Հայաստանի մայրամուտը․ բարի գալուստ ո՞ւր

Վահրամ Թոքմաջյան

Նախապես այլ էր որոշված այս փոքրիկ ակնարկի վերտառությունը։ Այն կարող էր լինել «Հայաստանի վախճանը», «Հայաստանի վախճա՞նը», «Բարի գալուստ Ռուսաստան» կամ՝ երկուսը մեկում։ Սակայն օրվա դաժան գույներին մեր կողմից հավելում չանենք։ 

Արցախյան երկրորդ պատերազմի ծանր պարտության հետևանքները մենք դեռ երկար ենք կրելու։ Եթե կուզեք՝ տասնամյակներով։ Ողբերգական և ծանր կորուստների մասին շատ է խոսվել, ուստի չեմ անդրադառնա նորեն, քանի որ այդ ամենը դեռ հիշողություն չի դարձել ու թարմ է` արյուն հորդացող վերքի նման։ 

Արցախյան պատերազմի պարտության ծանրագույն հետևանքները միայն մարդկային ու տնտեսական չեն։ Կասկածի տակ է Հայաստանի Հանրապետության գոյությունն ընդհանրապես։

Բնավ ողբերգակ դառնալու միտում չունեմ։ Խոսքը ոչ թե Հայաստանի Հանրապետություն միջազգային իրավունքի սուբյեկտ չգոյության մասին է, դա դեռ պետք է որոշ կենտրոնների, այլ՝ ինքնիշխանության մնացուկների հիմնահատակ կորստի։ Սա մեզ սպառնում է շատ մոտ ապագայում, եթե խելքներս գլուխներս չհավաքենք ու շատ արագ կտրուկ լուծումներ չգտնենք։

Որքան էլ տարօրինակ է, սուբյեկտայնության խոր կորուստը դեռ կարող է երանելի թվալ այն կոչերի ֆոնին, որոնք հնչում են վերջին օրերին՝ հայկական ու ռուսական որոշ շրջանակների կողմից։ 

Մարդիկ անթաքույց խոսում են Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտցնելու մասին։ Այս խոսակցություններն առաջ են գալիս բոլոր ճգնաժամային իրավիճակներում։ Ստուգում են հանրային տրամադրություններ՝ նախապես պատրաստելով համապատասխան հիմքեր։

Ազատականները, արևմտամետները, ժողովրդավարական արժեքների կողմնակիցները և այլք հռչակվում են գործակալներ, և դա արվում է համապատասխան գործակալական ցանցի միջոցով։ Տարօրինակ է, չէ՞, բայց ասեմ, որ շատերը կերել են այդ խայծը, շատերն այդ ձեռնածությունների ազդեցության տակ են ու դեռ կշարունակեն մնալ։

«Իրական հայրենասերներ» ինքնահռչակվածների զգալի մասը զարմանալի զուգադիպությամբ խիստ ռուսասեր է, ու ինչ-որ պահի ռուսասիրությունն ու հայրենասիրությունը դառնում են հոմանիշներ։

Սա վաղուց տարվող քաղաքական, վարքաբանական ու քարոզչական գիծ է, որի հետևանքներն այսօր արդեն ավելի քան ակնառու են։

Բնավ միտում չունեմ ինչ-որ ՀԱԿԱ տրամադրություններ ձևավորելու, այդ թվում՝ հակառուսական։ Հատկապես այս իրավիճակում դա կլիներ քաղաքական անմեղսունակություն։ Բնականաբար հասկանալի է նաև Ռուսաստանի մոտեցումը։

Գերտերություն է, որը երբեք չի թաքցրել իր հավակնությունները։ Ավելին՝ առաջին դեմքի մակարդակով ԽՍՀՄ փլուզումը համարել է 20-րդ դարի մեծագույն սխալը և ողբերգությունը։ 

Իսկ մեր միջավայրում անկախությունից հետո այդ մասին խոսել են կոմունիստները։ Ես նրանց չեմ մեղադրում։ Հետագայում, եթե հիշողությունս չի դավաճանում, այս թեզը շրջանառության մեջ դրեց Արտաշես Գեղամյանը։ Սկզբում՝ «ռուբլու գոտի» փաթեթավորմամբ, իսկ ավելի ուշ՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս միության ստեղծման անթաքույց առաջարկով։ 

Պարտություններն ամենապարարտ միջավայրն են սթափությունը կորցնելու և «փրկիչներ գտնելու», ինչին մենք հիմա ականատես ենք լինում։

Ուստի պատահական չէ, երբ պատերազմի ժամանակ իբրև կիբեռպատերազմ մղող, բազմահազար անդամներ ունեցող ֆեյսբուքյան խումբն է առաջ քաշում այդ օրակարգը, հետո՝ ինչ-որ անհատներ, որոնց գալիս է լրացնելու ՌԴ Պետական դումայի պատգամավորը՝ անուղղակի հայտարարությամբ, իսկ ողբերգությանը հմայք է հաղորդում արևմտամետ հռչակված ուժի առաջնորդը։

Սակայն չշտապենք, քանի որ ուղիղ կոչեր արդեն հնչում են հայոց երեսփոխանաց դասից։ Իսկ Արցախի ԱԽ քարտուղարը չի բացառում ռուսական անձնագրեր ունենալու հարցը։ Այդ դեպքում ինչի՞ համար էր 30-ամյա պատերազմը։

Ես հույս չունեմ իշխանություններից։ Նրանք վաղուց չեն հասկանում երկրի գահավիժման աստիճանը։ Հույս չունեմ նաև 16-ից կամ 17-ից, հատկապես այս թեմայում նրանք ավելի քան լոյալ են։ Բայց չգիտեմ նաև, թե ումից հուսալ որևէ բան։ Թերևս հույսի վերջին առանցքը հայի հետին խելքն է կամ ազգի՝ անկախության զգացողության մաշկի շնչառությունը։ 

Ինչի՞ սպասենք՝ նոր 88-ի՞, թե՞ ինչ-որ դրվագում կզգանք լրջանալու պահը։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am