Ավտովթարից հետո ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու գործի մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան

Լոռու մարզի դատախազությունում հաստատվել է Մարց գյուղի մոտ օգոստոսի 14-ին փայտանյութով բարձված մեքենայի ողբերգական ավտովթարից հետո մի խումբ անձանց կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու մասով քրեական գործի մեղադրական եզրակացությունը, և քրեական գործը, ըստ մեղադրանքի 4 անձի, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության:

Այդ մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում։

Պատշաճ դատախազական հսկողության ներքո Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների գնահատմամբ Վ. Վ.-ին, Մ. Ս.-ին, Վ. Ք-ին և Ա.Բ.-ին մեղադրանքներ են առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, վերջին երկուսին՝ նաև դիտավորությամբ գույք վնասելու և խոշոր չափերով վնաս պատճառելու համար: Քրեական գործի մյուս մասով, որով նույնաբնույթ արարքներ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավված ևս 3 անձ, նախաքննությունը շարունակվում է։

Միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչություն, մասնակցություն ունեցած այլ անձանց ևս պարզելու և բոլորի արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: