքը, եթե ուզում եք, կարող ենք խոսել հայ-ադրբեջանական հաշտության, կողք կողքի ապրելու մասին, ինչի մասին նաև ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ ինչպես նախկինում էին մարդիկ իրար հետ խաղաղ ապրում, այնպես էլ պետք է հետագայում ապրեն։

Այսինքն՝ Ադրբեջանն այս հարցերը կքննարկի, բայց Արցախի կարգավիճակի հարցը չի քննարկի։ Իսկ եթե մենք սկսենք դժգոհել ու մեր գանգատներն ուղղել Ռուսաստանին, պարզ է, որ այնտեղ առանձնապես ցանկություն չունեն մեր գանգատները լսելու, դրա համար կասեն՝ կա ԵԱՀԿ Մինսկի խումբ, գնացեք ու նաև ԱՄՆ-ին ու Ֆրանսիային գանգատվեք։ Այսինքն՝ ՌԴ քաղաքականությունը պարզ է՝ ստեղծված իրավիճակում ներգրավել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, որ հետո մեր գանգատները միայն իրեն ուղղված չլինեն, այլ ուղղված լինեն նաև Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրներին։

Լավրովը նաև ասաց, որ Ռուսաստանն էլ մտադիր չէ ճանաչել Արցախի անկախությունը, ու նաև ասաց, որ մտադիր չեն ՌԴ կազմ ներառել Ղարաբաղը։ Սա ի՞նչ է նշանակում։

– Լավրովը հստակ ֆիքսեց, թե Ռուսաստանն ինչպես է տեսնում Արցախի կարգավիճակը։ Նա ասաց՝ այդ տարածքի կարգավիճակը կոչվում է խաղաղապահների պատասխանատվության գոտի։

Շեշտեց, որ այսօր Արցախի կարգավիճակը դա է։ Հետևաբար, պարզ է, որ որևէ հանրապետության մասին խոսելն անիմաստ է դառնում Ռուսաստանի տեսանկյունից։

Նրանց համար Արցախի Հանրապետություն չկա, նախկինում էլ չկար, որովհետև չէին ճանաչում, բայց հիմա ընդհանրապես չկա։

Այսինքն՝ ՌԴ-ն հստակ ասում է, որ Արցախի Հանրապետություն գոյություն չունի, եթե դուք՝ հայերդ, ցանկանում եք պահպանել այդ որոշակի ատրիբուտները, այսինքն՝ ունենալ Արցախի նախագահ, Ազգային ժողով, 32 հոգով հավաքվեք այդ ԱԺ շենքում, ձեզ կոչեք ԱԺ, քննարկեք, որոշումներ ընդունեք, սակայն Ռուսաստանի համար կա խաղաղապահների պատասխանատվության գոտի, և այս կարգավիճակը կարող է շարունակվել բավական երկար։

Այսինքն՝ դե յուրե դա Ադրբեջանի տարածք է, դե ֆակտո վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից։ Եվ եթե տարածաշրջանային կատակլիզմներ չլինեն, այդպես կլինի մինչև խաղաղապահների հնգամյա ժամկետի ավարտը՝ 2025 թվականը։

– Ռուսական կողմն անընդհատ հայտարարում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները կատարվում են։ Բայց մենք փաստացի տեսնում ենք, որ Հայաստանի համար շատ կարևոր՝ գերիների հարցով այս փաստաթուղթը խախտվում է։ Ի՞նչ անել այս իրավիճակում։

– Ոչ միայն այդ փաստաթղթի 8-րդ կետը չի կատարվում, որը գերիներին է վերաբերում, չնայած Լավրովը այդ հարցում մեղադրեց Հայաստանի իշխանություններին՝ ասելով, որ ոչ լիարժեք թվեր են ներկայացրել, այլ նաև հայտարարության 1-ին կետն էլ չի կատարվում։

Չմոռանանք, որ հայտարարության 1-ին կետում ֆիքսված էր, որ կողմերը մնում են այնտեղ, որտեղ կանգնած էին նոյեմբերի 9-ի դրությամբ։

Իսկ մենք գիտենք, որ Սյունիքի մարզում հայկական ուժերը կանգնած էին Խորհրդային Ադրբեջան և Խորհրդային Հայաստան վարչական սահմանից 20-25 կմ առաջ։ Մինչդեռ անհասկանալի հիմնավորումներով հրամաններ տրվեցին, և մեր զինված ուժերն ու կամավորները հետ գնացին։

Դրան գումարած Հադրութի շրջանի մի քանի գյուղերը, որոնք փաստացի մեր վերահսկողության տակ էին, բայց դեկտեմբերի 12-ից փոխանցվեցին Ադրբեջանին։ Հետևաբար, ոչ միայն 8-րդ կետն է խախտվում, այլև արդեն խախտվել է 1-ին կետը։

Բայց այստեղ խնդիրն այն է, որ սովորաբար նման հայտարարություններում կամ նմանատիպ մեխանիզմների գործարկման ժամանակ նաև ստեղծվում է դժգոհությունների քննարկման մեխանիզմ։

Այսինքն՝ եթե կողմերից մեկը գտնում է, որ հակառակ կողմն ինչ-որ կետեր չի կատարում, օրինակ՝ եռակողմ հանձնաժողով է ստեղծվում, որին կարող է դիմել դժգոհող կողմը։ Այս հայտարարության մեջ նմանատիպ մեխանիզմ չի ստեղծվել, այսինքն՝ չկա մեխանիզմ, որ Հայաստանը գոնե կարողանա բողոք ներկայացնել, ասել, որ այս կետերը խախտվել են։ 

Հետևաբար, ունենք իրավիճակ, որ Ադրբեջանը խախտում է որոշակի կետեր, մեր միակ մեխանիզմը Ռուսաստանին գանգատվելն է, իսկ Ռուսաստանում էլ առանձնապես ցանկություն չունեն անընդհատ մեր գանգատները լսել, փորձում են Մինսկի խումբն ակտիվացնել։

Ի՞նչ կարող է անել այս պայմաններում հայկական կողմը։

– Օրինակ՝ կարելի էր բարձրացնել այդ մեխանիզմների ստեղծման հարցը, կարելի էր փորձել Սյունիքում այդ անվտանգության գոտիներից հետ չքաշվել ու ասել, որ դա համարում ենք 1-ին կետի խախտում։ Այս պարագայում, երբ արդեն տվել ենք ամեն ինչ, ի՞նչ ռեսուրս ունենք որևէ բան անելու։

Միակ բանը, որ կարող ենք անել, այն է, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է մեր գերիներին վերադարձնել, մենք պետք է վերցնենք ադրբեջանցի 120 ռազմագերի և ասենք՝ դուք չեք տալիս մեր գերիներին, մենք չենք տալիս ձեր գերիներին։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am