«Ադրբեջանը համարձակվեց գերիների հարցով մերժել Ռուսաստանին՝ Հայաստանում լարվածությունը մեծացնելու համար». Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը

Պարո՛ն Գրիգորյան, գերիների վերադարձի խնդիրը չի լուծվում։ Բաքվից դատարկ ինքնաթիռի ժամանումից հետո Հայաստանում իրավիճակը լարվել է, գերեվարվածների հարազատները իշխանություններից բացատրություններ են պահանջում։ Ի՞նչ է կատարվում։

– Իրոք մտահոգիչ է, որ գերիների հարցը չի լուծվում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում, որ մշտական լարվածություն պահի Հայաստանի ներսում, քանի որ գերիների հարազատներն ու ծնողները նյարդայնացած են, բողոքի ակցիաներ են անում։ Այստեղ նաև Ռուսաստանի դերն է շատ կարևոր։ Ի վերջո, Ռուսաստանն է միջնորդն այդ մեծ պրոցեսի։

Ռուսաստանն ասաց՝ «Մինսկի խումբ, Ֆրանսիա, ԱՄՆ, դուք չկաք, մենք ինքներս թուրքերի հետ կլուծենք խնդիրները»։ Ստանձնեցին պարտավորություն, նոյեմբերի 9-ին ստորագրեցին հայտարարություն։ Ուրեմն, նաև Ռուսաստանի պատասխանատվության հարցը այստեղ կա։ Եվ ինչքան ես հասկացա Նիկոլ Փաշինյանի այցից, Պուտինի հետ հանդիպումից ու հայտարարություններից, գերիների հարցն իրոք մտահոգում է նաև Ռուսաստանին, քանի որ դա իրենց պատիվն է։

Եվ այստեղ երկու տարբերակ կա. առաջին՝ Ռուսաստանն էլ էր ուզում բերել գերիներին, դրա համար գեներալ Մուրադովին ուղարկեցին Բաքու, բայց Ադրբեջանը մերժեց, որպեսզի Հայաստանում լարվածությունը մեծանա։ Կա նաև երկրորդ տարբերակը՝ միգուցե նաև այդ խաղի մեջ Ռուսաստանը կա։

Միգուցե հասկանալով, որ եթե չլուծվի գերիների հարցը, այսօրվա իշխանությունների շուրջ իրավիճակն ավելի լարված կլինի, և ինչ-որ հարցեր ու մոտեցումներ, որոնք ՌԴ-ն ունի Հայաստանի հետ կապված, միգուցե կարելի է իրացնել։

Ես սա չեմ համարում գլխավոր տարբերակ, իմ կարծիքով՝ գլխավոր տարբերակն այն է, որ Ադրբեջանը նույնիսկ Ռուսաստանին համարձակվեց մերժել՝ Հայաստանում լարվածությունը մեծացնելու համար։ Բայց ոչ մի բան չի կարելի բացառել։ Մյուս վարկածն էլ այն է, որ միգուցե այդ ինքնաթիռն ամենևին էլ այդ նպատակով չէր գնացել Բաքու։

Ինձ հետաքրքիր է մի բան՝ Ադրբեջանը համարձակվեց մերժել, ինչո՞ւ համարձակվեց, եթե Ռուսաստանը այս մեծ պրոցեսի միջնորդ է, խաղաղության երաշխավոր է կոնֆլիկտի գոտում։ Ուրեմն, Ռուսաստանի գործոնն ավելի թույլ է, չկարողացավ ստիպել Ադրբեջանին, ուրեմն Ռուսաստանը պետք է եզրակացություն անի։

– Երբ ասում եք՝ «միգուցե այս խաղի մեջ Ռուսաստանն էլ կա», արդյոք դա նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանն ընտրությունների նախաշեմին այսպիսի մեթոդներով փորձում է ինչ-որ հարցեր լուծել Հայաստանում։

– Ես չեմ կարող հստակ ասել։ Ավելին, ես համոզված չեմ, որ ընտրություններ կանցկացվեն։ Այն, որ հայտարարված են ընտրություններ, դա ճիշտ ճանապարհ է, բայց այն լարվածությունը, որը շարունակվում է, դրա ֆոնին չեմ պատկերացնում՝ իշխանությունները կկարողանա՞ն անցկացնել ընտրություններ։

Այս լարված իրավիճակի փաստն ինքնին չի հուշում, որ ընտրություններ ընդհանրապես կկարողանան անցկացնել։ Իրավիճակը լարված է հետևյալ գործոններով պայմանավորված՝ սոցիալական վիճակն է ծանր, կառավարությունն ակտիվ չի աշխատում։ Գոնե ես չեմ տեսնում ակտիվ համագործակցություն ԱՄՆ-ի, Չինաստանի, Եվրամիության հետ, որ այն ձախողումները, որոնք մենք ունենք, մի քիչ կարողանանք փակել։

Այսինքն՝ բազմավեկտոր քաղաքականություն պետք է վարել, որն այսօր չկա՞։

– Այո՛, ես բազմավեկտոր քաղաքականությունը չեմ տեսնում։ Ավելին ասեմ, եթե նույնիսկ գործող իշխանությունները «ստավկա» են անում Ռուսաստանի վրա, այստեղ էլ ես չեմ տեսնում գործողություններ։

Լավ, ենթադրենք՝ իշխանությունները հասել են մի այնպիսի իրավիճակի, որ այլ տարբերակ չկա, Ռուսաստանի հետ պետք է աշխատել։ Դե աշխատեք Ռուսաստանի հետ։ Հիմա հարցն այն չէ՝ ով է լավ, ով վատ, ում հետ պետք է աշխատել, ում հետ՝ ոչ։ Պետք է աշխատես և՛ միջազգային հանրության, և՛ Ռուսաստանի հետ։ Ես համոզված չեմ, որ դա արվում է։

– Ինչո՞ւ։

– Տարբեր պատճառներով։ Պարզ է, պատերազմից հետո իշխանությունը «նոկաուտի» մեջ է։ Հազար ու մի պրոբլեմ կա, որոնց համար մենք այսօր քննադատում ենք այս իշխանությանը։ Բայց այս ճգնաժամը պետք է հուշի ճիշտ ելքեր։ Այդ ելքերից մեկը պառլամենտական արտահերթ ընտրություններն են։ Հիմա հայտարարեցին, որ իբր պետք է ընտրություններ լինեն։ Բայց, կրկնում եմ՝ այն լարվածությունը, որը կա, ես չեմ կարծում, որ թույլ կտա ընտրություններ անցկացնել։

Իշխանությանն իմ խորհուրդը հետևյալն է՝ պետք չէ խոստումներ տալ։ Օրինակ՝ նույն գերիների հետ կապված հարցում, ես հասկանում եմ, իշխանությունները ոգևորվեցին, միգուցե Պուտինի հետ հանդիպումից սպասելիքներ ունեին, բայց պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ինքնուրույն խաղեր էլ է տալիս։ Ես գրեթե կասկած չունեմ, որ Ադրբեջանը չտվեց գերիներին ոչ թե որ իրենք մերժում են Պուտինին, այլ հենց նրա համար, որ Հայաստանում լարվածությունը մեծ լինի։

Կան դասական քայլեր, որոնք պետք է արվեն, որպեսզի դուրս գանք այս իրավիճակից՝ աշխատել Չինաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության հետ։

Հատկապես որ վերջին շրջանում ԱՄՆ-ից կարծես մեսիջներ կան։

– Այդ մարդիկ հոգնեցին մեսիջ ուղարկելով։ Չինաստանն էլ է պատրաստ մեզ հետ աշխատելու։ Աշխատե՛ք, էլի։ Հասկանում ենք, որ Ռուսաստանի հետ աշխատում եք, ոչ ոք չի վիճարկում, որ գլխավոր գործընկերն է Ռուսաստանը, բայց նույն Եվրամիության հետ էլ կարելի է աշխատել սոցիալ-տնտեսական դաշտում։ Նրանք պատրաստ են մեզ աջակցելու։ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցություն տրամադրելու Ղարաբաղի հարցում, որ բանակցային պրոցեսը վերադառնա ԵԱՀԿ Մինսկի խումբ։

Ուրեմն, ես կոչ եմ անում կառավարությանը՝ մի քիչ ակտիվացե՛ք, մտածե՛ք, թե ինչ պետք է անեք։ Ընտրությունների նախաշեմին այս սրումը կարող է խորանալ, եթե արանքում հարցերը չեն լուծվում։ Այդ սրումն այնքան կխորանա, որ վաղը չես կարողանալու ընտրություն անցկացնել։

Պատկերացնո՞ւմ եք՝ մենք գնանք արտահերթ ընտրությունների ու հետո ոչ լեգիտիմ դաշտ մտնենք, չկարողանանք նորմալ կազմակերպել, և երկրում սկսվի ապակայունացումը։ Հիմա ամեն ինչ խարսխված է նրա վրա, որ, այնուամենայնիվ, կառավարությունն ընտրված է ժողովրդի կողմից։ Կառավարության լեգիտիմությունն այսօր էլ բավական բարձր է, և դա է երաշխիքը, որ երկրում վիճակը կայուն է, ծանր է, բայց կայուն։

Նաև ես առաջարկում եմ մեր կառավարությանն այս բոլոր գործընթացներին նայել լայն համատեքստում, օրինակ՝ ԱՊՀ երկրների մեծ տարածքում ինչ է կատարվում։ Մի՛ կենտրոնացեք միայն Հարավային Կովկասի ու Ղարաբաղի հարցի վրա։ Օրինակ՝ հիմա բավական լուրջ սրում է գնում Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերություններում։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am